Հսկայական գործ է կատարել Պապ թագավորը, ամենակարեւորը՝ բանակն է կայացրել

Հսկայական գործ է կատարել Պապ թագավորը, ամենակարեւորը՝ բանակն է կայացրել

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձել է Պապ թագավորի կերպարին՝ մասնավորապես նշելով, որ 2018 թվականից անընդհատ խոսում է Պապ թագավորի մասին, եւ սա այն խոսակցությունն է, որ ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ։ «Պապ թագավորն այլեւս չի սպանվելու։ Ես՝ որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ սա, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կգ-անոց ու ինչ մետաղից խաչ ուզում են դոշներից կախեն։ Այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի, եւ այդ երազանքն իրագործվել է, եւ այլեւս այդ երազանքը որեւէ մեկը չի կարող սպանել։ Սա է մեր քաղաքական առաքելությունը»,- շեշտել է Փաշինյանը։
Մի կողմից վարչապետը հայտարարում է, որ պատմական Հայաստանը սպառնալիք է իրական Հայաստանի համար, մյուս կողմից առաջնորդվում եւ օրինակ է բերում պատմական Հայաստանի պատմական կերպարներից մեկին՝ Պապ թագավորին, ում հետ կարծես ամեն գնով ուզում է նույնանալ։

Հետաքրքիր է, որ Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմության» մեջ Պապ թագավորին ներկայացնում է որպես դիվահար ու սրբապիղծ մեկի։ «Նրա մեջ բույն էին դրել մեծ քանակությամբ դեւեր ու միշտ երեւում էին այն մարդկանց, որոնք գալիս էին թագավորին տեսնելու, բայց երբ Ներսես հայրապետը կամ Խադ սուրբ եպիսկոպոսը մտնում էին թագավորի մոտ, դեւերն ի չիք էին դառնում եւ աներեւութանում: Եվ Պապ թագավորը շաղախված էր պղծության մեջ. երբեմն ինքը էգ էր դառնում եւ իրեն հանձնում էր խառնակության, երբեմն ուրիշ արուների էգ դարձնելով՝ խառնակվում էր նրանց հետ, երբեմն էլ անասունների հետ էր խառնակվում: Եվ այսպես իր կյանքի բոլոր օրերում նա ենթարկված էր դեւերին:․․․․ Իսկ հայոց Ներսես եպիսկոպոսապետը միշտ դիմադրում էր Պապ թագավորին, նախատում էր նրան ու հանդիմանում ծանր փաստացի հանդիմանություններով. նրա բազմաթիվ չար գործերի պատճառով թույլ չէր տալիս ոտք դնել եկեղեցու շեմքին ու ներս մտնել:․․․․ Երբ Պապը սուրբ Ներսես հայրապետին սպանեց, այնուհետեւ ամեն մարդ խոր տրտմության մեջ ընկավ: Հայոց աշխարհի բոլոր մարդիկ միաբան խոսում էին ու ասում. «Հայոց փառքը կորավ, Աստծո արդարը մեր աշխարհից վերացավ»: Իսկ նրա մահից հետո Պապ թագավորն այս ամենն ավերեց, եկեղեցու պատիվն անարգեց, Ներսես հայրապետի սահմանած շատ կարգերն ու բարեկարգությունները տապալեց ու մոռացության մատնեց: Նրա՝ այս աշխարհից գնալուց հետո շատ մարդիկ դարձան նախկին կռապաշտությանը. Հայաստանի շատ տեղերում կուռքեր կանգնեցրին Պապ թագավորի թողտվությամբ, որովհետեւ չկար մեկը, որ հանդիմաներ, չկար մեկը, որից քաշվեին, այլ ամեն մարդ համարձակ գործում էր, ինչ որ կամենում էր. շատ պատկերներ էին կանգնեցրել եւ նրանց երկրպագում էին»,- հիշատակում է Փ․ Բուզանդն իր «Հայոց պատմության» մեջ:

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը դժվարանում է մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը, քանի որ, ինչպես ինքն է ընդգծում, որոշակիություն չկա նրա խոսքում։ Վարչապետն այս էլ քանի տարի՝ հիշատակում ու զուգահեռներ է անցկացնում Պապ թագավորի հետ, Փաշինյանը հատկապես ո՞ր մասով է փորձում նույնանալ նրա հետ՝ եկեղեցուն հակադրվելո՞ւ։ «Չեմ կարող հասկանալ, որովհետեւ Պապ թագավորը եկեղեցու հետ իրականության մեջ առանձնապես խնդիր չի ունեցել, հակառակը՝ հայ եկեղեցին դարձրել է ավտոկեֆալ՝ ինքնուրույն, կտրելով նրան Կեսարիայից, եւ պետություն ու եկեղեցի խնդիր իրականության մեջ չի եղել, իսկ Ներսես Մեծի սպանությունն իրականության մեջ սարքովի նյութ է։ Ներսես Մեծը մահացել է իր բնական մահով, իսկ Բուզանդը, որ իր «Հայոց պատմության» մեջ հիշատակում է Ներսես Մեծի սպանությունը Պապ թագավորի կողմից, գրել է հոգեւոր եկեղեցական դիրքերից։ Մեր մասնագետներից լուսահոգի Բաբկեն Հարությունյանը դրա մասին մի քանի հոդված ունի, որտեղ հստակ նշում է, որ նման բան գոյություն չէր կարող ունենալ, ընդհակառակը՝ Ձիրավի ճակատամարտում կաթողիկոսը եւ հայոց թագավորը կողք-կողքի ապահովեցին մեր հաղթանակը։ Հակադրություն, որպես այդպիսին, եղել է դրա նախորդ շրջանում, խոսքը վերաբերում է Տիրան թագավորին եւ Հուսիկ կաթողիկոսին՝ 339-350թթ․-ին, Արշակ 2-րդի եւ Պապի ժամանակ Հայ առաքելական եկեղեցի եւ պետություն հակամարտություն չի եղել»,- ասում է Ա․ Մելքոնյանն ու նկատում, որ այսօրվա համատեքստում դա մեկնաբանել հնարավոր չէ։ Ինչպես որ չի կարող մեկնաբանել, թե Պապ թագավորի ու նրա պաշտոնավարման ժամանակաշրջանի միջեւ զուգահեռներ անցկացնելով, հատկապես ինչն է ուզում ընդգծել վարչապետը։

Մելքոնյանն ասում է՝ անկախ նրանից, թե ով ոնց է պատկերել Պապ թագավորին, դրանք հիմնականում շատ չեն տարբերվում իրարից․ «Հոգեւոր եկեղեցական ազդեցությունը հայ պատմիչների վրա, բնականաբար, հետք է թողել, եւ նրանք մեղադրանքներ են հնչեցրել աշխարհիկ իշխանության հասցեին, որը շատ հասկանալի, բնական երեւույթ է։ Օրինակ՝ հունահռոմեական հեղինակներից Ամիանոս Մարկելլինոսը հստակ նշում է, որ Պապն ինքնուրույն քաղաքականություն էր վարում, որը դուր չեկավ Հռոմին, մասնավորապես՝ կայսր Վաղեսին, ով տեսնելով, որ Պապը փորձում է Սասանյան Պարսկաստանի եւ Հռոմի միջեւ չեզոք քաղաքականություն վարել՝ ապահովելով Հայաստանի անկախությունը, Տրայանոս զորավարի միջոցով կազմակերպեց նրա սպանությունը, եւ եկեղեցին այստեղ՝ Պապի սպանության մեջ բացարձակապես կապ չունի, առավել եւս, որ Ներսես Մեծը մահացել էր մեկ տարի առաջ։ Նա հռոմեացիների հետ միշտ պայքարի մեջ էր եւ ասում էր, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեզ պատկանող տարածքները երկրի հարավ-արեւմուտքում վերադարձվեն Հայաստանին»։   

Պատմության ինստիտուտի տնօրենը նաեւ ընդգծում է Պապ թագավորի դերակատարումը երկրի, նրա սահմանների, հայոց բանակի կայացման գործում․ «Այդ իմաստով հսկայական գործ կատարեց ինքը՝ ե՛ւ բանակի թիվն ավելացրեց, ե՛ւ կուսանոցները, մենաստանները վերացրեց, որպեսզի կուսակրոնությունը չխանգարի բանակին զինվորներով ապահովելու գործին, որտեղ արձանագրեց լուրջ հաջողություններ։ Այն, որ ինքը խոշոր պետական գործիչ էր՝ այդքան երիտասարդ լինելով, երկրորդ կարծիք լինել չի կարող»։