Մասնագիտական առարկաներ դասավանդողների համար ատեստավորումը կիրականացվի 4 ուղղությամբ

Մասնագիտական առարկաներ դասավանդողների համար ատեստավորումը կիրականացվի 4 ուղղությամբ

Նախնական մասնագիտական ուսհաստատությունները՝ ուսումնարանները, այս տարի կունենան 2 հազար 610, իսկ միջին մասնագիտական ուսհաստատությունները՝ քոլեջները, 7 հազար 490 շրջանավարտ: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտին:

ԼՂ-ից բռնի տեղահանված բազմաթիվ սովորողներ ընդգրկվել են նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, որոնց ուսուցումը կազմակերպվել է պետական բյուջեի միջոցներով: Ուսումնարաններում ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 103, իսկ քոլեջներում՝ շուրջ 1030 ուսանող: Այս ծրագրի իրականացման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է ավելի քան 135 մլն դրամ:

Այս տարի առաջին անգամ կիրականացվի նաեւ մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների վերապատրաստման եւ կամավոր ատեստավորման գործընթացը:

«Այս տարի մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների կամավոր ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն եւ խոհարարություն: Ի տարբերություն հանրակրթության՝ ՄԿՈՒ ոլորտում ատեստավորումն իրականացվելու է թե՛ տեսական, թե՛ գործնական աշխատանքների միջոցով: Մնացած մասնագիտությունների ուղղություններով եւս հաջորդաբար կշարունակենք ատեստավորման գործընթացը»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը: