Դավութօղլուն վերջին «ծաղրածուն» չէ թուրքական կրկեսում` նրա հայտարարությունները համաձայնեցված են «կրկեսի տնօրենի» հետ

Դավութօղլուն վերջին «ծաղրածուն» չէ թուրքական կրկեսում` նրա հայտարարությունները համաձայնեցված են «կրկեսի տնօրենի» հետ

Թուրքական քաղաքական կլոունադան սկսում է հայկական թեմատիկայով հերթական «կրկեսային» ներկայացումը։
Այսպես, ️ինչպես հաղորդում են իրանական և թուրքական աղբյուրները, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ քանի որ «ադրբեջանական հողերն ազատագրվել են օկուպացիայից» (այսինքն՝ տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ողջ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքների մի մասի բռնազավթումը), իսկ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ իր հայտարարության մեջ իբր «հերքել» է ցեղասպանության մեղադրանքները (հավանաբար խոսքը Հայոց ցեղասպանության փաստը մոռանալու իշխանական հակապետական հայեցակարգի մասին է), Թուրքիան պետք է արագ (!!!) կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ։

Աչքերս լցվեցին «թավշյա» արցունքներով։ Սակայն մի կողմ դնելով հուզականությունը պետք է փաստել , որ այս պարագայում երկու հարց է առաջանում. Նախ, Ահմեդ Դավութօղլուն վերջին «ծաղրածուն» չէ թուրքական կրկեսում, և նման հայտարարությունները խիստ համաձայնեցվում են «թուրքական կրկեսի տնօրենի»՝ Ռեջեփ Էրդողանի հետ։
Եվ  հարց է առաջանում, թե ինչո՞ւ հենց հիմա թուրքերը որոշեցին ակտիվացնել Հայաստանի գաղութացման գործընթացը՝ այդ գործընթացը ավանդաբար անվանելով «հարաբերությունների կարգավորում»։ 

Երկրորդ. ես բազմիցս ասել եմ, որ Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակի վրաներկայիս հայկական իշխանության անբարոյական «պարերը» անպայման կօգտագործվեն թուրքերի կողմից՝ որպես Հայոց ցեղասպանության ժխտման փաստարկ։

Վերոգրյալի լույսի ներքո և հենվելով «անմեղության կանխավարկածի» սկզբունքի վրա՝ ակնկալում եմ մոտ ապագայում Դավութօղլուի հայտարարության վերաբերյալ Հայաստանի իշխանություններից ուղիղ, հասկանալի և ազնիվ հայտարարություն:

Արդյո՞ք ներկայիս հայկական իշխանությունը ճանաչում է ներկայիս Թուրքիայի պատմական պատասխանատվությունը՝ որպես Օսմանյան կայսրության իրավատիրոջ, իսկ` մեկուկես միլիոն հայերի բնաջնջման փաստը` որպես ցեղասպանության ակտ:
Այո՞, թե՞ ոչ:
PS. Եվ, այնուամենայնիվ, ինչու են թուրքերը նորից «ափալ֊թափալ» աղմկում։ Հարցն, իհարկե, հռետորական է, բայց, այնուամենայնիվ...

Արման Աբովյան