Խիղճը՝ որպես քաղաքական կատեգորիա

Խիղճը՝ որպես քաղաքական կատեգորիա

Ամառվա տապն իր հետ թմբիր է բերել հոգնած հայ հասարակությանը, եւ թվում է՝ պատերազմի հետեւանքների մասին մտածելու, դրանք հաղթահարելու ուղղությամբ որեւէ մեկը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, ո՛չ կամք, ո՛չ ջանք է ցուցաբերում։ Արցախի, կորսված Շուշիի, մեր մյուս հրաշալիքների մասին երգերի կամ գրքերի շնորհանդեսներից, փրկված մշակութային կոթողների երեւանյան ցուցադրումից այն կողմ ոչ ոք չի անցնում։ Հադրութից տեղահանված կանանց պատրաստած բարիքների համտեսը, Արցախի զվարճախոս Պըլը Պուղու սրամտությունները հիշատակելը, Երեւանի մի քանի անկյուններում էլ Արցախի դրոշը տնկելը թերեւս ազգափրկիչ մեծագույն մի ծառայություն է, որը շուտով կհամալրի ժամանակին կորսված Անիի, Կարսի կամ Նախիջեւանի մասին ավանդազրույցների շարքը։

Իսկ պետականակործան նոր աղետները միայն առջեւում են, եւ դրանց կանխարգելման ուղղությամբ որեւէ քայլ չի նախաձեռնվում։ Այս իշխանախումբը վաղուց խաթարել է պետության հետ կապված մարդկային հիմնարար զգացումներն ու նույնիսկ բնազդները, սիրո, համերաշխության եւ միասնության փոխարեն՝ երկպառակության, հարմարվողականության եւ անպատասխանատվության շքահանդես է՝ Խորենացու «Ողբի» հանգույն։ Ոչ միայն հանրությունը, այլեւ, ցավոք, զորքերն են այդ վիճակում՝ անկարգապահ, բարոյալքված, հաղթված եւ հեղինակազուրկ, անցյալի հաղթանակներից զրկված, ապագա հաղթանակների հույսը՝ խորտակած։ Նախկինի ու ներկայի, սեւ-սպիտակի, գելի ու գելխեղդի բաժանման ամենանկարագրական օրինակներն ի ցույց են դրվել հենց բանակի զորահրամանատարների օրինակով, այնպես որ՝ զինված ուժերն ամենաշատն են տուժել այս դավադիր արկածախնդրությունից։

Պատերազմից առաջ շատ քննարկված՝ Փաշինյանի եւ Ալիեւի «վերելակային դիվանագիտությունը», որի թեզը հենց ընդդիմության կողմից հաճախ պարզունակացվում է, պատերազմից հետո լրացուցիչ աստառ ստացավ՝ հրապարակվեց Սերժ Սարգսյանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունը։ Ազատագրված տարածքների դիմաց հինգ միլիարդ դոլար վճարելու ալիեւյան միջնորդավորված առաջարկն այն ժամանակ մերժվեց, բայց պարզ է, չէ՞, որ այն ուժի մեջ էր Հայաստանի ցանկացած հաջորդ առաջնորդի դեպքում՝ գուցե անգամ ավելի գրավիչ պայմաններով։ Եթե մեր հանրությունն արդեն մոռացել է այս բացառիկ կարեւորության դրվագի մասին, ինչո՞ւ ընդդիմությունը շարունակաբար չի հիշեցնում այն, ինչո՞ւ է խնայում Փաշինյանին՝ այլեւս չանդրադառնալով այս թեմային, երբ այն հանգուցային է, եւ բավարար ապացույցների դեպքում, որոնք Փաշինյանի օրոք պաշտոնավարած, ներկայումս ընդդիմադիր գործիչները, օրինակ՝ Արթուր Վանեցյանը, վստահաբար ունեն, կարելի է իշխանափոխության երաշխավորված արշավ սկսել։

Քաղաքական գործունեության մեջ խղճի կատեգորիան գուցեեւ հետնապահ է, եւ այն, որ այս իշխանախումբը ոչ միայն հայրենիքից, այլեւ անգամ սեփական ընտանիքի անդամներից կհրաժարվի, միայն թե պահի աթոռներն ու փողը եւ չհայտնվի անազատության մեջ, բազմիցս է ապացուցվել։ Սակայն քաղաքական արենայում, ցավոք, բավարար հետեւողականություն, սկզբունքայնություն եւ անկեղծություն դրսեւորող այլընտրանքային ուժեր եւս չեն ուրվագծվում, որոնք կխոսեին եւ կգործեին հավաքական խղճի թելադրանքով։

Մինչդեռ մեկ առանձին անհատ, օրինակ՝ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան, ինքնին կարծես ազգի խիղճը լինի, երբ հայրենիքին նվիրաբերելով իր ամենաթանկը՝ որդուն, առանց որեւէ ներքին կաշկանդման, քաղաքական պայմանավորվածության կամ «մարտավարական դադարի»՝ իրերն ու անձանց կոչում է իրենց անուններով։ Եվ կամ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի բացահայտ պաշտպանությամբ բազմիցս աչքի ընկած ՔՊ-ական կին պատգամավորներին, օրինակ՝ Լենա Նազարյանին եւ Մարիա Կարապետյանին հանդիման՝ հիշում ես արցախյան բոլոր պատերազմների մասնակից, «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանին՝ որպես թե՛ մարտադաշտում, թե՛ թիկունքում հայ տղամարդուն իրապես նեցուկ ու աջակից հայ կնոջ հավաքական կերպար։ Եվ ուրեմն՝ քանի դեռ հայի եւ հատկապես կնոջ այս տեսակը մեր կողքին է, հավաքական խիղճն ապրում է։

Դավիթ Սարգսյան