«Հրապարակ». Մենք վերադառնալու ենք խորհրդարան՝ նախ կարմիր գծերը քաշելու օրակարգով

«Հրապարակ». Մենք վերադառնալու ենք խորհրդարան՝ նախ կարմիր գծերը քաշելու օրակարգով

Ընդդիմության անելիքների մասին զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ։

- ՔՊ-ականներն ասում են՝ ընդդիմությունը վախենում է գալ խորհրդարան, Իշխան Սաղաթելյանի խոսքն են հիշեցնում, որ ասել էր՝ տղա են, թող գան, հիմա իրենք են ասում՝ «դե տղա եք, դուք եկեք, մենք ծափ ենք տալիս, դուք թողնում-փախչում եք դահլիճից»։

- Նախ՝ իրենք են թողել-փախել դահլիճից, երեւի էդ ձեւի հարցուպատասխան չի եղել, որ ընդհատվի եւ չշարունակվի։ Էդ օրվա իրադարձությունը եթե թողնել-փախնել են իրենք գնահատում, ուրեմն իսկապես վախեցած են եւ ուրիշ որեւէ արգումենտ չունեն իրականում։ Մենք գնացել էինք էնտեղ միայն մի նպատակով, էդ նպատակին հասնելու համար մեր անհրաժեշտ քայլերը կատարել ենք, իր երեսին, դեմ առ դեմ կանգնած, ասել ենք՝ ինչու պետք է հրաժարական տա, բերելով հիմնականում ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա մեղադրանքներ, եւ էդ հստակ ներկայացումից հետո ասել ենք, որ սրանցից մեկն էլ լինելու պարագայում իրեն հարգող եւ քաղաքակիրթ համարվող որեւէ երկրում վարչապետը հրաժարական կտար։ Դրանից հետո թողել ինքն է դուրս եկել, հետո նիստը չեն շարունակել։ Ասում է՝ կծու-կծու, փառք Աստծու՝ էս իրավիճակից ելնելով ծափ են տվել, էդ ծափն էլ իրենց ներքին տագնապալի վիճակի արտահայտությունն է։

- Դուք ասում եք՝ պետք է հրաժարական տա, իրենք էլ ասում են՝ մենք ընտրված իշխանություն ենք, 680 հազար մարդ ձայն է տվել, դուք էլ պետք է այդքան մարդ կամ առնվազն հոծ բազմություն հավաքեք փողոցում, որ պահանջ լինի իշխանափոխության, քանի որ մի քանի հազար հոգով իրենք իշխանությունից չեն հրաժարվի։

- Էդ նույն իշխանությունը, որ իրենք ստացել են, էդ մանդատը ստանալու ժամանակ իրենք ժողովրդին խաբել են։ Ժողովրդին չեն ներկայացրել ծրագիր, որով նախատեսված էր Ադրբեջանի կազմում թողնել Արցախը եւ էն քայլերը կատարել, որով մեր կենսական զիջումներն են ենթադրում։ Էդպիսի հրապարակային նախաձեռնությամբ եւ պլատֆորմով չեն գնացել ընտրողներին համոզել, որ իրենց ընտրեն։ Ընտրողներն իրենց ձայն են տվել բոլորովին այլ խնդիր լուծելու համար։ Հիմա իրենք հենց էդ առումով լեգիտիմ չեն, ոչ թե 680 հազարի մասին է խոսքը․ 680 հազար՝ գումարած նաեւ մեր ընտրողները, բոլորը միասին ասել են, որ Ղարաբաղի խնդիրը պետք է հայանպաստ լուծումով կարգավորվի, եւ էդ կարգավորման համար ենք բոլորս ձայն ստացել։

- Իսկ այդ խաբված ժողովուրդն ինչո՞ւ այսօր հրապարակում չէ։

- Իսկ ո՞վ ասաց, թե հրապարակում չէ։ Իոաննիսյանի թվերո՞վ եք առաջնորդվում։ Եթե իրենք փորձելու են իրենց Իոաննիսյանի թվերով անընդհատ խաբել, թող փորձեն խաբել։

- Ձեր թվերով՝ քանի՞ մարդ է հավաքվում հրապարակում, ամենաբազմամարդը որքա՞ն է եղել:

- Տարբեր թվեր կարող եմ հրապարակել, բայց առնվազն մի քանի անգամ, կարգով անգամ ավելի է, քան էն, ինչ որ Իոաննիսյանը հայտարարում է։

- Այդ դեպքում ինչո՞ւ իշխանափոխություն չի լինում, եթե այդքան մարդ է հավաքվում։

- Իշխանափոխությունը․․․ ամեն մի ժամանակ իր պրոցեդուրան ունի։ էս շարժումը սինթեզն է լինելու էն իշխանափոխության` ձեւի իմաստով, որովհետեւ բովանդակությունը շատ նման է ամբողջությամբ 88 թվականի իրավիճակին, որովհետեւ էստեղ չեն հավաքվել որեւէ անձի համար, չեն հավաքվել առաջնորդողի կոչով։

- Իշխանությունն ասում է, որ ընդդիմությունը կտրված է իրականությունից, քանզի դուք ասում եք՝ քաղաքը պարալիզացված է, երկիշխանություն է ձեւավորվել երկրում, Նիկոլ այլեւս չկա եւ այլն։ Նրանք ասում են՝ մենք ազատ գնում ենք աշխատանքի, ոչ մի պարալիզացում չկա, ամեն ինչ կարգին է։

- Իրենք կարող է ինչ ասես՝ ասեն, բայց երբ հետեւում ենք այստեղ հավաքված մեր հայրենակիցների տրամադրություններին, տեսնում ենք իրենց համոզումը, որ էսպես շարունակել այլեւս հնարավոր չէ․․․ Կա մասնակցության մի քանի մակարդակ, կան, որ, այո, հավաքվում են հրապարակում, երթեր են անում եւ այլն, էդ թիվն եմ ասում, որ շատ ավելին է, քան իրենց պատկերացրածը։

- Ինչքա՞ն է այդ թիվը, կոնկրետ հաշվարկ ունե՞ք՝ 20 հազար, 30 հազար․․․

- Ես Իոաննիսյանը չեմ, որ առանց հաշվելու կամ սխալ հաշվելով ինչ-որ թվեր ասեմ։ Նախ, տասնյակ հազարների մասին է խոսքը, եւ սա ակնհայտ երեւում է։ Թող վերցնեն՝ մենակ լույսերը հաշվեն, էդ ինչի՞ չի հաշվում, օրինակ, էդ գլխաքանակով, որ հաշվում է։ Մի օր իրեն ասեք՝ հատուկ իր համար հրապարակում հավաքվել էին եւ լույսեր էին վառել, էդ լույսերը գոնե հաշվե՞լ է, 1200-ը չի անցնում, հա՞։

- Իշխան Սաղաթելյանը խոսում է խորհրդարան վերադառնալու մասին, բայց՝ ընդդիմության օրակարգով։ Ի՞նչ օրակարգով պետք է վերադառնաք խորհրդարան։

- Հստակ, նախ՝ կարմիր գծերը քաշելու օրակարգով, որից որեւէ մեկն իրավունք չունի անցնել։ Այն օրակարգով, որն արժանապատիվ խաղաղության տանելու օրակարգն է։ Էս մարդիկ ասում են․ ապագա կա՝ զիջումներով, մենք ասում ենք․ ապագա չկա` կենսական զիջումներով։ Այն, ինչ որ մենք հիմա շրջանառության մեջ ենք դրել, հենց էդ կարմիր գծերն են արձանագրված։ Յոթ կետից բաղկացած շատ հստակ, ով որ լավ չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը էդ կարմիր գծերի առումով, որտեղ Ղարաբաղի հայաթափումը պետք է կանխվի, Հայաստանի թուրքացումը պետք է կանխվի․․․ սա է խնդիրը։

- Փաստորեն, Դուք չեք բացառում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, ընդդիմությունն էլ կարող է վերադառնալ խորհրդարան ու աշխատել, թեկուզ՝ այլ օրակարգով։

- Այլ օրակարգով մենք չենք պատրաստվում վերադառնալ ու աշխատել, մենք աշխատելու ենք մեր օրակարգով, որն էսօր մեր ազգի լինելիության օրակարգն է։

- Ես դա նկատի ունեմ` ոչ թե այն օրակարգով, որով այսօր նիստեր են գումարվում, այլ ձեր առաջարկած օրակարգով։ Մինչդեռ մարդիկ գիտեին, որ ընդդիմությունը խորհրդարանից փողոց է դուրս եկել, որպեսզի հեռացնի այս իշխանությանը, ոչ թե նորից ընդդիմադիրի կարգավիճակով վերադառնա խորհրդարան։

- Մենք միշտ էլ եղել ենք ընդդիմադիրի կարգավիճակով, հիմա հեռացումը տեղի է ունենալու փողոցով, որովհետեւ խորհրդարանով իրենք չեն հասել նրան, որ օր առաջ պետք է հեռացնեն վարչապետին, որպեսզի կարողանանք մենք դուրս գալ այս պարտվողական իրավիճակից եւ երկիրը դնենք զարգացման նոր որակի վրա։

- Իսկ եթե փողոցով չհեռանա Փաշինյանը, դուք ի՞նչ երեսով եք նորից վերադառնալու խորհրդարան եւ այստեղ հավաքված մարդկանց ի՞նչ եք ասելու՝ ինչո՞ւ եք վերադառնում։

- Էդ իրենք պետք է ասեն՝ ինչ երեսով են մնում։ Մենք էն երեսով ենք գնում, որ երեսով մեր ժողովրդին էսօր հանդիպում ենք եւ մեր ժողովրդի հետ խոսում ենք` էդ երեսով։

- Բայց ժողովուրդը սպասում էր, որ դուք կհեռացնեք Փաշինյանին, ոչ թե նորից կգնաք խորհրդարան։

- Դա էլ անելու ենք։ Այո, պետք է փաստել, որ այլեւս իշխանությունը մնացել է միայն գրասենյակներում, իրական իշխանությունը փողոցներում է, եւ ժողովուրդն իր անմիջական իշխանությունն իրականացնելու համար ապացուցում է դա։

- Ձեր գործընկեր դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ եթե այս շարժումը չհաջողի, եւ Փաշինյանը չհեռանա, ինքը մանդատը վայր է դնելու` այլեւս չի վերադառնալու խորհրդարան։ Դուք ասում եք՝ վերադառնալու եք ձեր օրակարգով։ Մի տեսակ հակասության մեջ են այս երկու հայտարարությունները։

- Չի մտնում հակասության մեջ, ի՞նչն ա հակասության մեջ․․․ Մենք գնալու ենք խորհրդարան՝ մեր օրակարգով, ի՞նչն է հակասություն։ Իսկ եթե էդ օրակարգը եկավ,  Վանեցյանը չի՞ գալու` գալու է։