Հ1-ում խմբագրի պաշտոն է ստացել եւ հրաժեշտ տվել իր ազատությանը

Հ1-ում խմբագրի պաշտոն է ստացել եւ հրաժեշտ տվել իր ազատությանը

Գրող, լրագրող Մհեր Արշակյանը, ով բավականին սիրված հեղինակ է եւ մեծ լսարան ունի ֆեյսբուքում, վերջին շրջանում շատ չեզոք եւ իշխանություններին աջակցող գրառումներ է սկսել անել: Օրինակ, մի քանի օր առաջ գրել է. «Այնուամենայնիվ, անհրաժեշտ է սահմանազատում եկեղեցու և պետության միջև», ակնարկելով տավուշյան շարժումը: Փետրվարին նա չգիտես ինչու անդրադարձել է 2013 թվականի դեպքերին եւ հրապարակում ունի. «ՀՅԴ-ն 2013-ի նախագահի ընտրություններում հաղթող թեկնածուին շնորհավորելու մասին. «Ի՞նչը շնորհավորես, երբ որ ընտրություններն ինքնին շինծու են»: Կամ` «Չորրորդ հանրապետության» մասին. «Այդ հանրապետությունում ոչ ոք ժողովրդին չի ասի ժեխ, նրան, որն իշխանություն ձեւավորելու միակ լեգիտիմ ուժն է երկրում»: Առհասարակ` նրա էջում բազմաթիվ հրապարակումներ տեսանք 2013 թվականի տարբեր իրադարձությունների եւ ելույթների վերաբերյալ, իսկ նոր ժամանակների մասին նա լռում է, կամ` փիլիսոփայական ու անհասկանալի գրառումներ անում:

Նման դեպքերում պարզ է, որ մարդու կյանքում խոշոր փոփոխություններ են եղել եւ մենք փորձեցինք պարզել, թե մեր գործընկեր, տաղանդավոր Մհեր Արշակյանն ինչո՞վ է այժմ զբաղված: Մարդ, ով ժամանակին «Ա1 +»-ում է աշխատել, ապա «Ալիքմեդիայում», թղթակցել է տարբեր կայքերի եւ աղմուկ հանած հրապարակումներ արել, ինչո՞վ է այսօր զբաղված: 

Պարզվում է` Մհեր Արշակյանն աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերությունում: Նա մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը. «Այո, լուրերի բաժնում խմբագրական աշխատանք եմ անում, արդեն երեք ամիս է» եւ չցանկացավ այլ հարցերի պատասխանել: 

Գաղտնիք չէ, որ Հ1-ի ղեկավարությունը խստորեն հետեւում է իր աշխատակիցների սոցցանցային գործունեությանը եւ արգելում է նրանց օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից` նրանք չեն կարող ոչ միայն իշխանություններին քննադատող ստատուսներ գրել, այլեւ լայքել այլ անձանց` քննադատություն պարունակող գրառումները եւ նման մի փաստը կարող է բավարար լինել մարդուն աշխատանքից ազատելու համար: Էլ չենք խոսում որեւէ քննադատական հոդված գրելու կամ միտք արտահայտելու մասին:

Այնպես որ մի ազատ մտածող մարդ էլ կորցրեց հանրությունը: