ԱՆ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ավելի հետաքրքիր աշխատանք է գտել ու հեռացել նախարարությունից

ԱՆ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ավելի հետաքրքիր աշխատանք է գտել ու հեռացել նախարարությունից

Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանից այսօր հետաքրքրվեցինք՝ ինքը, գալով նախարարություն, կարդային ջարդ կամ փոխատեցումներ իրականացրե՞լ է։

«Ես ջարդ ընդհանրապես որևէ պարագայում և ոչ մի բանում չեմ իրականացրել իմ կյանքում, կադրային փոփոխություններ իրականացրել եմ բոլոր էն տեղերում, որտեղ ղեկավար եմ եղել, ու նաև պատրաստվում եմ և իրականացրել եմ նաև այս նախարարությունում, և դեռ կարող են լինել շատ կադրային փոփոխություններ։ Մանավանդ, որ մարդիկ նույնպես, ինչքան էլ տաղանդավոր ու լավը լինեն, այսօր ստանում են մասնավոր ոլորտից առաջարկներ, իրենք են դիմումներ գրում, որովհետև ուզում են փոխել իրենց աշխատանքային ոլորտը, ու նաև ես եմ տեսնում մարդիկ, որոնց հետ մեր աշխատանքն այդքան էլ արդյունավետ չի ստացվում»,-ասաց Կարեն Անդրեասյանը։

-Իսկ նախկին նախարար Ռուստամ Բադասյանն ինչպիսի՞ կադրային բազա և համակարգ է թողել Ձեզ, երբ ստանձնեցիք այս պաշտոնը։

-Ես կարծում եմ՝ պարոն Բադասյանն ինձ թողել է բավականին առողջ, կենսունակ, տաղանդավոր մարդկանց թիմ։ Միևնույն ժամանակ, այդ նույն տաղանդավոր մարդիկ կարող են ինձ հետ մի ձևով աշխատել, իր հետ՝ մեկ այլ ձևով, և մենք շարունակականությունը պահում ենք թիմային մտածողությամբ։

-Բայց ասում են՝  Բադասյանը բազմաթիվ տաղանդավոր, լավ կադրերի ազատել է աշխատանքից, երբ եկել էր արդարադատության նախարարություն։

-Այդ հարցերն իրեն ուղղեք՝ ես իր փոխարեն չպատասխանեմ։

-Իսկ առանցքային պաշտոններում՝ աշխատակազմի ղեկավար, փոխնախարարներ, վարչության պետեր, այդ պաշտոններում փոփոխություններ սպասվո՞ւմ են ձեզ մոտ։

-Ոչ թե սպասվում են, այլև լինում են։ Հիմա էլ, օրինակ, երեկ է աշխատանքից ազատվել մեր նախաարրության աշխատակազմի գլխավոր քարտուղարը (այսինքն՝ աշխատակազմի ղեկավարը-խմբ․)՝ իր դիմումի համաձայն։ Եվ էստեղ ինտրիգ փնտրելու կարիք, կարծում եմ, չկա, իր ցանկությամբ է եղել, մենք շատ լավ աշխատել ենք, ես շատ գոհ եմ իր աշխատանքից, կարծում եմ՝ ինքն էլ ինձ հետ վատ չի եղել աշխատանքային հարաբերություններում, ուղղակի իր անձնական, ավելի հետաքրքիր կարիերայի զարգացման հնարավորություն ուներ՝ մարդը դիմել է, որպեսզի գնա։ 

-Մենք էլ գիտեինք՝ ձեզ մոտ է հետաքրքիր։

-Իր համար մասնավոր ոլորտը էս պահին ավելի հետաքրքիր է թվացել։ Իր փոխարեն ես չպատասխանեմ։ Եւ շատ մարդիկ կարող են գալ և գնալ, ու դրա մեջ, նորից եմ ասում, խարդավանքներ չկան։

-Իսկ ո՞վ է գալու իր փոխարեն։

-Դեռ մրցույթ ենք հայտարարելու, մի ամիս հետո երևի կիմանանք։