Նիկոլի սոցիալական հենարանը

Նիկոլի սոցիալական հենարանը

Նորություն ասած չեմ լինի, եթե որպես գործող իշխանության առաջնային հենարան նշեմ ոչ թե որեւէ սոցիալական խավ, այլ իրավապահ համակարգը: Բայց ոչ թե որպես սոցիալական, այլ ուժային հենարան: Կրկին նորություն չի լինի, եթե ասեմ, որ նույն սայլին են լծված նաեւ պետական ու տեղական ինքնակառավարման համակարգերի միջին եւ բարձր պաշտոնյաները: Ընդհանրապես, պաշտոնյան յուրաքանչյուր իշխանության հենարանն է ի պաշտոնե, ինչը Հայաստանի նման երկրում բնական երեւույթ է: Բայց նույն ցանկում են հայտնվել նաեւ սոցիալական խավեր, որ գոնե այս օրերին կարող էին չլինել այնտեղ: Դա եւս նորություն չէ, բայց  դա կարող էր տեղի չունենալ, եթե անկախության գործընթացն ընթանար ոչ էյֆորիկ սցենարով:

Այսինքն, 1991-ից սկսած, երբ խառն իրավիճակում ՀՀՇ-ն վերցրեց իշխանությունը, իրադարձություններին զուգահեռ մշակվեր նպատակների եւ դրանց հասնելու գործողությունների ռազմավարություն: Դա կլիներ բարդ եւ ծանր գործընթաց, բայց իրականալի, քանի որ ողջ ժողովուրդն էր մասնակից շարժմանը: Այսինքն՝ նաեւ նրա մտավոր ներուժը: Դա տեղի չունեցավ, ու այսօր կանգնած ենք կոտրած տաշտակի առջեւ: Ինչը, ի դեպ, պայմանավորված է ոչ թե «ոչմիթիզականությամբ», ինչպես ներկայացնում են ՀՀ առաջին նախագահն ու նրա շրջապատը, այլ պետություն կառուցելու մեր անկարողությամբ: 

Սովորական երկհարկանի տունն ինչ է, բայց այն կառուցելու համար նախագիծ ու հաշվարկներ են անհրաժեշտ: Իսկ ո՞վ ասաց, որ պետականություն ձեւավորելն ավելի հեշտ լուծելի խնդիր է, եւ այն հնարավոր է անել առանց նախապես մշակված ծրագրերի: Բայց մեր անկախության «հայրերը» դա չգիտակցեցին: Եթե ոչ թե դա, այլ «ոչմիթիզականությունը» լիներ այսօրվա մեր վիճակի պատճառը, ապա Իսրայել պետությունը վաղուց գոյություն չէր ունենա: Բայց նա ոչ միայն գոյություն ունի, այլեւ այսօր այնպիսի հզորության է հասել, որ Թուրքիան ստիպված է հաշվի նստել նրա հետ: Այն Թուրքիան, որն այսօր խաղեր է տալիս թե՛ Արեւմուտքի եւ թե՛ Ռուսաստանի հետ: Իսկ Ուկրաինայի նման հսկա պետությունն էլ օգնության խնդրանքով է դիմում Թուրքիային: Դե, հիմա համեմատեք Իսրայելը՝ իր թշնամական շրջապատով, եւ եվրոպական երկիր Ուկրաինան, որի այսօրվա վիճակի պատճառն էլ իր ղեկավարության գեոպոլիտիկ սխալ հաշվարկներն են:   

Վերադառնանք մեր ոչխարներին։ Մարդ արարածը սոցիալական էակ է ու, ըստ այդմ, ունի հասարակության գնահատանքի կարիք: Գնահատման բացակայությունը նույնքան անտանելի է այդ արարածի համար, որքան, օրինակ, առանց ջրի պաշարի անապատում հայտնվելը: Նույնը վերաբերում է մարդկային զանգվածին: Իսկ երբ հայտնվում է գնահատող, վերջինս այդ զանգվածի համար վերածվում է կուռքի (կամ աստծո՝ ում ինչպես հարմար է): Դա պայմանավորված է նրանով, որ չգնահատվելը հանգեցնում է բարդույթավորման: Իսկ բարդույթներից ազատողը վերածվում է կուռքի: Կարող է թվալ, թե գնահատվելու կարիքը գիտակցական մակարդակի պահանջմունք է: Բայց լույս աշխարհ եկած մանկան առաջին ռեակցիաները մոր նկատմամբ հակառակն են ապացուցում: Խոսքը մայրական ուշադրության մասին է, որ փնտրում է բնազդային աշխարհում «դեգերող» էակը: Տարիքի հետ այդ բնազդն իր տեղն է զբաղեցնում մարդու գիտակցականում: 
Նախկինում չգնահատված սոցիալական խավերն էին, որ, նախ, Նիկոլի մեջ տեսան իրենց եւ, ապա, գնահատվեցին վերջինիս կողմից: Գնահատվեցին միայն վերբալ (խոսքի) մակարդակում, բայց դա բավարար էր նրանց համար: Խավեր, որոնք բացարձակ անուշադրության էին մատնվել նախկինների կողմից:

Դրանք հասարակության խեղճ ու անգրագետ (կամ կիսագրագետ) հատվածն էին: Եվ հենց նրանք էին, որ իրենց արժեւորված զգացին 2018-ի գարնանը: Ես դա տեսել եմ ոչ միայն 2018-ի ապրիլյան օրերին, այլեւ մայիսի 1-ին եւ 8-ին: Մայիսի 1-ին քաղաքից գյուղ էինք տանում մեր համակուրսեցու դին, ու 50 կիլոմետրանոց ճանապարհի վրա մենք 15-20 անգամ կանգնեցինք, որպեսզի ճանապարհ փակողները թույլ տային, որ մեր շարասյունն անցներ: Թեեւ կարող էին եւ չփակել, քանի որ շարասյունը դուրս էր գնում Երեւանից: Այդ ջահելները ոգեւորված ճանապարհ էին բացում-փակում՝ իրենց արածից գոհ ու երջանիկ: Որովհետեւ նրանցից ինչ-որ բան էր կախված, ու նրանք «վայելում» էին այդ գիտակցությունը: 

Նախկինների բացթողումներին զուգահեռ այդ խավերին սեփականը դարձնելու ուղղությամբ հիանալի է աշխատել ընդդիմադիր գործիչ Փաշինյանը: Այդ աշխատանքը 2018-ի ապրիլին շարունակել է «ազգափրկիչ» Նիկոլը, որն իշխանափոխությունից հետո դարձավ իբրեւ թե 3 միլիոն վարչապետներից սոսկ մեկը: Ու նախկինների վրա բարդեց մեր բոլոր սխալների ու բացթողումների պատասխանատվության բեռը: Այդ թվում՝ հենց իր: Ինչին հետեւեցին նախկինների նկատմամբ հալածանքները: Նաեւ այդ հալածանքների շնորհիվ կրկին իրենց կարեւորված զգացին վերը նշված խավերը: Նիկոլի ոչ կոռեկտ ու նույնիսկ փողոցային բառապաշարը նախկինների հասցեին ավելի քան ականջահաճո է նրանց համար: Եվ դա հերթական անգամ վկայում է, որ Նիկոլն իրենցից մեկն է: Իսկ հալածանքի խորհրդանշական օրինակ էր Նիկոլի հեռացումը պահանջող շարժման ստորագրահավաքի սեղանին օրերս մուրճով մեկի մոտենալն ու դրանով սպառնալը: Չգիտեմ, մուրճը եռագույն բանտիկով էր, թե ոչ, բայց հաստատ «նիկոլական» էր:

Այս բոլոր խավերը բարոյական ուժ են հաղորդում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Եթե դրանք չլինեին, ապա նրան կմնային միայն սեփական ուսապարկերը եւ տեղական ու պետական մակարդակի չինովնիկական դասը: Իսկ իրական սոցիալական խավերի բացակայության դեպքում իրավապահ համակարգը վաղուց հանձնած կլիներ Նիկոլին: Այնպես որ, հենց նախկինների սխալ քաղաքականության արդյունքում է ծնվել Նիկոլը: Եվ այդ սխալ քաղաքականության արդյունքում է նա շարունակում զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը: Եվ որպեսզի Նիկոլը հեռացվի իշխանությունից՝ ընդդիմությունը պետք է գտնի նախկինում թույլ տված սխալներն ուղղելու ձեւը: