Կոռուպցիոն չկազմաքանդված համակարգը շարունակում է թալանը

Կոռուպցիոն չկազմաքանդված համակարգը շարունակում է թալանը

Մաս 2

Փորձենք հասկանալ, թե ինչու հասանք այս հանգրվանին, եւ կա՞ հնարավորություն՝ իրավիճակը շտկելու։

Իրավաքաղաքական անհետեվողականությունը

• Նոր իշխանության հիմնական  բացթողումն է, որ առանց  ընտրական   եւ կուսակցությունների մասին օրենքների փոփոխության, Մուկուչյանի քավորությամբ, հապճեպ անցկացվեցին արտահերթ ԱԺ ընտրություններ, որի արդյունքում ընտրվածներից ավելի քան 50 տոկոսը նախկին ռեժիմի հետ այս կամ այն ձեւով առնչված մարդիկ են, իսկ մի մասը սպասարկել է, ավելին՝ քիչ չեն նաեւ հայտնի թալանչիների զավակները, ընդ որում նրանցից մեծ մասը, ինչպես նաեւ պետական համակարգում ընդգրկվածներից շատերը,  այս կամ  այն ձեւով խուսափել են բանակում ծառայելուց։ Իսկ հեղափոխության աջակից ու մասնակից քաղաքական ուժերը եւ գործիչները, բացառությամբ ՀԱԿ-ի, ոչ միայն լուսանցք մղվեցին, այլեւ ենթարկվում են քաղաքական ռասիզմի, որի վկայությունն է Արմեն Մարտիրոսյանի արտագաղթը։
• Անհասկանալի հիմնավորումներով, չի տրվում նախորդ ռեժիմի իրավաքաղաքական գնահատականը, չի ներդրվում եւ չի իրականացվում անցումային արդարադատություն։

Հեղափոխական իշխանության ոչ հեղափոխական գործելաոճը

Գործող իշխանությունների թերություններից է նաեւ այն, որ թավիշը չափից ավելի է, մասնավորապես՝ որոշ խոշոր թալանչիներին «բռնել, բաց թողնելու»  անհասկանալի գործելաոճը, իսկ թալանչիների մեծ մասը ոչ միայն ազատության մեջ է, այլեւ վերսկսել է թալանել ժողովրդին։ Գնալով տպավորություն է ձեւավորվում, որ ժողովրդից ու պետությունից թալանած տասնյակ միլիարդավոր դոլարների վերականգնումը հարցականի տակ է դրված, առանց  որի բացառվում է արդարության եւ համերաշխության հաստատումը, ինչը հեղափոխության հիմնական առաքելություններից էր։

Ավելին՝ պաշտոնատար անձինք, որոնք ֆինանսական չարաշահումների համար քրեական հոդվածներով հայտնվել էին անազատության մեջ, որոշ ժամանակ անց վերականգնվել են իրենց նախկին աշխատանքներում կամ պետական կառավարման համակարգում, ինչն ազդակներ էր հղում կոռուպցիոներներին՝ գնալ ռիսկի, շարունակել թալանը, բռնվելու դեպքում թավիշի տրամաբանությամբ կփոխհատուցեն գողոնի չնչին մասը եւ կհայտնվեն ազատության մեջ։

Իշխանությունների շեղումը բարոյական չափորոշիչներից

Օրվա իշխանությունները, ունենալով բարձր լեգիտիմություն, հանդես գալով ժողովրդի անունից, շատ հաճախ իրականացնում են ժողովրդի սպասելիքներին հակառակ քաղաքականություն, մասնավորապես՝ թոշակները եւ աշխատավարձերը բարձրացնելով 10 տոկոսով (3000-20 000 դրամով), իսկ պատգամավորների, նախարարների եւ բարձրաստիճան չինովնիկների աշխատավարձը կրկնապատկելով (բարձրացնելով 200 000-750 000 դրամով), այն էլ օրենքները շրջանցելով եւ ոչ հրապարակային, ինչով խորացվում են նախկինից եկած անհամաչափությունը եւ բեւեռացումը։ 

Դատավորների աշխատավարձի կտրուկ բարձրացման խնդիր դնելով՝ չի լուծվում դատարանների անկախության եւ կոռուպցիայի բացառման հարցը։ Իսկ  ՍԴ ճգնաժամի լուծման նպատակով ԱԺ-ում ընդունված օրենքը ոչ միայն հակաիրավական է, այլեւ հակաժողովրդական, այն պարզ պատճառով, որ Սահմանադրական դատարանի դատավորների մեծ մասը պետք է պատասխանատվության ենթարկվի նույն քրեական  հոդվածով, ինչով մեղադրվում է Քոչարյանը, որպես նրա հանցակիցներ։ Օրվա իշխանությունները, որին ժողովուրդը ձեռքերի վրա բերեց, 1 տարի 8 ամիս անց տպավորություն է ձեւավորում, որ ավելի շատ մեծահարուստների (օլիգարխների), իշխանավորների շահերն է արտահայտում, բայց, այնուամենայնիվ, ՀՀ շարքային քաղաքացին, հատկապես ունեզրկված շերտը, դեռեւս շարունակում է սատարել նրանց։

Կադրային քաղաքականության կոլապսը

Որպես  իշխանությունների հիմնական բացթողում, որը հանրության կողմից  քննադատվում է, կադրային քաղաքականությունն է, մասնավորապես՝ նախորդ ռեժիմի հանգուցային,  աղաղակող իմիջով կադրերի պահպանումն ու առաջխաղացումը. Հունան Պողոսյանի, Վալերի Օսիպյանի մասին առիթ ունեցել եմ արտահայտվել,  Կենտրոնի քննչական պետի նախկին տեղակալ Աշոտ Հակոբյանին տրանսպորտի նախարար նշանակելը, որը 2007 թվականի հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում ոստիկանության սադրանքից հետո բռնի ուժի կիրառմամբ բերման ենթարկված մի քանի տասնյակ ակտիվիստներից՝ «Չորրորդ իշխանության» խմբագիր Շողեր Մաթեւոսյանի, Նիկոլ Փաշինյանի, իմ եւ երկու տղաներիս նկատմամբ քրեական գործ հարուցած եւ գործը սարքող քննչական խմբի ղեկավարն էր։ Նաեւ փորձում էր հիվանդանոցից բերման ենթարկել եւ կալանավորել իմ տղային, ինչը չխոչընդոտեց նրան՝ դառնալ հեղափոխական կառավարության անդամ։

Անտրամաբանական է նաեւ Գարեգին Բաղրամյանին էներգետիկայի նախարար, հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ նշանակելը, մարդ, որ տարիներ շարունակ մասնակից է եղել ժողովրդի թալանին՝ գազի եւ էլեկտրաէներգիայի չհիմնավորված բարձր սակագների հաստատման միջոցով։ Հին ռեժիմի ամբողջ կադրային բազայի կարկառուն դեմքերին հնարավոր չէ մեկ հոդվածում անդրադառնալ։

Հաջորդ հիմնական կադրային ռեսուրսը երիտասարդությունն է, ինչը եւ տեղավորվում է հեղափոխության տրամաբանության մեջ։ Նկատելի է ճոխության եւ ցոփության տրվող երիտասարդների գերակայությունը, որոնք երկար կդիմանան եւ կբավարարվեն աշխատավարձերի բարձրացումով ու պարգեւավճարներով, իսկ նրանք, որոնք մեծացել են կոռուպցիոն միջավայրում, այդ թվում՝ նորանշանակ  արդարադատության նախարարը, որի կենսագրությունն առանձնանում է երկու դրվագով՝ բանակում չի ծառայել եւ զավակն է բարձրաստիճան ոստիկանի, իր բոլոր կանխատեսելի հետեւանքներով։ Անհասկանալի է, թե ինչու իշխանությունները համառորեն շարունակում են անտեսել հանրային դժգոհությունները կադրային քաղաքականության հարցում։

Արդարության փնտրտուքը շարունակվում է

Անարդար է եւ բարոյական չէ այն մարդկանց, հատկապես երիտասարդների, անտեսված ու արհամարհված  լինելը, որոնք իրենց կյանքի տասնյակ տարիներ պայքարել են մարդակեր ռեժիմի դեմ՝ կրելով տարաբնույթ զրկանքներ։ Անարդարացի է նաեւ նրանցից մեկի՝ Շահեն Հարությունյանի աշխատանքից  հեռացումը։ Այս վիճակը բարոյական արժեհամակարգից դուրս է, եւ վստահ չեմ, որ նման իրավիճակում հնարավոր կլինի երկրում արդարություն հաստատել, իսկ անարդարությունը հիմնական չարորակ ուռուցքն է, ինչն արմատախիլ անելու համար էլ ժողովուրդը ոտքի կանգնեց եւ հաղթեց, իսկ մեկուկես տարի անց մեր հասարակությունը կարծես թե նորից արդարության փնտրտուքի մեջ է հայտնվել։

Այնուամենայնիվ, դեռ ելք կա

Համոզված եմ, որ դեռեւս հնարավորություն կա վիճակը շտկելու, եւ պետք է յուրաքանչյուրից կախված հնարավորն արվի, հատկապես վարչապետից, որպեսզի հեղափոխությունն իրականում հաղթանակի բովանդակային առումով, երկրում հաստատվի արդարություն, եւ այդ  դեպքում հնարավոր է ձեւավորվի իրական համերաշխության  մթնոլորտ, երկրում հաստատվի օրենքի գերակայություն, ինչի դեպքում միայն երկիրը կմտնի կայուն զարգացման  փուլ։

Անցած 1 տարի 8 ամիսը ցույց տվեց, որ Փաշինյանի երիտասարդ թիմն ի զորու չէ լուծել այն մարտահրավերները, որոնք առկա են մեր ժողովրդի առջեւ, ուստի վարչապետը պարտավոր է հետեւություն անել եւ ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն։

ՀԳ․  Արձանագրենք՝ պատմականորեն մեզ բաժին ընկած աշխարհաքաղաքական դիրքի  վտանգավորությունը, առավել եւս պատերազմի սպառնալիքի մեջ գտնվող պետությանը կիսատ-պռատ ցուցադրական մոտեցումներով բավարարվելը հարիր չէ, ավելին՝ պետք է ցուցաբերել համապատասխան լրջություն, զսպվածություն, կառավարման համակարգի կոռուպցիայից, ճոխությունից իսպառ ազատվելու պատրաստակամություն։ 

ՀԳ․ Ահազանգի կարիքը չէր լինի, եթե ինչ-որ ձեւով  քաղաքացիների ձայնը լսելի լիներ իշխանավորներին։

Պետրոս  ՄԱԿԵՅԱՆ
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ