Ռուսական նահա՞նգ, թե՞ թուրքական վիլայեթ. ո՞ւմ բաժին կհասնի Հայաստանը

Ռուսական նահա՞նգ, թե՞ թուրքական վիլայեթ. ո՞ւմ բաժին կհասնի Հայաստանը

Հայաստանի ներհասարակական դիմակայությունը կապված է աշխարհաքաղաքական ընտրության հետ: Քաղաքական ուժերի ու հասարակական գործիչների մի մասը համոզված է, որ Հայաստանի ապագան անշեղորեն կապված է Արեւմուտքի հետ, եւ համարում է, որ դրան հակադրվողները ռուսական գործակալներ են, ովքեր ցանկանում են Հայաստանը միացնել Ռուսաստանին՝ վերածելով այն ռուսական գուբերնիայի: Այս տեսակետի կողմնակիցները համոզված են, որ իրենք ավելի առաջադիմական քաղաքակրթական ընտրության կողմնակիցներ են, քանի որ Ռուսաստանը հետամնացության խորհրդանիշ է, որն իզգոյացվել է աշխարհի կողմից, եւ հիմա հնարավորություն կա պոկվելու Ռուսաստանից եւ մաս կազմելու առաջադիմական եւ լուսավորյալ Արեւմուտքին:

Ռուսական կողմնորոշման կողմնակիցները, ընդահակառակը՝ համոզված են, որ դեպի Արեւմուտք մեր աշխարհաքաղաքական ընտրությունը տանում է Հայաստանի թրքացման, քանի որ մեր տարածաշրջանում Հայաստանը ներկայացված է Թուրքիայի տեսքով: Մաս կազմել հավաքական Արեւմուտքին՝ Հայաստանի դեպքում նշանակում է դառնալ թուրքական վիլայեթ, կորցնել Արցախը, կորցնել ազգային արժեհամակարգը եւ ենթարկվել դանդաղ վերացման: Այս կողմնորոշման կողմնակիցները համոզված են, որ միայն Ռուսաստանի հետ բարեկամական- դաշնակցային հարաբերությունների դեպքում է հնարավոր պահպանել ազգային ինքնությունը, անգամ եթե պարտադրված լինենք մաս կազմելու Ռուսաստանի կողմից ստեղծվող միասնական պետությանը:
Ռուս-ուկրաինական պատերազմն ավելի է սրել այս երկու բեւեռների միջեւ հակամարտությունը՝ ըստ էության, այդ պատերազմը բերելով ներհայաստանյան հասարակական դաշտ: Արեւմտյան կողմնորոշման կողմնակիցները բացահայտ պաշտպանում են Ուկրաինային՝ երազելով Ռուսաստանի պարտությունը: Նրանք համոզված են, որ Ռուսաստանի պարտության դեպքում Հայաստանը վերջնականապես կազատվի Ռուսաստանի գերությունից, Ռուսաստանն ի վերջո մեր երկրից դուրս կբերի իր բանակը, եւ Հայաստանը հանգիստ կկարողանա դառնալ հավաքական Արեւմուտքի մաս: Ռուսական կողմնորոշման կողմնակիցները, ընդհակառակը՝     աջակցում են Ռուսաստանին, իսկ որոշները հայտարարում են, որ պատրաստ են կռվել ռուսական բանակի զինվորների կողքին: Նրանց տրամաբանությունն այն է, որ Ռուսաստանի պարտության դեպքում մեր տարածաշրջանը, այդ թվում եւ Հայաստանը, բաժին կհասնի Թուրքիային, ով իր երղբայր ու դաշնակից Ադրբեջանի հետ կմասնատի Հայաստանը՝ վերջ դնելով մեր պետության ներկայիս կիսանկախ եւ ֆորմալ գոյությանը:

Հայաստանի իշխանության դիրքորոշումը երկդիմի է: Մի կողմից՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինքի կարեւորության մասին,  մյուս կողմից՝ ջերմ հարաբերություններ է պահպանում Հայաստանի հակառուսական ընդդիմության հետ: Նրա նախաձեռնած արտախորհրդարանական ուժերի ֆորմատը ռուսատյացների հավաքածու է, որի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Փաշինյանը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ ջերմ հարաբերությունները պարտադրված են, եւ դրա նպատակն ընդամենը Ռուսաստանի իշխանությունների հետ չթշնամանալն է, որը կարող է վտանգավոր լինել իր իշխանության եւ Հայաստանի համար: Գործում է այն տրամաբանություը, ըստ որի՝ «այն ձեռքը, որը չես կարող կտրել, պետք է համբուրես ու դնես գլխիդ», մինչեւ կարողանաս կտրել: Ռուսատյացների խմբակի անդամները, հասկանալով Փաշինյանի վիճակի նրբությունը, ըմբռնումով են մոտենում նրա դիրքորոշմանը, մանավանդ որ դա ձեռնտու է նաեւ իրենց:

Այս վիճակը չափազանց նման է գրեթե 100 տարի առաջ ստեղծված իրավիճակին, երբ Հայաստանի, ըստ էության, արեւմտամետ իշխանությունը փորձում էր հարաբերությունները չխզել նաեւ բոլշեւիկյան Ռուսաստանի հետ, բայց ամբողջ էությամբ կապված էր անգլո-ամերիկյան դաշինքին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր Հայաստանի ներքաղաքական դիրսկուրսից շատ քիչ բան է կախված, եւ, ցավոք, Հայաստանի արեւմտամետներն ու ռուսասերները չեն որոշելու, թե որտեղ է լինելու Հայաստանը: Գրեթե 100 տարի առաջ Հայաստանի իշխանություններն ընտրություն կատարեցին հօգուտ թուրքական վիլայեթի, թուրքական ներխուժման պայմաններում Թուրքիայի իշխանությունների հետ 1920թ. դեկտեմբերի 2-ին կնքելով Ալեքսանդրապոլի պայմանագիը, ըստ որի՝ Հայաստանից մնացած մի փոքրիկ հատվածը վերածվում էր թուրքական վիլայեթի, բայց ռուսական բանակը այդ նույն թվականի նոյեմբերի 29-ին մտավ Հայաստան եւ Հայաստանը դարձրեց ռուսական գուբերնյա:

Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձություններն այսօր, իսկապես շատ մեծ չափով կախված է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներից, բայց ոչ Հայաստանի ռուսատյացների կամ ռուսասերների անզիջում ֆեյսբուքյան մենամարտերից:

Ավետիս Բաբաջանյան