Ո՞վ է մեզ իրավունք տվել...

Ո՞վ է մեզ իրավունք տվել...

2008թ. սկզբին արտերկրից հետեւելով երկրում ընթացող քաղաքական իրադարձություններին՝ մեծ զարմանք ապրեցի, երբ հարթակում տեսա վերաակտիվացած Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նկատեցի, որ հասարակության բավականին մեծ զանգված է կանգնած նրա թիկունքին։ Անհասկանալի էր՝ ներե՞լ է արդյոք հայ հասարակությունը ՀՀՇ-ին ու ԼՏՊ-ին՝ 90-ականներին իրականացրած ավերածություններն ու թալանը։ Պարզվեց՝ ավելի վատ. մոռացել է։ Ակամայից ազգս նմանեցրի հիշողության կորստով տառապող մի զառամյալի, որը ֆիզիկապես դեռ առույգ է, սակայն առանց համապատասխան ուշադրության եւ հոգատարության՝ ընդունակ է վնասել իր եւ շրջապատի անվտանգությունը։ Ժողովրդական լեզվով ասած՝ «Բիձեն խելքը հետ ա տվել»։ Իսկ նման դեպքերում, իհարկե, ոչ միայն բարի կամեցողների հետաքրքրասիրությունն ու միտումներն են աշխուժանում։

Եթե տարիներ առաջ միայն ռազմական, քաղաքական փորձագետներն ու վերլուծաբաններն էին շեփորահարում մեր տարածաշրջանում զարգացող, մեզ համար կործանարար աշխարհաքաղաքական զարգացումների մասին, ապա այսօր մեծ տաղանդ չի պահանջվում՝ ուրվագծելու եւ համադրելու մեզ պատուհասած արհավիրքը ու դեպի վերջնական կործանման տանող արագ ընթացքը։ Հասկացանք, որ տարիներ առաջ հայտնի գեոքաղաքական կենտրոններում, գնահատելով մեր տարածաշրջանում տիրող քաղաքական անկայուն մթնոլորտը, կայացվել է որոշում՝ վերակենդանացնելու, այսպես կոչված, թուրանական պրոյեկտը, ինչին, հասկանալիորեն, խոչընդոտ է հանդիսանում ռուսական ռազմաքաղաքական ներկայությամբ կարծրացած հայկական սեպը։ Իսկ ինչպե՞ս եւ ո՞ւմ միջոցով ջախջախել հայոց պետականությունը՝ տվյալ ծրագիրն իրականացնելու համար, կարծում եմ՝ պարզ է բոլորին։ Սակայն, ի դժբախտություն մեզ, իջեցված եւ ընդունված պատվերն ունի մի ճակատագրական նախապայման, որ կոչվում է հայոց հարց։ 

Այս հարցը վերջնականապես փակելու համար մեր ոչ բարեկամ հարեւանը նույն կենտրոններից, ինչպեսեւ ավելի քան հարյուր տարի առաջ, ստացել է լուռ համաձայնություն, ընդհուպ մինչեւ բնաջնջման եղանակով, ուղղակի լռեցնել պահանջատիրոջը։ Մեր ժամանակներում, սակայն, մեկ դար առաջ կիրառված դաժանությամբ անհնար է անթաքույց ու անաղմուկ հասնել նշված ծրագրի իրականացմանը, ինչից ելնելով՝ ընտրվել է հայոց պետականության ոչնչացման, այնուհետեւ հայոց էթնիկական դանդաղ բնաջնջման առավել ժամանակակից ու «մարդասիրական» եղանակը։
Մեր ծերունուն որոշվել է ենթարկել դանդաղ էվթանազիայի՝, հնարավոր համարելով, որ կստանան իրավական ժառանգորդի համաձայնությունը։ Որպես ժառանգորդ՝ ընտրվեց նրա թողած ժառանգությունից ամենադժգոհ պիղծ զավակը, որը տարիների ընթացքում մշակվելուց հետո վերջերս «լեգիտիմացվեց»՝ ի դեմս ներկայիս երիտհայերի իշխանության։ Ռազմաքաղաքական զարգացումների վերջին տարիների ընթացքը փաստում է, որ նշված համաձայնագիրը ստացված է, եւ պրոցեսի մեկնարկը տրված է։ Նույն ժառանգորդի թողտվությամբ պացիենտի անհնազանդությունը զսպվում է ցավոտ, նաեւ արյունոտ միջոցներով։ Սակայն զուգորդվում է նաեւ ցավազրկող թմրամիջոցների ներարկմամբ, ինչպիսիք են, օրինակ, «բաց կոմունիկացիաներ», «ապաշրջափակում», «խաղաղ համակեցություն» եզրույթները։

Տրամաբանական է նաեւ շրջապատի բարի կամեցողների անհանգստությունը, որոնք իրենց իրավունք չեն վերապահում միջամտել հարեւանի ընտանեկան ներքին գործերին։ Անտրամաբանական է, սակայն, մյուս ժառանգորդների հնազանդ պահվածքը։ Չէ՞ որ մեր հասարակությունում ամենեւին էլ քիչ չեն հայտնի գործիչներ, մտավորականներ, հայրենասեր քաղաքացիներ, որոնք շատ լավ գիտակցում են օրվա պատուհասը եւ շատ լավ պատկերացնում են, թե ուր կհայտնվենք ազգովի, եթե անհապաղ չկանգնեցնենք այս դժոխային թափանիվը։ 
Մի խոսքով, մեզ հայտնի է, որ, այսպես կոչված, միջազգային հանրույթը պատրաստվում է մեծ մատաղի արարողության՝ ի պատիվ քաղաքակիրթ Արեւմուտքի բարեկեցության, հայտնի է նաեւ, թե ով է մսագործը, նույնիսկ հայտնի է մատաղացուն։ Ավելին՝ մսագործը (ղասաբը) յաթաղանը սրելով, ամբարտավան հրճվանքով առաջանում է առայժմ դանդաղ քայլերով, իսկ նույն այդ «մարդասեր» միջազգային հանրույթը, որից, վիզներս ծուռ, դեռ գթասրտություն ենք ակնկալում, շարունակում է մեզ ներարկել գենետիկ հիշողությունն ու սովորական ինքնապաշտպանական բնազդը բթացնող թմրանյութեր։ Որեւէ մեկը մեզ՝ մեր սերնդին տվե՞լ է արդյոք իրավունք՝ ընդունել այս չարաբաստիկ խաղի կանոններն ու համակերպվել զոհի կարգավիճակի հետ։ Իհարկե՝ ոչ։ Մեր նախորդ եւ հաջորդ սերունդները, հայրենիքի ու պետականության համար բոլոր ժամանակներում կյանքերը զոհաբերած հայորդիների հոգիները տալի՞ս են մեզ իրավունք՝ թերթելու մի քանի հազարամյա պատմության վերջին էջը։ Անշուշտ՝ ոչ։ Ի վերջո՝ ո՞վ է մեզ իրավունք տվել հոժարակամ բռնել քաջածանոթ սպանդի ճամփան։ Այո՛, ցավոք, պատմությունը կրկնվելու սովորություն ունի, սակայն այսօր արդեն չունենք այլ անկյուն, ուր կծվարեն յաթաղանից մազապուրծները։ Կասեք՝ դաժան է հնչում, 21-րդ դարում ենք ապրում։ Բարի՝ փոխարինենք «յաթաղան» բառը «բայրաքթարով»։

Հիմա պատասխանեմ ենթադրաբար ինձ ուղղված ձեր հետեւյալ հարցին. ի՞նչ եւ ո՞ւմ առաջարկ ունես։

Այս գոյության կռվում կարող են եւ պարտավոր են մարտադաշտ նետվել միայն նվիրյալները։ Այսօր այլեւս չունենք ռեսուրսներ, առավել եւս՝ ժամանակ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով թմբիրում հայտնված հասարակությանը սթափեցնելու եւ հրապարակ դուրս բերելու։ Անիմաստ է էներգիա վատնել արթնացնելու համար նրանց, ովքեր այս ողջ մղձավանջը մաշկի վրա տանելով նույնիսկ՝ դեռ չեն արթնացել։ Թե նվիրյալ ես էությամբ՝ ջանքերդ, ունակություններդ ու միջոցներդ ուղղորդիր միայն վեհ նպատակին։ Դո՛ւ, որ լսում ես զանգի ղողանջները, բաց թող չլսողի ձեռքը, շտապիր դեպի զանգակատուն ու բռնիր քո նմանի ձեռքը։ Գոյության կռվում օգտագործվում եւ արդարացվում են ԲՈԼՈՐ միջոցները։

Ամենայն հայոց դասականի ամբիոնային բեմականացված պաթոսից տարբերվելու համար, հայտարարությունս ու կոչս ձեւակերպեմ այդպես.
Գոյությունս՝ հանուն գոյության։

Արա Սամսոնյան 
Ինժեներ 
Գերմանիա