«Հրապարակ». Նախկին դիվանագետներ, ովքեր այսօր անգործ են՝ պետության կողմից չպահանջված

«Հրապարակ». Նախկին դիվանագետներ, ովքեր այսօր անգործ են՝ պետության կողմից չպահանջված

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանը լավ դիվանագետների քրոնիկ անբավարարություն ունի` մարդկանց, ովքեր, գրագետ աշխատանք տանելով տարբեր երկրներում, կկարողանան Հայաստանը դուրս բերել 44-օրյա պատերազմից հետո առաջ եկած բարդ աշխարհաքաղաքական վիճակից: Հայաստանի դիվանագետների համար այժմ ահռելի աշխատանքային ճակատ է բացվել, սակայն ոչ միայն դուրս շպրտվեցին քաղաքական փորձառություն ունեցող դիվանագետները, այլեւ խիստ պակասել են բարձրակարգ կադրային դիվանագետները, որոնք «շկոլա» են անցել, միջազգային ասպարեզում աշխատանքի փորձ ունեն: 

Շատերը դեսպանի պաշտոնից հետ կանչվելուց հետո արհամարհվել են ԱԳՆ ղեկավարության կողմից, նրանց չեն հիշում, այլ աշխատանքի առաջարկներ չեն արվել: Ընդ որում, նրանցից շատերը 10, 20, 25 տարի եղել են դիվանագիտական ծառայության մեջ եւ տանը նստած՝ սպասում են կենսաթոշակային տարիքը լրանալուն։ Փոխարենը դեսպանի պաշտոն են ստանում մարդիկ, որոնք մղոններով հեռու են ոլորտից եւ ընտրվել են զուտ Նիկոլ Փաշինյանին ու նրա ՔՊ-ին սերտորեն հարելու հիմքով: 

Դասական օրինակ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը՝ Փաշինյանի անգլերենի նախկին ուսուցչուհին: Բազմիցս գրել ենք, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանները միշտ եղել են բարձր պրոֆեսիոնալներ՝ էրուդիտ, փայլուն դիվանագետ Ռուբեն Շուգարյան, գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյան, ԱԳՆ հնաբնակ Վարուժան Ներսեսյան․․․ Մակունցի ֆիգուրը նրանց ֆոնին տխուր է նայվում: Դեսպան նշանակվելուց հետո նա խուսափում է ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպելուց՝ հավանաբար, գիտակցելով, որ իրեն չեն ընդունում ու չեն սիրում: 

Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Սադոյանը նույնպես դիվանագիտական աշխատանքի փորձ չուներ, ընդամենը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր է եղել: Նրա մասին ասում էին, որ բիզնես ունի Վրաստանում ու լավ կապեր, դրա համար է դարձել դեսպան ու իշխանափոխությունից հետո էլ պահպանել է պաշտոնը: Հիմա արդեն նրան հետ կանչելու գործընթաց է սկսվել, անգամ հայտնի է փոխարինողի անունը: 

Առհասարակ, դիվանագետների ու ԱԳՆ ղեկավար անձնակազմի «հետկանչի» առումով 20-22 թվականները ռեկորդային էին: Պատերազմից մեկ ամիս անց պաշտոնից ազատվեցին նախարար Զոհրաբ Մնացականյանը, կես տարի անց էլ աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց հաջորդ նախարարը՝ Արա Այվազյանը: ԱԳՆ անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ նա ասաց, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր նրանով, որ «կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել … մեր ազգային եւ պետական շահերի դեմ»: Արա Այվազյանի հետ հեռացան նաեւ նրա 3 ոչ պակաս փորձառու տեղակալները՝ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը եւ Գագիկ Ղալաչյանը։ Նրանցից միայն Ապիտոնյանն այսօր աշխատանք ունի՝ Ռուբեն Վարդանյանի «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն է: Կարճ ժամանակ անց պաշտոնին հրաժեշտ տվեց ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, որը մի քանի երկրում արտակարգ եւ լիազոր դեսպան է եղել: Այսօրվա գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը թեեւ ունի արտակարգ դեսպանորդի դիվանագիտական աստիճան, բայց ավարտել է պոլիտեխնիկը եւ մասնագիտությամբ էլեկտրամեխանիկ է: 

Ձեզ որեւէ նոր պաշտոն առաջարկվե՞լ է՝ հարցրինք Ավետ Ադոնցին: Նա ասաց. «Անցյալ տարի ես՝ ինքս, հրաժարական եմ տվել, ես եմ հեռացել, ի՞նչ առաջարկ կարող է լինել, պարզ է, որ չի լինի»: Վահագն Մելիքյանին նույնպես ոչինչ չի առաջարկվել: «Եթե նույնիսկ առաջարկեին, ես որեւէ առաջարկ չէի ընդունի իրենցից»,- ասաց նա: Մելիքյանն ընդդիմադիր հայացքներ ունի եւ ոչ մի հանրահավաք բաց չի թողնում: Ինչո՞ւ դիվանագիտական փորձ ունեցող այսքան մարդիկ հեռացան ծառայությունից, ու նրանց նոր աշխատանքային առաջարկներ չեն արվում: «Ուրեմն պետք չեն, շատ պարզ է: Հին կադրերը, որ կային` 30 եւ ավելի տարվա փորձով, այլեւս պետք չեն, որովհետեւ այդ մարդիկ վտանգները տեսել են, ահազանգել են»,- կարծում է Մելիքյանը: 

Այսքան կադրային փոփոխություններ ԱԳՆ-ում եղել են թերեւս միայն 1991 թվականին, երբ երկիրը փոխում էր կուրսը: 2018-ից հետո դեսպանների շրջանում նույնպես «կադրային ջարդ» տեղի ունեցավ: Պաշտոններին հրաժեշտ տվեցին Հայաստանի համար առանցքային երկրների՝ ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում մեր դեսպանները՝ Վարուժան Ներսեսյանը եւ Վարդան Տողանյանը: Վերջինս դեսպան աշխատեց լարված իրավիճակում՝ քովիդ, ծիրանային պատերազմ, 44-օրյա պատերազմ, օգնությունների բաշխում պատերազմի օրերին: Իշխանությունները երկար ժամանակ Տողանյանին փոխարինող էին փնտրում։ ՌԴ իշխանությունները քմահաճ են դեսպանի հարցում եւ ձգձգում էին Վաղարշակ Հարությունյանի ագրեմանի հաստատումը: Ի դեպ, մեր տեղեկություններով, Ռուսաստանում դժգոհ են գեներալ-դեսպանից, եւ ՀՀ իշխանությունն էլ, ասում են, հասկացել է, որ սխալ նշանակում է արել, բայց վաղ են համարում փոխելը: 

Ավելի վաղ՝ 2018-ին, հետ կանչվեց Ղազախստանում դեսպան Արա Սահակյանը, որը կանգնած է եղել մեր պետականության ակունքներում: Սա եւս ակնհայտ քաղաքական որոշում էր: Սահակյանն այսօր վերադարձել է հրապարակային քաղաքական գործունեության, քննադատում է Փաշինյանի իշխանությանը, թեեւ 2000-ականների սկզբին սերտորեն շփվել է նրա հետ, երբ «Հայկական ժամանակը» տարիներ շարունակ իր շաբաթօրյա միջուկը տրամադրում էր «Արմատ» ՀԿ-ի շաբաթաթերթին, որի խմբագիրն Արա Սահակյանն էր: Այդ շրջանում Փաշինյանի հետ առնչված անձանցից զարմանալիորեն իրենց պաշտոնները պահպանեցին միայն Ալեքսանդր Արզումանյանը  (Շվեդիայում ՀՀ դեսպան) եւ Արտաշես Թումանյանը (Իրանում ՀՀ դեսպան), ով Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն էր եւ Սերժ Սարգսյանի կողմից էր դեսպան նշանակվել։ Իսկ այժմ մոտ մեկ տարի զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը եւ զբաղվում է երկաթուղու Երասխ-Մեղրի հատվածի վերականգնման գործով: 

2021 թվականին հետ կանչվեց Ինդոնեզիայում ՀՀ  դեսպան Ձյունիկ Աղաջանյանը եւ աշխատանքի առաջարկ չստացավ։ Նա եւս ամենահին ու հարգված դիվանագետներից է (համակարգում է 90-ականներից): Աղաջանյանին նույնպես կարելի էր տեսնել դիմադրության շարժման ցույցերին: Նա «Հրապարակին» տված հարցազրույցում օրեր առաջ ասել էր, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը սպառնալիք է մեր պետականության համար: Հասկանալի է, որ նման դիվանագետների ներկայությունն օրվա իսթեբլիշմենթում բացառվում է: 

Աշխատանք չունի նաեւ Իսրայելում (մինչ այդ` ՌԴ-ում) նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Նրա դեմ քրեական գործ կա հարուցված՝ ԱՕՔՍ-ի շենքի հետ կապված: Անգործ է նաեւ Իտալիայում նախկին դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը: Ի դեպ, նրան հետ կանչելուց հետո՝ մեկ տարուց ավելի, Հայաստանն Իտալիայում դեսպան չուներ: Ի վերջո, նշանակվեց Ծովինար Համբարձումյանը, որը չուներ դիվանագետի աստիճան եւ Հռոմ գնաց Փաշինյանի աշխատակազմից:  

Անհարգալից վերաբերմունք ցուցաբերվեց Լիտվայում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ։ Նա 20 տարուց ավելի Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ում, Գերմանիայում, Հնդկաստանում, եղել է փոխարտգործնախարար: Եվ ահա Վիլնյուսում մի քանի ամիս պաշտոնավարելուց հետո, երբ հաջողությամբ անցկացրել էր ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Լիտվա, առանց հիմնավորման հետ է կանչվում, եւ դեսպանի պաշտոնում գործի է տեղավորվում նախկին ՀՀՇ-ական եւ ՔՊ-ական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամենաջերմ ջատագովներից է եւ ունի մի անզուգական առավելություն՝ կարողանում է լավ լինել բոլոր իշխանությունների հետ, սակայն դիվանագիտական ծառայություն երբեւէ չի կատարել: Ի դեպ, նա թուրքահայ Սամսոն Օզարարատի հետ է շատ մտերիմ, իսկ Օզարարատն Աննա Հակոբյանի՝ Մոնակո եւ Նիցցա այցելության հովանավորն էր։

2020 թվականին հետ կանչվեց նաեւ Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, որը դիվանագիտական ծառայության մոտ 20 տարվա ստաժ ունի: Նրան փոխարինել է Արման Հակոբյանը, որն ունի դեսպանորդի աստիճան: Ծառայությունն ավարտել է նաեւ մեր արժանավոր դիվանագետներից մեկը՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: 
44-օրյա պատերազմից հետո դեռ հույս կար, անգամ նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակներում՝ Հայաստանի համար առավել շահեկան դիրքեր ապահովել: Դա կյանքի կոչելու համար պետք էր դիվանագիտական նուրբ աշխատանք կատարել, ինչին այսօրվա դիվանագետների մեծ մասն ունակ չէ: Մեկ տարի անց նման հույսեր այլեւս չենք փայփայում: Իսկ նախկին դիվանագետների մեծ մասը, չնչին բացառությամբ, լռում է եւ գործազուրկի կամ թոշակառուի անհոգ կարգավիճակում հետեւում մեր պետության գահավիժմանը: