«Հրապարակ». Ի՞նչ է տեղի ունենալու մայիսի 26-ին

«Հրապարակ». Ի՞նչ է տեղի ունենալու մայիսի 26-ին

Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Ի՞նչ է սպասվում այդ օրը։ Զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։

- Մայիսի 26-ի հանրահավաքից ի՞նչ ակնկալիք ունեք։

- Այդ հանրահավաքին ավելի շատ մարդ է գալու, կարծում եմ, որ առնվազն մայիսի 9-ին հավաքված ժողովուրդը կգա։ Շատ կարեւոր են դրանից հետո կատարվող գործողությունները։

- Ի՞նչ գործողություններ են լինելու, մայիսի 9-ին տուն ճամփեցիք քաղաքացիներին, ինչից շատերը հուսալքություն ապրեցին։

- Ակտիվ գործնական փուլ ենք մտնելու, կլինեն տարբեր ակցիաներ, միջոցառումներ։ Մայիսի 26-ից հետո իշխանությունը պիտի իշխանափոխության հետհաշվարկ սկսի։ Շատ կարճ ժամանակահատվածում տեղի կունենա այս ապազգային թրքածինների հեռացումն իշխանությունից։ Մայիսի 26-ից մարդիկ պիտի ակտիվ ներգրավվեն պրոցեսների մեջ, մարդիկ ոչ միայն հրապարակում պետք է մեկ ժամ կանգնեն, այլ ակտիվ մասնակցեն պրոցեսներին։

- Իմպիչմենթի գործընթաց եք հայտարարել, ոմանք կասկածում են, որ դա դրական հանգուցալուծում կստանա։

- Չենք կարող ասել, որ ոչ մի տեղ չի տանելու։ Այս գլխից համարել ձախողված՝ ճիշտ չէ։

- Այսինքն, վստահ եք, որ ՔՊ-ական պատգամավորները, տեսնելով հազարավոր քաղաքացիների բողոքը, կմիանան Փաշինյանին իմպիչմենթ հայտարարելու գործընթացի՞ն։

- Ես կարծում եմ, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը տրամադրում է, որ բոլոր իշխանականները կարողանան այս շանսն օգտագործել եւ աջակցել այս շարժմանը։ Սա միակ ճանապարհն է՝ երկիրն այլ ցնցումներից զերծ պահելու համար։ Մեր երկիրը կհայտնվի շատ վատ վիճակում, ադրբեջանական կողմը նորանոր պահանջներ է ներկայացնելու։ ՔՊ-ականները պիտի պահն օգտագործեն։ Իշխանական պատգամավորների վրա պիտի ճնշում գործադրվի։ Նրանք պիտի հասկանան, որ չեն կարող Հայաստանը սկուտեղի վրա հանձնել Ադրբեջանին եւ հանգիստ ֆռֆռալ։ ՔՊ-ական պատգամավորներից մեկի բարեկամն էր մոտեցել, ասաց՝ թույլ կտա՞ք գնամ իր հետ զրույց ունենամ, ասացի՝ համեցեք, գնացեք ու զրուցեք։ Մեկի կինն է, մյուսի՝ եղբայրը, երրորդի՝ հայրը։ Հասարակության մեջ այս մթնոլորտն է, ճնշումն էլ պիտի ավելանա, որ ՔՊ-ականները հասկանան՝ Հայաստանի ճակատագրի հետ գործ ունեն եւ չեն մարսելու։