Արմեն Սարգսյանը, բազկաթոռին թիկնած, հետևում է իրադարձություններին

Արմեն Սարգսյանը, բազկաթոռին թիկնած, հետևում է իրադարձություններին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես ուշադրությամբ հետեւում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ գործընթացներին: Մեր ուղարկած հարցերին պատասխանն այսպես է սկսում հանրապետության նախագահը։ Չնայած մեզ համար նորություն չէր, որ Արմեն Սարգսյանը «հետեւում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին», ավելին՝ մենք էլ հետեւում ենք, թե ինչպես է Արմեն Սարգսյանը, նստած նախագահական նստավայրի իր բազկաթոռին, հետեւում, թե ինչ է տեղի ունենում երկրում։

Որպեսզի հասկանանք, թե ՀՀ նախագահը, բացի դիտորդի կարգավիճակում իրադարձություններին հետեւելուց, որեւէ այլ գործառույթ իրականացնում է, թե ոչ, նրան երեկ մի քանի հարց էինք ուղղել՝ կապված կիրակի օրվանից մեկնարկած իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ, նրա դեմ եւ նրա կուսակցության ու թիմակիցների նկատմամբ։ Մասնավորապես հարցրել էինք՝ ի՞նչ գնահատական կարող եք տալ այդ իրադարձություններին, արդյոք սա Ծառուկյանի հանդեպ գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդո՞ւմ է, ինչպես հայտարարել է ինքը՝ Ծառուկյանը։ Հարցրել էինք նաեւ, թե ինչպիսին է ոստիկանական գործողություններին իր վերաբերմունքը, որոնք տարբեր իրավապաշտպաններ գնահատել էին որպես բռնի ուժի կիրառում խաղաղ հավաքի մասնակիցների, պատգամավորների, այդ թվում՝ կին պատգամավորների նկատմամբ։ Մի վերջին հարցով էլ փորձել էինք հասկանալ, թե հանրապետության նախագահը փորձե՞լ է արդյոք որեւէ կերպ միջամտել վերջին օրերին կատարվող իրադարձություններին կամ մտադի՞ր է առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ։

Ահա թե ինչ պատասխան ենք ստացել Արմեն Սարգսյանի գրասենյակից․
«Հանրապետության նախագահը համարում է, որ քաղաքական երեւույթները պետք է դիտարկվեն քաղաքական դաշտում, իսկ իրավական հարցերը՝ իրավական հարթության մեջ: Նախագահը, միաժամանակ, համարում է, որ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ պետական ու հասարակական բոլոր կառույցների, հանրապետության բոլոր քաղաքացիների գործողությունները պետք է լինեն օրենքի շրջանակում: Նախագահը ողջունում է օրինականության հաստատմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր գործողությունները: Կարեւորելով հանդուրժողականության մթնոլորտը երկրում՝ նախագահ Սարգսյանը հորդորում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ ունեցած հասարակական ու քաղաքական դիրքից եւ զբաղեցրած պաշտոնից, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները, ձեռնպահ մնալ անկայունություն եւ երկպառակություն սերմանելու որեւէ գործողությունից կամ կոչից: Ամբողջ ուժերն այսօր միասնաբար պետք է կենտրոնացնել մեր երկրի գլխավոր մարտահրավերի՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, ինչպես նաեւ երկրի տնտեսական խնդիրների լուծման, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ու սահմանների անձեռնմխելիության վրա»,-ասված է նախագահի անունից մեզ ուղարկված պատասխանում։

Արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանը, ով պատրաստվում է տիեզերք թռչել, տիեզերական հանդարտությամբ տվել է պատասխաններ ոչ մի բանի մասին։ Նա եւս մեկ անգամ իր այս պատասխանով ապացուցում է, որ իր միակ գործառույթն այս երկրում, մինչեւ տիեզերք թռչելը, ընդամենը ուշադրությամբ հետեւելն է երկրում տեղի ունեցող իրադարձություններին, ասել է թե՝ հեռուստացույց նայել, տարբեր գիտական ու շեյխական շրջանակների հետ քննարկումներ ունենալը տրանսցենդենտալ, տիեզերական երեւույթների եւ կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ։ Իսկ այն, որ երկրում գործող իշխանությունները քրեական հետապնդումներով փորձում են լռեցնել երկրի ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարին, դրա վերաբերյալ Արմեն Սարգսյանն ունի շատ «էական» պատասխան՝ քաղաքական երեւույթները պետք է դիտարկվեն քաղաքական դաշտում, իսկ իրավական հարցերը՝ իրավական հարթության մեջ։