Մի օր իշխանությունների պոպուլիզմի քսակը կսպառվի, ու կառաջանա հասարակական ընդվզում

Մի օր իշխանությունների պոպուլիզմի քսակը կսպառվի, ու կառաջանա հասարակական ընդվզում

Հարցազրույց Գերագույն խորհրդի պատգամավոր, «Քաղաքական լիգայի» ներկայացուցիչ Արամ Մայիլյանի հետ

- Հայաստանի ցուցանիշները կորոնավիրուսի տարածվածության եւ մահերի թվով անընդհատ աճում են: Փաշինյանը պնդում է, որ աշխարհում է նման վիճակը, սակայն աշխարհը հաղթահարում է համավարակը, մենք ավելի ու ավելի ենք վարակվում: Հայաստանում առողջապահակա՞ն ճգնաժամ է: Ինչո՞ւ այսքան արագ վատացավ իրավիճակը:

- Կորոնավիրուսի համավարակի խնդիրը միայն առողջապահական խնդիր չէ: Այն ունի նաեւ գիտական, իսկ առավելապես՝ քաղաքական բաղադրիչներ: Կոնկրետ բուժումը, հիվանդի խնամքը բժիշկների խնդիրն է, դեղամիջոցների եւ պատվաստանյութի ստեղծումը՝ կենսաբանական գիտություններինը, իսկ վարակի տարածման կանխարգելումը, պայքարը դրա տարածման դեմ քաղաքական, պետական քաղաքականության խնդիր են: Համավարակի տարածման ներկա փուլում խնդիրը գլխավորապես քաղաքական է՝ ինչպես կենտրոնացնել պետության եւ հասարակության ներուժը՝ համաճարակի դեմ պայքարը կազմակերպելու համար: Այստեղ արդեն ի հայտ է գալիս տվյալ պետության ու հասարակության կազմակերպվածության, գիտակցական, կրթվածության մակարդակը: Այդ առումով Հայաստանը կարելի է դիտել որպես բացասական արդյունքի լաբորատորիա: Արդյունքն ակնհայտ բացասական է. Հայաստանը չկարողացավ դիմադրություն կազմակերպել այս մարտահրավերին ու հանձնվել է բախտի քմահաճույքին: Այդ դիմադրության շարժիչ ուժը, անկասկած, պետք է լիներ կառավարությունը, որը, փաստորեն, չկազմակերպեց այդ դիմադրությունը:

- Ոմանք պնդում են, որ Փաշինյանը ձախողել է համաճարակի հաղթահարումը եւ պետք է հեռանա։ Փաշինյանն իր հերթին պնդում է, որ պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը չեն պահանջում, այլ ենթարկվում են նրա հրահանգներին: Համաճարակի ժամանակ քաղաքականությամբ պե՞տք է զբաղվել, թե՞ ոչ: 

- Ի պատասխան՝ մի օրինակ բերեմ. 1941թ. աշնանը, երբ գերմանական զորքերը Մոսկվայի մատույցներում էին, Ռուսաստանի իշխանության ղեկը տնօրինող վրացի կոմունիստները որոշեցին հանձնել Մոսկվան, եւ սկսվել էին խուճապն ու իրարանցումը: Այդ ժամանակ ռուս գեներալների մի խումբ՝ Գ. Ժուկովի ղեկավարությամբ, գիտակցելով, որ Մոսկվայի հանձնումը ժողովրդի վրա բարոյահոգեբանական ծանր ազդեցություն կարող է ունենալ, վերջնագիր ներկայացրին Ստալինին՝ կա՛մ մեկուսանալ, կա՛մ գեներալներն իրենց ձեռքը կվերցնեն իշխանությունը: Եվ, ըստ էության, Ռուսաստանի վրացի դիկտատորը մեկուսացավ պատերազմական այդ պահի գործողություններից: 1942թ. Ժուկովը նշանակվեց ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի եւ Գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ՝ պատմական կարեւոր ճակատամարտեր մղելով:

Ներկա պատերազմը կորոնավիրուսի դեմ հայ ժողովուրդը միարժեքորեն տանուլ է տալիս: Վարակվածների բացարձակ թվով եւ հարաբերական ցուցիչներով մենք խայտառակ վիճակում ենք: Պետք է գնահատել իրավիճակը, գտնել ձախողման աղբյուրը եւ շտկել իրավիճակը: Իսկ այդ աղբյուրը կարող է երկու տեղ լինել՝ կառավարման համակարգում եւ բուն հասարակության մեջ: 
Առաջինը՝ կառավարման համակարգում: Ի սկզբանե պարզ էր, որ սա իսկապես մարտահրավեր էր, որ կարող է աղետալի հետեւանքներ ունենալ, բայց կառավարման համակարգում՝ երկրի ղեկավարությունն այդպես էլ չընկալեց խնդրի լրջությունն ու կազմակերպված պայքար չմղեց: Իշխանություններն անկարող եղան պատկերացնելու, թե պարտության դեպքում ինչ քաղաքական ու բարոյահոգեբանական կորուստներ կարող են կրել Հայաստանն ու հայ ժողովուրդը: Կա փորձված մեթոդ՝ գնահատել վիճակը, կազմակերպել դրան համապատասխան քայլերի համակարգ: Ներկա ղեկավարությունը հենց սկզբից ցուցաբերեց, մեղմ ասած, ոչ այնքան գրագետ մոտեցում, մատների արանքով նայեց խնդրին: 

Նման վարքը ներկա կառավարության աշխարհընկալման թերությունն է եւ բխում է նրանց թերի գիտելիքներից, փորձառության պակասից եւ մերժելի կեցվածքից: Լայն մտահորիզոնը, պատմական փորձի ընկալումը, գործընթացների պատկերացումն իսպառ բացակայում են կառավարման համակարգի ղեկավարների մոտ, փոխարենը տիրապետող են անտեղյակությունը, կրթական անբավարար մակարդակը, տգիտությունն ընդհանրապես: Հանրության մի զգալի մասի մոտ եւս այդ տգիտությունն ակնհայտ է: Ներկայումս Հայաստանում հաստատված է տգիտության դիկտատուրա, որը նույնքան վտանգավոր է, որքան նախորդ քրեաօլիգարխիկ համակարգը: Քննադատության անիմաստ մերժումը, անձնական ու խմբակային հաշիվ մաքրելը, վարժապետի մակարդակի ուսուցողական ոճը դարձել են կառավարման նորմ: Այդ միջավայրում լրիվ բնական էր, որ վիճակին ճիշտ գնահատական տալ հնարավոր չէր, առավել եւս՝ կենտրոնացնել հասարակության ներուժը՝ անհնար էր: 

Երկրորդ՝ հասարակական կյանքում: Վերեւից եկող տրամադրությունները ծլարձակել են հանրային վարքում: Հանրությունն ինքնակառավարվում է տգիտության ու ամեն մի ողջախոհ գաղափարի բացասական արձագանքի մեխանիզմներով: Այսպես. ակնհայտ է, որ դիմակ կրելն առայսօր կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական մեթոդն է: Եվ այդ պարզ փաստը հանրության մեջ, փաստորեն, չի ընկալվել: Հանրության տգետ հատվածը, ստանալով հակաիշխանական ուժերի աջակցությունը, փորձում է հաղթել հասարակության գիտակից մասին: Եվ ավելի զարմանալի է, որ այդ ագրեսիվ տգիտությունը համապատասխան հակահարված չստացավ իշխանությունների կողմից: Եվ այսօր կանգնած ենք միջազգային խայտառակության առջեւ: Հանրության տգետ մասը տրվել է մազոխիզմին՝ դիմակ չկրենք, որ ավելի վատ լինի. ահա սա է հանրության եւ հակաիշխանական ուժերի մտածելակերպը: Այս համավարակի հայաստանյան ցուցանիշները մեզ ավելի կհեռացնեն քաղաքակիրթ աշխարհից, կմղեն դեպի միջազգային մեկուսացում, դեպի անկազմակերպ ու անկարող ժողովուրդների շարքը: 

- Փաշինյանը փոխեց ոստիկանապետին, ԱԱԾ ղեկավարին: 2 տարվա ընթացքում սա երրորդ ոստիկանապետն է, երրորդ ԱԱԾ տնօրենը: Չի՞ վստահում ուժային կառույցներին, թե՞ կառույցները չեն վստահում նրան: Դուք ունե՞ք բացատրություն: 

- Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նման կադրային խնդիրներ առաջանում: Կարծես երկու տարի առաջ համաժողովրդական առաջնորդը հասարակության լավագույն ուժերին կառավարման համակարգում ներգրավելու խնդիրը պետք է լուծեր: Փաշինյանին խորհուրդ կտամ՝ հարցին իր կառավարմանն ու կադրային քաղաքականությանը խորքային հայացքով նայի:  Գոնե հիմա պետք է հրաժարվի իր մի շարք արատավոր սկզբունքներից եւ ասպարեզ բերի արժանի ու գաղափարապես տոկուն մարդկանց: Բայց խիստ կասկածում եմ, որ նա դա կարողանա անել:  

- Ե՞րբ, ինչի՞ց սկսվեցին նոր իշխանությունների ձախողումները: 

- Ներկա իշխանությունները ձեւավորվել են «ընդդեմ», ոչ թե «հանուն» գաղափարաբանությամբ: Հետագայում նրանք անկարող եղան շտկելու իրենց գաղափարաբանական վեկտորը ու շարունակեցին այդպես բոլոր ոլորտներում՝ քաղաքական մշակույթի մակարդակը հասցնելով աղետալի ցածր նիշի: Այսօր ստիպված ենք փաստել, որ քաղաքական իշխանությունն անհաղորդ է հասարակության մեջ ծլարձակված բարոյահոգեբանական արատներին: Միեւնույն ժամանակ, նույն պատճառով Հայաստանի չափանիշներով քաղաքական դաշտն ավեր է, ուր նոր վեհ գաղափարներ չեն կարող ծնվել: Իշխանություններն առաջին հերթին ձախողվում են քաղաքական տարածության մեջ:

- Քննարկենք հնարավոր զարգացումները, ելքն իրավիճակից: Ի վերջո, ելք կա՞:

- Կարճ թվարկեմ՝ 
• Իշխանությունների նման պահվածքի դեպքում Հայաստանի բնակչության մի ստվար մասը կվարակվի կորոնավիրուսով: 
• Հայաստանը շատ երկրների կողմից կդիտվի որպես հնարավոր վարակի տարածման կենտրոն, որից հեռու կմնան:
• Ըստ այդմ, Հայաստանը միջազգային ասպարեզում քաղաքական ծանրակշիռ դիվիդենտների կորուստ կունենա, ինչը վերականգնելը, բնականորեն, երկար կտեւի: 
• Հանրության գիտակից մասը կօտարվի թե՛ հասարակությունից, թե՛ իշխանություններից եւ որեւէ ազդեցություն չի ունենա գործընթացների վրա:  
• Մի օր իշխանությունների պոպուլիզմի քսակը կսպառվի, ու կառաջանա հասարակական ընդվզում: