ԱՄՆ-ն պատժեց Վրաստանին․ ի՞նչ է հայտնի

ԱՄՆ-ն պատժեց Վրաստանին․ ի՞նչ է հայտնի

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Վրաստանի համար ներդնում է վիզային ռեժիմի սահմանափակման քաղաքականություն՝ ի պատասխան երկրի խորհրդարանի կողմից ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի, որը համարում է ընդդիմությանը և ժողովրդավարական ազատությունները ճնշելու գործիք։
Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության կայքի՝ Բլինկենը հայտարարում է, որ այժմ կարող են նման պատժամիջոցներ սահմանվել։

«Յուրաքանչյուր ոք, ով խաթարում է Վրաստանի ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, այդ թվում՝ 2024 թվականի հոկտեմբերի ընտրություններից առաջ, դրա ընթացքում և հետո, այս քաղաքականության համաձայն, կարող է իրավունք չունենալ ստանալ ԱՄՆ-ի վիզա և այցելել Միացյալ Նահանգներ։ Այս անձանց անմիջական ընտանիքի անդամները նույնպես կարող են ենթարկվել այդ սահմանափակումներին», - ասվում է Բլինկենի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ բացատրվում է, որ Միացյալ Նահանգները կարծում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընդունել է խորհրդարանում, սահմանափակում է խոսքի և հավաքների ազատությունը և կարող է խոչընդոտներ ստեղծել անկախ մամուլի աշխատանքի համար։

Բացի այդ, ինչպես նշում է Բլինկենը, Վրաստանի իշխանությունները փորձում են վախեցնել և ճնշել նրանց, ովքեր համաձայն չեն նոր օրենքին, և այս ամենը հակասում է Վրաստանի սահմանադրության մեջ ամրագրված նպատակին՝ ինտեգրվել եվրատլանտյան հանրությանը։

Նրա խոսքով, այսօրվանից սկսվում է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների համապարփակ վերանայումը։
«Մենք շարունակում ենք հուսալ, որ Վրաստանի ղեկավարությունը կվերանայի օրենքի նախագիծը և քայլեր կձեռնարկի երկիրն ավելի առաջ մղելու դեպի ժողովրդավարություն և եվրաատլանտյան ինտեգրում: Երբ մենք վերանայենք մեր երկրների հարաբերությունները, հաշվի կառնենք Վրաստանի քայլերը՝ մեր գործողությունների վերաբերյալ որոշումներ կայացնելիս»,- ասվում է ԱՄՆ Պետդեպի ղեկավարի հայտարարության մեջ։