ԺՊ-ի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես

ԺՊ-ի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես

Այսօր Ագզային ժողովի լրատվական ծառայությունը մի հաղորդագրություն է տարածել. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հանդիպման մասին»։ Հենց այսպես էլ կոչվում է հաղորդագրություն, վերնագրում այս երկար-բարակ նախադասությունն է գրած, թե ինչի մասին է այս հաղորդագրությունը։

Նախ նկատենք, որ նման ձևի ու նման վերնագրով հաղորդագրություն առաջ՝ «Սերժի վախտ», ԱԺ-ն երբեք չէր տարածում, այն ժամանակ այդքան չէին իջել, որ լրատվականով նման ռելիզներ ուղարկեին, երկրորդ՝ անհավանական էր նաև նման բովանդակությամբ հաղորդագրություն ստանալ նախկինում։

Իսկ բովանդակությունը հետևյալն է․ «Արարատ Միրզոյանը Աշոտ Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են ՍԴ դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը 2020 թվականի հունիսի 26-ի դրությամբ եղել է 12 տարուց ավելի:

ԱԺ նախագահը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն դադարել է նաեւ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, եւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները մինչեւ ՍԴ նոր նախագահի ընտրությունները իրականացվում են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից:
Քանի որ 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է, Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ»։

Նման մառազմատիկ բովանդակությամբ հաղորդագրություն միայն Արարատ Միրզոյանի ղեկավարած խորհրդարանը կարող էր ուղարկել։ Մեկը լինի հարցնի՝ Սահմանադրական դատարանի ԺՊ-ին հանդիպել շնորհավորել ես, որ ի՞նչ անես։ Որ պաշտոնապես այդ մարդուն իրազեկես սահմանադրական կարգը տապալելու մասի՞ն։ Դու օրենսդիր մարմնի ղեկավար ես, որպես ի՞նչ ես հանդիպել իշխանության մեկ այլ ճյուղի ներկայացուցչի հետ, որն անգամ չի էլ նշանակվել որպես դատարանի նախագահ, այլ ընդամենը ստանձնել է ձեր կողմից ուժով հեռացված ՍԴ նախագահի պարտականությունները։ Ուզում եմ օր առաջ և բոլոր հնարավոր ձևերով հայտնե՞ք ձեր ապօրինության  մասին, թե՞ ուզում եք մանկական հրճվանքով ձեր «հաղթանակը» տոնեք՝ ցույց տալով, որ արդեն զավթել եք Հրայր Թովմասյանի աթոռը, այն արդեն ձերն է, դրա համար օֆիցիալ հանդիպում եք կազմակերպել այդ աթոռին նստեցված անձնավորության հետ։ Հետաքրքիր է՝ այս «մանկապատանեկան» հանդիպման ու դրա մասին իրազեկելու գաղափարը հենց Արարատ Միրզոյանի՞նն է, թե՞ նրան ինչ-որ մեկը հուշել է, ասենք՝ իր 25-ամյա խորհրդականը, ում համար հատուկ օրենքը փոխեցին, որ նա դառնա ԱԺ նախագահի խորհրդական։ 

Ի դեպ, երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն նամակ էր հղել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ իր մտահոգությունները հայտնելով Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումների առնչությամբ՝ նշելով․ «Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին»։ Նա նաև կոչ էր արել հարգել Սահմանադրությունը։

Այսինքն՝ Բուքիքիոն երեկ պաշտոնապես ՍԴ նախագահ է ճանաչել Հրայր Թովմասյանին, ումից խլեցին այս աթոռը, իսկ այսօր Արարատ Միրզոյանը հանդիպում է Թովմասյանի տեղը «նշանակված» Աշոտ Խաչատրյանին՝ ցույց տալով, որ իրենք թքած ունեն և՛ Սահմանադրության ու օրենքների, և՛ Վենետիկի հանձնաժողովի ու նրա նախագահի վրա։ Թեպետ՝ դա նրանք վաղուց էին ապացուցել։ Խեղճ Բուքիքիոն ինչ իմանար, որ գործ ունի Նիկոլ Փաշինյանի իշխանության ու նրա օրոք ԱԺ նախագահ աշխատող Արարատ Միրզոյանի հետ։ Ի դեպ, հաղորդագրության մեջ չի նշվում, թե օրակարգային ինչ հարցեր են քննարկել Միրզոյանն ու Խաչատրյանը, հաղորդագրությունն ընդամենը հանդիպման մասին էր՝  «ի տապալումն թշնամյաց», որ ցույց տան իրենց երեխայական հրճվանքն ու օրենքով չամրագրված «հաղթանակը»։