Նեթանյահուն շտապում է արձանագրել, որ կոնֆլիկտը կարճատև բնույթ կկրի եւ իրենք կհաղթեն

Նեթանյահուն շտապում է արձանագրել, որ կոնֆլիկտը կարճատև բնույթ կկրի եւ իրենք կհաղթեն

«Հրապարակի» զրուցակիցն է միջազգայնագետ, պահեստազորի հետախուզության սպա Դավիթ Կարապետյանն է։ 

-Ինչպե՞ս ստացվեց, որ ՀԱՄԱՍ-ը կարողացավ ներխուժել Իսրայել ու նման հուժկու հարձակում իրականացնել Իսրայելի նկատմամբ։ 

-Ինչպես համոզվեցինք ու ինչպես համոզվեց The New York Times պարբերականը, Իսրայելի հետախուզությունը ՀԱՄԱՍ-ի հարձակման վերաբերյալ որևէ տեղեկություն, որևէ տվյալ չի ունեցել։ Իսրայելի հատուկ ծառայություններն այս հարցում, ստացվել է, որ տապալվել են։ Ստացվում է, որ մենք գործ ունենք ֆետիշացված իսրայելական զինված ուժերի և առհասարակ նրանց կանոնակարգված հետախուզության մասին թյուր կարծիքի հետ, որովհետև մինչ այդ ձևավորվել էր պատկերացում, որ նրանք գերիդեալական են աշխատում և որ նրանց հետախուզությունը չէր կարող վրիպել։ Բայց նրանք ևս ընդունում են, որ ՀԱՄԱՍ-ի կողմից կանոնակարգված, նույնիսկ ծրագրված, որովհետև պարզվում է, որ մոտ մեկ տարի ՀԱՄԱՍ-ը պատրաստվել է այդ ռազմական գործողություններին, հետևաբար մեկ տարի Իսրայելի քթի տակ ռազմական պատրաստություն տեսած ստորաբաժանումների կողմից նախնական տվյալներ չունենալը խոսում է իսրայելական հետախուզության թերացման մասին։ Նաև միֆերը կոտրեցին այն մասով, որ իսրայելական բանակն այն հզորագույն բանակն է, որը կարող արագ արձագանքել ցանկացած ռազմական գործողությունների, բայց, անկախ ամեն ինչից, որքան էլ տեսնում ենք, որ պաղեստինյան զորամիավորումները, նաև Լիբանանի կողմից Հզբոլլահի օժանդակությամբ, օգնությամբ, ինչպես նաև հետնաբեմային Իրանի կողմից օժանդակությամբ, այդուհանդերձ Իսրայելն այս պահի դրությամբ որոշ տարածքների նկատմամբ իր կորցրած վերահսկողությունը հաստատել է, բայց մի շարք գյուղեր, բնակավայրեր հայտնվել են պաղեստինյան զորքերի վերահսկողության տակ։ Չի կարելի վերջնական եզրակացության գալ առ այն, որ պաղեստինյան զորքերը տանում են իդեալական հաղթանակ։ Պատկերը կարող է փոխվել, որովհետև Իսրայելի պաշտպանողական համակարգը մնում է լավագույններից մեկը և կարող է դիմադրողականությունն ի ցույց դրվի, բայց և այնպես, ցանկացած ռազմական գործողության գնահատական տալը ճիշտ չի ու ասել, որ այս կողմը հաղթանակ է տոնում... Սա պատմական հիմք ունեցող խնդիր է, դեռևս 1946 թվականից է ստեղծվել արաբա-իսրայելական կոնֆլիկտը, որ 1947 թվականին այլ երանգ ստացավ, 2007 թվականին այլ երանգ ստացավ։ 

-Հնարավո՞ր է, որ այս կոնֆլիկտը հասնի նաև մեր տարածաշրջան։ 

-Ոչինչ չի բացառվում, բայց սա լոկալ պատերազմի բնույթ է կրում։ Վերլուծական դաշտում կոնսպիրոլոգիական տեսություններ են առաջ քաշվում առ այն, որ Արցախի օկուպացրած տարածքներում իսրայելական խելացի գյուղեր են կառուցում, որ այդտեղ պիտի բնակեցնեին Իսրայելի բնակիչներին՝ ընդհուպ մինչև Ստեփանակերտում, սակայն, ես կարծում եմ, որ դա փոքր-ինչ չափազանցված է, թեեւ ոչինչ չենք բացառում քաղաքականության մեջ։ Չեմ կարծում որ այս հակամարտությունը ֆիզիկապես կարող է տեղափոխվել այլ հակամարտության դաշտ։ Որպես այդպիսին այդ կոնֆլիկտը կարծես շողք է նետում մեկ այլ կոնֆլիկտի՝ մեր արցախյան կոնֆլիկտի հանգուցալուծմանը և հայ-ադրբեջանական լարված հարաբերություններին։ Որովհետև աշխարհի ուշադրությունն այս պահին կենտրոնացած է Իսրայելի կողմը և ստացվում է, որ չնայած ՄԱԿ-ի ներկայացուցիչներն են այս պահին անհասկանալի պատճառներով ժամանում Ստեփանակերտ, բայց, համայն աշխարհի ուշադրությունը սևեռված է դեպի Իսրայել՝ դեպի իսրայելա-պաղեստինյան հակամարտություն։ 

-Հնարավո՞ր է, որ սա վերածվի երկարաժամկետ, հյուծող հակամարտության Իսրայելի համար։ 

-Ես ավելի քան վստահ եմ, որ սա երկարաժամկետ կլինի, որովհետև կողմերը կոնսենսուսի չեն գալիս։ Իսրայելն ասում է, որ բացարձաապես բանակցային ֆորմատը չի գործելու և դիվանագիտական ջանքեր անգամ չի գործադրելու և գերագույն ղեկավարությունն ուղիղ տեքստով ասում է, որ ոչնչացնելու է ՀԱՄԱՍ-ը ողջ Գազայի հատվածում և ոչ միայն՝ նաև արևմտյան ափի հատվածում, որպես ահաբեկչական կառույց, իսկ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունն էլ իր առաջ խնդիր է դրել եթե ոչ վերացնել, ապա Իսրայելի հարավային հատվածներն ազատագրել և այնտեղ իրենց սուվերենությունը հաստատել։ Բնականաբար դա խոսում է հյուծող պատերազմի մասին և ես կարծում եմ, որ Նեթանյահուն շտապում է արձանագրել այն, որ դա կարճատև բնույթ կկրի և շուտով իրենք բացարձակ հաղթանակ կտոնեն։ 

-ԱՄՆ-ն հայտարարեց իր օգնության մասին՝ ութ միլիարդի զենք-զինամթերք է տրամադրում, ու շատերը համեմատում են Ռուսաստան- Հայաստանի փոխհարաբերությունների հետ։ 

-Տվյալ դեպքում խիստ սխալ է համեմատել ամերիկա-իսրայելական հարաբերությունները հայ-ռուսականի հետ: Ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ուրիշ ասպեկտի վրա։ Տեսեք, առաջին օգնությունը եղավ՝ Միացյալ Նահանգների ռազմական նավատորմը մոտենում է Միջերկրական ծովից դեպի Գազայի հատված՝ այդպես Միացյալ Նահանգներն ուզում է դեմոնստրատիվ ցույց տալ, որ Իսրայելին պատրաստ է զինված աջակցություն ցույց տալ՝ ծովից, պաղեստինյան զինված ուժերին ոչնչացնելու նպատակով։ Բայց ունենք մի հանգամանք, որ հավելյալ օգնության համար երբ Նեթանյահուն դիմել էր ԱՄՆ-ին՝ նրան պատասխանել էին, որ այս պահին օգնություն չենք կարող տրամադրել։ Այսինքն, ԱՄՆ-ն որքան էլ իր ռազմական նավատորմը մոտեցրեց Գազայի հատվածին, տրամադրելով մեծ օգնություն, երբ երկրորդ օգնությունն ուզեց Իսրայելը, ասացին, որ իրենց խնդրանքը կքննարկեն մոտակա ժամանակահատվածում։ Սա ավելի շատ նման է ուկրաինական սցենարին, երբ Միացյալ Նահանգները տարբեր ժամանակահատվածում ուկրաինական ղեկավարության օգնության խնդրանքներին նույն կերպ էր պատասխանում։ Իսրայելը երկու օրվա մեջ 3 անգամ խնդրանք է ներկայացրել։ Առաջինը բավարարվել է, երկրորդը եղել է ռազմական նավատորմի ներկայությամբ, բայց դա չի նշանակում, որ դա հարձակում կգործի պաղեստինցիների դեմ։ 

-ԱՄՆ-ն հայտարարեց, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունների հետևում Իրանը կանգնած չէր։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Իրանի վրա հարձակում դեռևս չի լինի։ 

-Միացյալ Նահանգների Պետդեպը հայտարարեց, որ փաստեր չեն արձանագրվել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մասնակից է եղել նման գործողություններին, այսինքն` մաս է կազմում: Փաստեր չկան, որպես այդպիսին։ Նրանք գիտեն, որ ՀԱՄԱՍ-ի այս գործողությունները հետկուլիսային պայմանավորվածությունների արդյունք է նաև, բայց քանի որ Պետդեպը հաստատեց, որ փաստեր չկան, ուրեմն Իրանի դեմ սակցիաներ էլ կիրառել չեն կարող: Այս րոպեին փաստեր չունեն։