Բարդիները չեն խշշալու, լացելու են միայն ուռենիները

Բարդիները չեն խշշալու, լացելու են միայն ուռենիները

Գյումրու ավագանու որոշմամբ «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու հարակից պուրակում գտնվող 51 բարդիները հատվելու են և փոխարինվելու են նոր ծառատեսակներով։ Պարզվում է, որ բարդիները խանգարում են եկեղեցու բակում տարվող շինարարական աշխատանքներին։ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքով՝ այդ ծառերն իրենց կենսունակությունը կորցրել են եւ արմատներն այնքան են ծավալվել, որ  կոմունիկացիաներին են վնասում, վթարների պատճառ են դառնում։ Ճարտարապետը նշեց, թե անգամ  նախագծողների կողմից եզրակացություն կա, եթե բարդիների հարցը չլուծվի, «Սուրբ Ամենափրկիչ»-ի բակի շինարարությունը կկանգնի։

Նշենք, որ քաղաքապետարանում այդ թեմայով վերջերս նաև հանրային քննարկում էր կազմակերպվել, որին մասնակից բնապահպաններն ու ՀԿ ներկայացուցիչները դեմ էին արտահայտվել։ Հարակից տարածքի բնակիչները նշում են․ «Ցավոտ խնդիր է դարձել բնակիչներիս համար, երբ իմացանք որ բարդիները կտրում են:Մենք վստահ չենք, որ կտրված ծառերի փոխարեն ավելի լավը կտնկվի, երկար ժամանակ փայփայած մեր բարդիները մաքրում էին օդը»:

«Կլինի՞ մի օր, որ մեր երկրում որոշումները կատարվեն փորձագիտական հիմնավորումների հիման վրա և նախապես մշակված պլան-ժամանակացույցով։ Ի վերջո բոլոր ոլորտներում էլ պրոֆեսիոնալներ ունենք, կարելի է չէ՞ հարցերը լրջորեն քննարկվեն, նոր դրվեն ավագանու քննարկմանը»,-նկատում է քաղաքացի Կարինե Կուրղինյանը։

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը կիսում է քաղաքացիների մտահոգությունը: Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ ավագանու անդամն ասում է․

«Շինարարությունը երբ սկսեցին, նախագծով ներկայացված չէր, որ ծառերը խանգարում են, հետո երբ հասան կոմունիկացիաներ անցկացնելու, ներկայացրեցին, էս հատվածի  ծառերն են խանգարում, հետո անցան մյուս մայթին, բայց ես գրություն ուղարկեցի եւ խնդրեցի տրամադրել բոլոր փաստաթղթերը, որից պարզ դարձավ, որ շինարարը դիմել է միայն աջ հատվածի համար։Մինչդեռ իրենք, բոլոր՝ 5 տասնյակից ավել ծառերի մասին են խոսում, եւ նույնիսկ հստակ անուն չի տրվում, թե որ ծառատեսակով են պատրաստվում փոխարինել արդեն կանաչած բարդիները ։Ի սկզբանե ոչ մեկ դեմ չէ կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինմանը։ Փոխարինել՝ ես հասկանում եմ ծառերի հատումից անմիջապես հետո փոխարինում, իսկ թե երբ են փոխարինելու, ինչ ծառատեսակով, քանի տարեկան ծառերով և դա ինչ գումարների հետ է կապված, առայժմ ոչ ոք չգիտի։

Ի դեպ, այդ բարդիներն իրենք խորը էտել էին, բայց  տեսեք՝ ինչպես են կանաչել խորը էտից հետո, ասում են՝ կենսունակությունը կորցրել են: Ես առաջարկում եմ գոնե հատել յուրաքանչյուր 3-րդը մեկ՝ պարբերաբար նոր տնկիով փոխարինելով, բայց ոչ  հատել անխտիր բոլորը՝ հաշվի չառնելով կենսունակ են, թե ոչ»։

Կարեն Մալխասյանը նշում է՝  քանի որ նման որոշման համար որպես հիմք ներկայացվել էր շինարարարի գրությունը և մոլորեցնող ձևակերպումը` թե իբրև 51 բարդին կորցրել են իրենց կենսունակությունը, ինքը դիմել է համայնքի ղեկավարին` դիմելու պետական կամ անկախ փորձագիտական կառույցի՝ ծառերի կենսունակության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու համար։