Ինչպե՞ս կարող էր ԲՀԿ-ն 100 հազար քաղաքացու գրանցել Երեւանում

Ինչպե՞ս կարող էր ԲՀԿ-ն 100 հազար քաղաքացու գրանցել Երեւանում

ԲՀԿ-ի շուրջ օղակը իշխանությունը կամաց սեղմում է․ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հերթական հաղորդագրությունը տարածեց «Բարգավաճ Հայաստանի» մասին՝ այս անգամ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թույլ տված ենթադրյալ ընտրակեղծիքների վերաբերյալ։

Ամենաուշագրավն այստեղ այն է, որ, ըստ այդ հաղորդագրության, ԱԱԾ քննչական դեպարտամենտը տեղեկություններ է ստացել, թե ԲՀԿ-ն խախտումներ է կատարել ոչ միայն 2017-ի խորհրդարանական ընտրություններում, այլեւ Երեւանի ավագանու։ Մասնավորապես պարզել է, որ մոտ 100-120 հազար մարդու գրանցումը փոխելու միջոցով դարձրել են Երեւանի ընտրող եւ ԲՀԿ-ի համար ձայներ ապահովել։

Ինչպե՞ս է ստացվել, որ այդ հազարավոր մարդկանց ԲՀԿ-ն կարողացել է գրանցել Երեւանում եւ ձայներ ստանալ։ Ի վերջո, այդ հանցանքն իրականացնողը ոչ թե ԲՀԿ-ն է, այլ պետական կառույցները, մասնավորապես՝ անձնագրային եւ վիզաների վարչությունը, որտեղ կատարվում է քաղաքացիների հաշվառումը, եւ ոստիկանությունը, որը ներառում է այդ անձանց ընտրացուցակներում։ Անձնագրային վարչության նախկին ղեկավարներից մեկը մեր հարցին ի պատասխան ասաց․ «Ավագանու ընտրության ժամանակ վայրից վայր տեղափոխելու համար առնվազն 6 ամիս առաջ անձը պետք է գրանցված լինի այդ համայնքում, օտարերկրյա քաղաքացիների համար 1 տարի է, իսկ ՀՀ քաղաքացիների համար պետք է 6 ամսվա գրանցում։ Դժվար է ասել՝ 6 ամիս առաջ ովքեր են եկել, գրանցվել։ Անձամբ ես ողջամիտ չեմ համարում այդ մեղադրանքը։ Թող քննություն անեն, պարզեն»։

Մենք գտանք նաեւ օրենսդրական հիմքերը․ ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանվում է՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն մինչեւ քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները. մինչեւ քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում չունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձեւով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված։ Ինչպես նաեւ մինչեւ քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիություն չունեցող ընտրող):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ընտրողների ցուցակների կազմումը, վարումն իրականացնում է լիազոր մարմինը, այս դեպքում՝ անձնագրային վարչությունը․ «Ցուցակների հետ կապված ցանկացած խնդիր՝ դիմում, բողոք, անճշտություններ, ամբողջն արվում է լիազոր մարմնի կողմից, եւ իրենք ընտրական հանձնաժողովներին տրամադրում են ամբողջական ցուցակները։ Ցուցակները կազմում է լիազոր մարմինը, ընտրություններից 40 օր առաջ իրենք տրամադրում են ընտրողների նախնական ցուցակը։ Տարածքայինները ստանում են, տանում, կախում են ընտրատեղամասերում, այդ ընթացքում եթե լինում են դիմումներ, լիազոր մարմինը որոշումներ է կայացնում այդ դիմումների վերաբերյալ։ 2 օր առաջ տրամադրվում է վերջնական ցուցակը, նույնիսկ քվեարկության օրը, եթե մարդ է գալիս, եւ պարզվում է, որ ինչ-ինչ պատճառներով իր տվյալները ցուցակում չկան, հանձնաժողովներն այդ դեպքում անգամ զրկված են ցուցակներում շտկում կատարելուց, պետք է գնա լիազոր մարմին, ստանա համապատասխան փաստաթուղթ, նոր միայն դրա առկայության դեպքում տվյալները մտցվեն լրացուցիչ ցուցակ»։