Հետախույզների՝ Հայաստան ժամանելուն հանգիստ եմ վերաբերվում

Հետախույզների՝ Հայաստան ժամանելուն հանգիստ եմ վերաբերվում

Առաջարկում եմ մի փոքր հանգստանալ նարիշկիններից, Թեհրանի եռյակից եւ, իհարկե, Ուկրաինային մատակարարվելիք ամերիկյան հրաշք զենքերի լուսանկարներից: Ճիշտ է, այդ ամենը կապված է մեզ հետ, առնչվում է մեր խնդիրներին, բայց դա չի նշանակում, որ պետք է հոգեխանգարմունքի հասնենք տարածաշրջանի կարեւոր մարդկանց ամեն մի ակնարկից ու բլթոցից: Ի վերջո, նրանք իրենց ասեղն են թելում, ոչ թե մեր: Ես էլ առաջարկում եմ հանգստանալ, մի փոքր շունչ քաշել ու զբաղվել մեր ոչխարներով: Նկատի ունեմ՝ մեր խնդիրներով, որոնք պակաս կարեւոր չեն, քան Իրանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունն իր երկրի ելքը Եվրոպա ապահովող հայ-իրանական սահմանի անձեռնմխելիության մասին: Եվ, առհասարակ, այս վերջին օրերի գեոպոլիտիկ իրարանցման վրա գլուխ ցավեցնելու մեծ անհրաժեշտություն չկա: Ամեն ինչ ավելի պարզ է, քան մեզ է թվում: Ո՞վ կասի՝ արտաքին հետախուզության 3 պետերից ով առաջինն այցելեց Հայաստան: Այո, Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հետո եկավ Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Ուիլյամ Բըրնսը եւ վերջում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Ոչ մեկին չի՞ հետաքրքրում, թե ինչու առաջինն Ալի Շամխանին եկավ: Պատասխանը շատ պարզ է: Իրանն աշխարհում ամենաուժեղ հետախուզական ցանցն ունի, իսկ Հայաստանը՝ ամենամեծ գործակալական ցանցը: Եվ բնական է, որ այս երկու հակընդդեմ ցանցերը ձգում են միմյանց: Հերթով եկան, սքանավորեցին, ռենտգեն գցեցին ՀՀ իշխանություններին ու գնացին Թեհրանում բանակցելու․ Էրդողանը՝ Բըրնսի, Պուտինը՝ Նարիշկինի, Ռայիսին՝ Շամխանիի տեսածով ու լսածով: Հետաքրքիր է, որ երեք նախագահներն էլ վստահ են եղել, որ Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, այլեւս գոյություն չունի: Հակառակ պարագայում, առանց Հայաստանի մասնակցության, Արցախի խնդրի եւ Հայաստանի սուվերեն տարածքի շուրջ այդպիսի «բազարներ» չէին լինի:
Հայաստանում այս ամենի հետ կապված՝ հորթի հրճվանք կա, որ պետք է արագ դադարեցնել: Հետախույզների հեռանալուց հետո կրկին գլուխ են բարձրացրել տարատեսակ գործակալներն ու իրենց տարատեսակ վերլուծություններով փորձում են գժանոց տանել մեր ժողովրդին, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո արդեն իսկ խարխափում է անորոշության տագնապի մեջ: Խզմալյան Տիգրանին, օրինակ, ծիծաղ է պատճառում Նարիշկինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է դժվար պահերին պաշտպանել իր դաշնակիցներին: Նիկոլական սատելիտների մեկ այլ խումբ, որին կարելի է թուրք-ադրբեջանական լոբբիստական բեւեռ անվանել, հիացած է Բըրնսի այցով, քանզի Բըրնսը, հասկանում ես, ողջունում է հայ-թուրքական գործընթացը: Իսկ ինչ վերաբերում է սեռական փոքրամասնություններին, որոնք գնալով ավելի մեծ ներկայություն են դառնում մեր ներքաղաքական կյանքում, ապա պետք է ասել, որ նրանց ավելի շատ հուզել է Եվրոպային ադրբեջանական գազի մատակարարումներն ավելացնելու հարցը: Նրանք կողմ են, որ հարազատ Եվրոպան դուրս գա ռուսական գազի կախվածությունից եւ նստի ադրբեջանական գազի ասեղի վրա: Իսկ որ դա կնշանակի «բայբայ, հայանպաստ բանաձեւեր», մեր տարասեռականներին դույզն-ինչ չի հուզում:
Հավանաբար նկատեցիք, որ ես էլ չեմ կարողանում շեղվել մեր շուրջը տիրող աննախադեպ իրարանցումից, բայց պետք է դա անել ամեն գնով՝ գժանոցում չհայտնվելու համար: Նիկոլը կասեր՝ գժանոցում չհայտնվելու գինը գժանոցում չհայտնվելն է: Այո, հենց այդպես էլ պետք է անել եւ գժանոց ուղարկել նրանց, ովքեր փորձում են մեզ հասցնել դրա դուռը: Եվ ուրեմն՝ գանք մեր խնդիրներին:
Այն պահից, երբ ՀՀ իշխանություններն առաջին անգամ խոսեցին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը «լուծարելու» մասին, ինձ համար պարզ էր, որ նրանք չեն մոռացել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, որ քիչ էր մնացել հեղաշրջում առաջացներ Հայաստանի Հանրապետությունում: ԳՇ-ն՝ Օնիկ Գասպարյանը եւ գրեթե բոլոր գեներալները պահանջել էին Փաշինյանի հրաժարականը՝ վերջինիս հռչակելով ՀՀ անվտանգությանն սպառնացող վտանգ: Օնիկ Գասպարյանը մի հարցում էր միայն սխալվել: Նա պետք է նախ գործեր եւ հետո միայն հայտարարություն տարածեր՝ գժին գժանոց տանելու մասին: Եվ այդ սխալի գինը եղավ այն, որ գժանոցում հայտնվեց երկրի ողջ գեներալիտետը:
Այս մասին կարելի էր նույնիսկ ֆանտաստիկ գրքեր գրել, բայց թեման այլեւս ակտուալ չէ, որովհետեւ օրենսդրություն փոխվեց Հայաստանում, եւ կես տարուց ավելի ԳՇ պետ չունենալուց հետո  նույն անվան տակ հրապարակ բերվեց մի նոր պաշտոնյա՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակով: Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները գնացին այդ քայլին: Այս հարցի պատասխանը, որքան էլ ՔՊ-շնիկներն ասեն, թե բարեփոխումներ են անում բանակում, ինձ համար միանշանակ է՝ Նիկոլին նոր Օնիկ Գասպարյան, որ կարող է բոլորին իրենց տեղը դնել, պետք չէ: Օրերս այդ դառը ճշմարտությունը խոստովանեցին նաեւ իշխանության սպասարկու լրատվամիջոցները: Ահա այդպիսի մի մեկնաբանություն. «Քաղաքական ռիսկերը իշխանությանը բերեցին այն մտքին, որ ինստիտուցիոնալ առումով կա ԳՇ-ն քաղաքական կառույցին՝ նախարարությանը եւ նախարարին որոշակիորեն ենթակայեցնելու անհրաժեշտություն, հաշվի առնելով առկա օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք իրողություններ»: Ինչպես տեսնում եք, մնում է միայն իրերն իրենց անուններով կոչել՝ Նիկոլը ԳՇ պետի նախկին իրավասությունները համարել է ռիսկային, ՔՊ-ական նախարար է նշանակել, իսկ ԳՇ պետին դարձրել նախարարի առաջին տեղակալ: Ու դեռ լավ է, որ առաջին եւ ոչ թե վերջին տեղակալ է նշանակել:
Ի՞նչ է սա նշանակում, բացի այն, որ մենք դեռ մի որոշ ժամանակ էլ բանակ չենք ունենա: Սա նշանակում է, որ եթե ինչ-որ պահի ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չկարողանան պաշտպանել Փաշինյանի աթոռը, ՀՀ ՔՊ-շնիկ Պնախարարի հրամանով մեր քաղաքների փողոցներ դուրս կգան հայկական տանկերն ու զրահատրանսպորտյորները՝ իրենց թրթուրների եւ անիվների տակ ճզմելու Նիկոլի լավը չուզողներին:
Հիմա արդեն պա՞րզ է, թե ինչու էին Շամխանիով, Բըրնսով, Նարիշկինով-բանով լցվել Հայաստան: Եկել էին հասկանալու ՀՀ իշխանությունների եւ ՀՀ ԶՈւ ադեկվատության աստիճանը՝ Հայաստանի շուրջը ծավալվող իրադարձությունների հետ կապված: Իսկ ադեկվատության ոչ մի նշույլ: Չկայացած բանասերն ու պատմության ուսուցիչը մտել են ՀՀ պաշտպանության միջնաբերդ, որտեղ Հայոց բանակի գեներալները պատրաստ են նույնիսկ շալվարներն իջեցնել նրանց առաջ: Սրա ի՞նչը հետախուզես…