Ռուսաստանում հարկային ծավալուն փոփոխություններ կիրականացվեն

Ռուսաստանում հարկային ծավալուն փոփոխություններ կիրականացվեն

Ռուսաստանում առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն հարկային ծավալուն փոփոխություններ։ Ինչպես գրում են ռուս շատ վերլուծաբաններ եւ փորձագետներ, հարկային փոփոխությունների մասին խոսակցություններ վաղուց կային։ Եվ ահա, արդեն հայտնի է դարձել, որ դաշնային կառավարությունը Պետական դումա է ներկայացրել Ռուսաստանի հարկային համակարգի փոփոխությունների մասին քննարկումներ սկսելու նախաձեռնությունը։ Ըստ էության, ինչպես նշում են մասնագետները, սա նշանակում է հարկման հարթ սանդղակից անցում պրոգրեսիվ սանդղակի։ Խոսքը, ինչպես նշում է ռուս փորձագետ Վիկտորյա Նիկիֆորովան, անշուշտ, «ամեն բան վերցնելու եւ վերաբաժանելու» մասին չէ։

Ըստ ՌԴ ֆինանսների նախարարության, ահռելի թվով մարդկանց հարկային այս փոփոխություններն առհասարակ չեն առնչվի։ Հարկային փոփոխությունները, իսկ ավելի կոնկրետ՝ հարկերի բարձրացումը, կվերաբերի խոշոր կորպորացիաներին, մեծ շրջանառություն ունեցող բիզնեսին եւ շատ եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց։ Փոքր ու միջին ձեռնարկությունների 95 տոկոսն աշխատելու է նախկին համակարգով։ Հիշեցնենք, որ Ռուսաստանում հարկման հարթ սանդղակը ներդրվել էր 2001 թվականին, երբ երկիրը դեռ նոր-նոր էր դուրս գալիս տարերային 90-ականների տնտեսական փոսից։ Այն, անշուշտ, դրական ազդեցություն ունեցել է։

Նախ բիզնեսի մեջ մասնավոր դրամական միջոցների մեծ ներհոսք է եղել, եւ ապա՝ գործարարները հասկացան, որ ժամանակին հարկեր վճարելն ու օրինական կերպով զարգանալը դինամիկ է եւ անվտանգ։ Իսկ դա շատ ավելի հաճելի էր, քան տարերային 90-ականների բարքերը։ Հենց հարկային համահարթեցման սանդղակի համակարգը Ռուսաստանում ապահովեց տնտեսական առաջընթաց, եւ երկիրը կարողացավ տնտեսական եւ ֆինանսական առումով ոտքի կանգնել։ Սակայն տնտեսական կտրուկ առաջընթացը նաեւ իր բացասական ասպեկտներն ունեցավ։ Նախ՝ եկամուտների անհավասարությունը սկսեց կտրուկ նկատվել։ Եվ ապա սկսվեց ֆինանսական միջոցների արտահոսքը դեպի արտասահման, երեւույթ, որը թերեւս բոլոր երկրներին է հատուկ։ Միայն վերջին մի քանի տարիներին, աշխարհաքաղաքական իրավիճակի լարմանը զուգահեռ, ինչպես նշում է Bloomberg-ը, ռուս միլիարդատերերը սկսեցին իրենց միջոցները «հայրենադարձել» դեպի Ռուսաստան։

Հարկային համակարգի փոփոխությունների շահառուները լինելու են ըստ նախագծի՝ երեխա ունեցող ընտանիքները, ինչպես նաեւ այն տարածաշրջանները, որտեղ առկա են դեմոգրաֆիական եւ տնտեսական դժվարություններ։ Նոր հարկային համակարգով հավաքված գումարները գնալու են ազգային նախագծերի իրականացմանը, որի համատեքստում հատկապես ուշադրություն են դարձնելու սոցիալական ոլորտին։ Գոնե այդպես ասվում է պաշտոնապես։ Թե ինչպիսին կլինեն արդյունքները, ներկայում դժվար է ասել։ Սակայն, ամեն դեպքում, շատ վերլուծաբաններ արդեն այսօր փորձում են մեկնաբանել, որ նոր հակամարգը գուցեեւ կարողանա օգնել՝ հաղթահարելու այն հոգեբանական բարդույթը, որն առկա է ռուսների մեծ մասի մոտ՝ կապված 90-ականներին տեղի ունեցած անարդարացի մասնավորեցման հետ։