Սյունյաց քարերը մարդու պես լաց են լինում․․․

Սյունյաց քարերը մարդու պես լաց են լինում․․․

Մայրս ասում էր. «Իմ շիրմաքարը տեղական, մեր Սյունիքի քարերից կդնեք»: Իբր կատակով էր ասում, որ չնեղվեինք: Մի օր էլ, ,,չնայած սրտովս արյուն էր գնում,,՝ իբր կատակեցի. «Ա՜յ մեր, ինչու՞ Սյունիքի», - ուզում էի հասկանալ նրան: Նայեց ու ժպտաց. «Մեր քարերը փափկասիրտ են, բարի»: 

Մահից հետո այդպես էլ արինք: Սիսիանից քար բերել տվինք ու շիրմաքար դրինք: Քարը դնելուց մոտ մեկ ամիս անց  գնացի գերեզման։ Երբ մոտեցա շիրմաքարին, ինձ թվաց թե քարը լաց է լինում: Քարի վրա մորս պատկերն էր դրոշմված: Մորս նուրբ այտերին արցունքի կաթիլներ էին: Աչքերի շուրջ կնճիռների ստվերներ էին առաջացել ու տխուր էին աչքերը: Ձեռքով նրբորեն կպա՝ վերադառնալու իրականություն: Միանգամից վախով  ետ քաշեցի ձեռքս՝  արցունքն իրական էր: Մատներս թրջվել էին: Ես թաշկինակ հանեցի ու մաքրեցի մորս աչքերն ու այտերը: Թաշկինակս թրջվեց: Օրը պա՜րզ, արևոտ էր, երկինքը կրակ էր թափում։  Միանգամից հիշեցի մորս խոսքերը՝ մեր քարերը փափկասիրտ են ու բարի: Լացել գիտեն։  Ինչպես մարդուն կփաթաթվեն, ես գրկեցի ու փաթաթվեցի քարին, միասին լաց եղանք։

Հետո, երբ մասնագետի հետ խոսեցի ասաց, որ քարի խոնավությունն է իր միջից դուրս գալիս։ Այդպես բացատրեցին, բայց ես չհավատացի։ Մեծն Համոյի պես եմ մտածում՝  Սյունյաց քարերը մարդու պես լաց են լինում։ Նիկոլը ինչ եկավ, չեկավ, ցավ ցանեց մեր երկրում, Սյունիքում։ Վախենում եմ գնալ ու տեսնել, որ Սյունյաց ողջ քարերը խեղդվում են լացից։