Հայ-հարայ, հասե՜ք

Հայ-հարայ, հասե՜ք

ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը Regnum-ում հերթական հոդվածն է հրապարակել  որտեղ նա արցունքով լի աչքերով փառաբանում է ՌԴ նախագահի կազմակերպած զորահանդեսը, ապա անցնում Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցությանը եւ զուգահեռաբար՝ Հայաստանում «սորոսականների» կողմից ռուսաստանյան ռազմաբազաների, ռուս սահմանապահների դեմ քարոզչությանը, ապա ռուս հանրությանը եւս մեկ անգամ «հասկացնում» Թուրքիայի նեօսմանական քաղաքականությունից բխող վտանգները, ինչպես նաեւ՝ հավաստիացնում, որ հայ ժողովրդի մեծամասնությունը հավատարիմ է Ռուսաստանի հետ դարավոր բարեկամությանը եւ սահուն անցնում բուն ասելիքին. Արդարացի կլիներ, եթե Հայաստանի նախորդ գումարման ԱԺ խմբակցությունները կազմավորեին Համակարգող խորհուրդ՝ ներգրավելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանին, հայտնի քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանին, պետական հայտնի գործիչ Դավիթ Շահնազարյանին:

Գեղամյանը համոզված է, որ հարցի նման դրվածքին կհամաձայնեն քաղաքական ուժերի մեծամասնության առաջնորդները, իսկ նրանց կարգախոսը պետք է լինի «Հայաստանի ազգային շահերին դավաճանությունը չի անցնի»:

Ամեն ինչ քաղաքական մրցակցության տրամաբանության մեջ է, ընդդիմության նպատակն, ի վերջո, իշխանության հասնելն է, եւ Արտաշես Գեղամյանն իրավունք ունի քննադատել վարչապետ Փաշինյանին, պահանջել նրա հրաժարականը, իր տեսակետն արտահայտել հարցազրույցի, ֆեյսբուքյան «լայվի» կամ հեղինակային հոդվածի ձեւով: Բայց ինչու՞՝ ռուսաստանյան մամուլում: Եւ ինչու՞ այն հստակ շեշտադրմամբ, որ Փաշինյանի կառավարությունը Միացյալ Նահանգների դրածոն է, դեմ է հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը: Տպավորություն է, որ Գեղամյանը ոչ այնքան հայ, որքան ռուսաստանյան հանրությանն ու նրա միջոցով՝ ՌԴ իշխանությանն է հասցեատեր ընտրել եւ բառացիորեն ասում է. «Հայ, հարայ, հասեք, թե չէ կորցնում եք Հայաստանը, ուրեմն եւ՝ ամբողջ Կովկասը»: Դա առնվազն տգեղ է: Եւ հետո՝ իսկ եթե Ռուսաստանն ի՞նքն է ուզում կորցնել: Եթե մի օր որոշի հեռանա՞լ: Գեղամյանն այդ մասին մտածե՞լ է: Թե՞ կան շրջանակներ, որ կարծում են՝ Հայաստանից կամ իրենցից է կախված Կովկասում ռուսական ներկայությունը: