Արտադրամասի փոշին մառախուղ է կապում գյուղի վրա

Արտադրամասի փոշին մառախուղ է կապում գյուղի վրա

Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի վարչական տարածքում գործող «Դիատոմիտ» գիտաարտադրական ընկերությունը շրջակա միջավայրի համար մի շարք խնդիրներ է առաջացրել։ 
Գործարանի արտադրանքի արտանետումները՝ հիմնականում փոշու տեսքով, արդեն վնաս են պատճառում ոչ միայն միջավայրին, այլեւ բնակիչների առողջությանը։ «Այս խնդիրը մի քանի տարվա պատմություն ունի ու եթե ի սկզբանե խնդիրը միայն կենցաղային էր, որը մինչ օրս էլ կա, քանի որ րոպեների ընթացքում տան կահույքի վրա նկատելի է մեծ քանակությամբ փոշի, այժմ արդեն այդ փոշին զգալի է մեր աչքերում եւ կոկորդում, իսկ մնացած խնդիրների մասով գուցե ամիսներ հետո ցույց տան արդեն բժշկական ուսումնասիրությունները»,- մեզ հետ զրույցում նշեց Նոր Կյուրին գյուղի բնակիչներից մեկը՝ նկատելով, որ հատկապես այս շոգերին դիմանալ չի լինում, քանի որ փոշու պատճառով չեն կարողանում անգամ պատուհան բաց թողնել։  

Դեռ 2018-ից գյուղացիները պարբերաբար նամակներ են գրել համայնքապետարան, մարզպետարան, նախարարություն, տեսչություն, անգամ վարչապետին են դիմել․ «Մի անգամ եկել են, ստից տուգանել, մի քանի օր չեն աշխատել, հետո նորից՝ նույն պատմությունը»։ Ավելին՝ 2019-ին էլ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն է ստուգում իրականացրել ընկերությունում, որի արդյունքում «Դիատոմիտ» գիտաարտադրական ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության, քանի որ արձանագրվել է, որ ընկերության կողմից թույլ է տրվել բնապահպանական օրենսդրության խախտում, մասնավորապես՝ իրականացված աղտոտող նյութերի արտանետումները մթնոլորտ կատարվել են առանց համապատասխան լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության, ինչի հետեւանքով ընկերությանը տրվել է հանձնարարական՝ խախտումները վերացնելու մասին։ 

Գյուղացիներից մեկն ուրիշ դեպք էլ նշեց, որ խնդիրը բազմիցս բարձրաձայնել են, բայց «ամեն աղմուկից հետո գործարանն ինչ-որ կերպ այնպես է անում, որ փոշին կտրվում է մի քանի օրով, բայց 10-15 օր հետո նորից նույն խնդրի առաջ ենք կանգնում։ Իսկ այդ փոշին առաջանում է, քանի որ իրենք գործարանում դիատոմիտ են աղում եւ հումք են ստանում, այդ փոշին էլ այդ աղալու հետեւանքով է առաջանում եւ տարածվում շրջակա գյուղերի վրա։ Հիմա իրենց ֆիլտրերը կա՛մ հին են, կա՛մ չեն ուզում նորացնել։ Սա է խնդիրը։ Դա հենց գյուղին կպած արտադրամաս է, որը կոմունիստների ժամանակից կա, բայց աշխատում է վերջին 15 տարին, իսկ խնդիրն առավել սրվել է վերջին 5-6 տարում, որի մասին միշտ բարձրաձայնել ենք ու միշտ նույն ցրողական պատասխաներն ենք ստացել»։    

Գյուղացիներն ահազանգում են, իսկ տարեցարի վիճակն ավելի է սրվում։ «Իրիկվա ժամերին որ գաք, կտեսնեք՝ ոնց որ ձմեռվա մառախուղ լինի, այդ փոշին մառախուղ է կապում գյուղի վրա, ու դրսում ո՛չ նստել է լինում, ո՛չ քայլել․․․։ Կեսօրվա ժամերին կիսատ են աշխատում, որ փոշին այդքան ակնհայտ չերեւա, բայց հենց մութն ընկնում է, սկսում են փոշի-դուման անել»,- ասում է զրուցակիցս ու հավելում, որ, կախված քամու ուղղությունից, փոշին քշում-տանում է կա՛մ Խարբերդ, կա՛մ Այնթապ, կա՛մ էլ իրենց գյուղ՝ Նոր Կյուրին․ «Նույն բողոքը նաեւ այդ գյուղերից կա, իրենք էլ են տարբեր տարիների բողոքներ, նամակներ գրել»։ 

Գյուղացիները չեն հավատում ո՛չ գործարանի, ո՛չ էլ պատկան մարմինների հավաստիացումներին, որովհետեւ ամեն անգամ խաբվել են, բայց այս անգամ վճռական են տրամադրված, հարցին վերջնական լուծում տալու համար պատրաստ են անգամ փողոց փակել։ 

Մասիս խոշորացված համայնքի Նոր Կյուրին վարչական շրջանի ղեկավար Մյասնիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախօրեին հանդիպել է գործարանի ինժեներ Սուրեն Սարիբեկյանի հետ, ով 20 օր ժամանակ է խնդրել՝ արտադրամասի ֆիլտրացումը կարգավորելու համար․ «Ասաց՝ նասոս է ման գալիս, որ փոխի ու հարցը կարգավորի։ Հիմա ինքը մեծ, հզոր նասոս է ման գալիս, որ փոխի, ու հարցը լուծվի։ Երեկ առավոտ իր մոտ էի, ու մի ժամից ավել ահագին խոսել ենք, շրջել եմ տարածքում։ Հիմա ես էլ եմ այդ նասոսը ման գալիս, որ գտնենք՝ հարցը լուծենք»։ 
Եթե խնդիրը միայն «նասոսն» է, ինչո՞ւ մինչեւ հիմա այդ հարցը չի կարգավորվել, եւ ի՞նչ երաշխիք կա, որ նորից արտադրամասը չի շրջանցի այդ հարցը։ «Դե, երդվեց ու ասաց, որ 20 օրում այդ հարցը կլուծեն, ասացի՝ եթե չէ, ժողովուրդը ոտքի է ելել, ու հարցը մինչեւ վարչապետ կբարձրացնեն։ Հիմա ես էլ եմ ուզում հարցը շուտ լուծվի, ու այդ պրոբլեմներից դուրս գանք»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից էլ գրավոր հարցում ուզեցին մեզնից, մինչեւ ուսումնասիրեն ու հասկանան հարցի լրջությունը։