Խաչատրյանի անվան մրցույթը կանցկացվի 3 փուլով

Խաչատրյանի անվան մրցույթը կանցկացվի 3 փուլով

Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ կմեկնարկի Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։ Այն նպատակ ունի բացահայտելու տաղանդավոր երիտասարդների եւ հանրահռչակելու Արամ Խաչատրյանի արվեստը։ 

Այս տարի մրցույթը կանցկացվի «Ջութակ» մասնագիտական կարգում։ Երաժշտական ստուգատեսը տեղի կունենա 3 փուլով։ Առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-ին եւ 8-ին‚ երկրորդ փուլը՝ հունիսի 9-ին եւ 10-ին‚ երրորդ փուլը՝ հունիսի 11-ին եւ 12-ին։ Իսկ ահա՝ հունիսի 13-ին կայանալիք գալա համերգի ընթացքում հայտնի կդառնան մրցույթի հաղթողները‚ եւ տեղի կունենա պարգեւատրման արարողությունը։

Մրցույթի ծրագրում ընդգրկված են նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Այդպիսով՝ մրցույթի մասնակիցները սովորում եւ իրենց նվագացանկում ընդգրկում են հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները։ 
Առաջին մրցանակակիրը կստանա 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամական պարգեւ‚ 2-րդ տեղը զբաղեցնողը կպարգեւատրվի 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով‚ իսկ 3-րդ մրցանակակիրը կարժանանա 3 հազար դոլար մրցանակի։ Նախատեսված են նաեւ հատուկ մրցանակներ։ 

Հավելենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնեւում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է եւ գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։