Վերլուծություն

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ով ասում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, սխալվում է, Պուտինը շնորհավորել է` բաց եւ հրապարակային տեքստով: Հունիսի 11-ին «Ռոսսելխոզնադզոր» կոչվող կազմակերպությունը հայտարարեց, որ արգելում է Հայաստանից կարանտինային բոլոր ապրանքների արտահանումը Ռուսաստանի տարածք, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի տարածքով տարանցումը: «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ Հայաստանի կարանտինային եւ բույսերի պաշտպանության ծառայության անարդյունավետությունը սպառնում է Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությանը: Փաստացի, Ռուսաստանն արգելեց իր տարածք Հայաստանում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ամբողջ արտահանումը: Իսկ դրանից լավ շնորհավորանք չի լինում, ուղղակի ում ուղղված է շնորհավորանքը, պետք է կարդա եւ հասկանա: Ընդ որում, այս որոշումը կայացվեց այն նույն օրը, երբ Փաշինյանի հանձնարարությամբ որոշվեց ԲՀԿ-ին զրկել անգամ կեղծված ընտրությունների արդյունքում ստացած հինգ մանդատներից: Այսինքն, ապօրինություն իրականացվեց մի կուսակցության նկատմամբ, որի նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրությունների ամբողջ ժամանակ հանդես էր գալիս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կարգավորելու, Հայաստանի` ԵԱՏՄ անդամ մնալու օգտին:

Երբ Փաշինյանին հարցնում են, թե ինչու Ռուսաստանի նախագահն իրեն չի շնորհավորել, փորձում է առիթն օգտագործել եւ շողոքորթել Պուտինին՝ այն հույսով, որ այդ քծնանքը կօգնի իրեն՝ ստանալ ուշացող շնորհավորանքը. «Ես ութ տարուց ավելի է՝ աշխատում եմ ՌԴ նախագահի հետ, գիտեմ, որ նա ռացիոնալ մարդ է, հենվում է փաստերի եւ փաստարկների վրա, եթե նրանք ունեն մտահոգություններ, մենք համբերատար կփարատենք, ոչ մի խնդիր չկա: Եվ կշարունակենք աշխատել»: Վլադիմիր Պուտինը ռացիոնալ մարդ է, իսկ արդյո՞ք ռացիոնալ մարդ է Փաշինյանը: Երբ նա ասում է, որ Պուտինը հենվում է փաստերի վրա, նկատի ունի, որ ինքը Պուտինին կանգնեցրել է փաստի առաջ, եւ այդ փաստն իր գոյությունն է Հայաստանի վարչապետի պաշտոնում, եւ որպես ռացիոնալ մարդ՝ նա պետք է հարմարվի, համակերպվի այդ փաստի հետ: «Ռոսսելխոզնադզորի» որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Փաշինյանն իրեն հռչակել էր Հայաստանի վարչապետ, եւ ԿԸՀ-ն հրապարակել էր նախնական արդյունքները, նշանակում է, որ Ռուսաստանի նախագահը մտադիր չէ հաշվի նստել նկարված արդյունքների փաստի հետ:

Դատելով դեպքերի զարգացումներից՝ կարող ենք ասել, որ Ռուսաստանի իշխանությունը հետքայլ չի անելու նախօրոք արտահայտած դիրքորոշումից. Հայաստանը պետք է հստակ որոշում կայացնի` գնո՞ւմ է դեպի ԵՄ, թե՞ մնում է ԵԱՏՄ-ում: Ավելին, Հայաստանի խորհրդարանական կասկածելի ընտրություններից հետո, երբ այլեւս պարզ էր, որ Փաշինյանին հաջողվել է ձեռնասուն մեծամասնություն ձեւավորել, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի խորհրդարանի կողմից անցած տարվա գարնանն ընդունած օրենքը՝ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթաց սկսելու մասին, իրենք համարում են ընտրություն` հօգուտ ԵՄ-ի: Լավրովի ասածի իմաստն այն էր, որ քանի դեռ այդ օրենքը չի չեղարկվել, Ռուսաստանը համարելու է, որ Հայաստանը գնում է դեպի ԵՄ, եւ Հայաստանի հետ հարաբերությունները կառուցելու է դրանից ելնելով: Այսինքն, անգամ հստակ պատասխանին եւ համաժողովրդական հանրաքվեին այլեւս չեն սպասում:

Ռուսաստանը, արգելելով Հայաստանից ապրանքների ներմուծումն իր երկրի տարածք, ոչ միայն Հայաստանին դուրս է դրել ԵԱՏՄ-ից, այլեւ հռչակել է իրեն թշնամի երկիր, այո, թշնամի, անգամ` ոչ չեզոք: Որովհետեւ, եթե Հայաստանին վերաբերվեր որպես չեզոք երկրի, ապա կարող էր մաքսային կամ հարկային դրույքաչափեր սահմանել Հայաստանից կատարվող արտահանումների նկատմամբ: Միայն թշնամի երկրի դեպքում է, որ շուկան փակվում է ամբողջապես, առանց որեւէ բացառության:

Ռուսաստանը, իհարկե, կընդունի Հայաստանի գործող իշխանության գոյության փաստը, հնարավոր է, որ ընտրությունների, այսպես կոչված, պաշտոնական արդյունքները հրապարակվելուց հետո դրանցում արձանագրված կեղծիքների եւ ապօրինությունների մասին հիշատակումով հայտարարվի, որ Ռուսաստանի իշխանությունը դրանց արդյունքներն ընդունում է ի գիտություն: Բայց գործող իշխանության գոյության ճանաչումը ոչինչ չի փոխելու հարաբերություններում, տնտեսական կապերը չեն վերականգնվելու, թշնամանքին պատասխանելու են թշնամանքով, թշնամությունը գնալով խորանալու է: Իսկ թե ինչ տնտեսական եւ հումանիտար հետեւանքներ դա կարող է առաջացնել, կարող ենք միայն ենթադրել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image