ՀԿ-ների դերը՝ նախընտրական խառնակ փուլում

ՀԿ-ների դերը՝ նախընտրական խառնակ փուլում

Հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ներ) կարեւոր դերակատարում կարող են ունենալ նախընտրական խառնակ ներքաղաքական իրավիճակում: Նրանք կարող են աջակցել թշնամուն անընդհատ տարածքներ հանձնող դավաճան իշխանությանը, կարող են նպաստել նույն այդ իշխանությունից ազատվելուն ս. թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Նախկին իշխանությունների ժամանակ ընդդիմադիր կեցվածք ունեցող ՀԿ-ների գերակշիռ մեծամասնությունը կդիրքավորվի առաջին խմբում՝ ընտրատեղամասերում ձեւականորեն հետեւելով քվեարկության օրինականությանը: 

Սակայն ընտրատեղամասերում վաղուց անօրինականություններ տեղի չեն ունենում՝ այդ փուլը մենք անցել ենք, եթե, իհարկե, «ժողովրդավարության բաստիոնի» իշխանությունը չփորձի վերադառնալ իր կողմից մերժվածների վարքագծին, ինչն ավելի քան կանխատեսելի է: Մամուլում, ի դեպ, արդեն երեւացել է իշխանության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք տրամադրելու խոստման վերաբերյալ առաջին ծիծեռնակը: Երեւացել է նաեւ նույն շրջանակի անձանց կողմից ընտրակաշառքի բեմադրման հանձնարարության մասին տեղեկատվություն՝ տրված «ժողովրդի իշխանության առաջնորդի» կողմից: Բեմադրությունն առնչվելու է կոնկրետ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին: Ինչը բնական է, քանի որ Նիկոլի հիմնական մրցակիցը հենց այդ դաշինքն է, եւ, ըստ կեղտոտ քաղաքականության կանոնների, առաջին հերթին պետք է փորձել «փչացնել» հենց Քոչարյանին:

Ինչեւէ, շարունակենք ՀԿ-ների դիրքորոշումների վերաբերյալ թեման: Կարող է պատահել նույնիսկ, որ նախկիններին ընդդիմադիր ՀԿ-ները ձեւականորեն կամ իրականում դրսեւորեն չեզոք դիրքորոշում: Դա չարյաց փոքրագույնն է, որ կարելի է սպասել այդ խավից, բայց ընդունելի տարբերակ է: Որովհետեւ ավելի լավ է ունենալ չեզոք դիտորդ, քան ակտիվ թշնամի: Սակայն իրադրությունը պահանջում է, որ մենք ազատվենք դավաճան իշխանությունից, իսկ չեզոք դիրքորոշումն այդ հարցում օգնական չէ: Մնում է, որ ոչ բազմաթիվ, հանուն մարդու իրավունքների իրականում պայքարող ՀԿ-ները փորձեն համախմբվել եւ մշակել Նիկոլի իշխանության կողմից գեներացվելիք ընտրախախտումների դեմ պայքարի մարտավարություն: Մարտավարությունը կարող է օգտագործել նախկինում փորձարկված ընտրախախտումների դեմ պայքարի մեթոդները՝ ենթադրյալ փոփոխությունների եւ ինչ-ինչ նորարարությունների հաշվարկով:

Այդ հարցում կարեւոր խորհրդատուներ կարող են լինել հենց այն մարդիկ, ովքեր հայտնի են որպես «տասովշչիկներ» եւ ժամանակին կազմակերպել են պաշտոնապես հաստատված կարգերը շրջանցելու ուղիներ: Ի դեպ, մամուլում արդեն հայտնվել է տեղեկություն նմանատիպ անձանց հավաքագրելու հանձնարարության մասին՝ տրված վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Պետք է հաշվի առնել, որ, ինչպես նախկինում, ոստիկանությունն աշխատելու է իշխանությունների կողմից: Նախկինում ընդդիմադիր ՀԿ-ներն ակտիվորեն շփվում էին միջազգային դիտորդական կազմակերպությունների հետ: Այդ փորձառությունը հնարավորինս պետք է ակտիվացնել, չնայած հասկանալի է, որ վերջիններս ոչ պաշտոնապես կորդեգրեն բազմաթիվ երեւույթների վրա աչք փակելու քաղաքականություն: Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ ոչ ֆորմալ այն կառույցը, որ կազմավորվում էր կառավարության «դաչաներում» պարտությունից անմիջապես հետո: Որպես, այսպես կոչված, «հեղափոխության պահապաններ», դա կգործի առավել բացահայտ ու անօրինական՝ իր թիկունքին ունենալով ոստիկանության աջակցությունը:

Ընդդեմ նիկոլական բռնապետության ընտրապայքարի շրջանակում հականիկոլական ուժերին կարող են դաշնակից լինել վերջին երեք տարում դատավորի պատիվը բարձր պահած անձինք: Սակայն ընտրական պայքարում եւ քվեարկության օրը դատարանների դերը մեծ չէ: Այն արժեք ձեռք կբերի հետընտրական բողոքարկումների շրջանում: Պետք է հիշել, որ Նիկոլը եւ նրա շրջապատը հասկանում են ընտրությունները շահելու արժեքը եւ ամեն ինչ անելու են հանուն դրա: Ինչը նշանակում է, որ պետք է պատրաստ լինել աննախադեպ ընտրախախտումների հոսքին: Պատրաստ լինել դիմակայելու եւ չեզոքացնելու այն: