Քաղաքապետարանը «Դվինի Արտակին» պատին է դեմ տվել

Քաղաքապետարանը «Դվինի Արտակին» պատին է դեմ տվել

Մեկ ամիս առաջ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստի ժամանակ հայտարարեց, որ Արտակ Թովմասյանին պատկանող «Դվին» համալիրի ետնամասում երկու շենք կա, որտեղ ապօրինի հարկեր են ավելացվել․ «Կառուցապատողը օրենքով երկու ճանապարհ ունի՝ կամ  երկու հարկերը ինչպես որ կառուցել է, այդպես էլ պետք է վերացնի, կամ որպես ինքնակամ կառույց պետք է օրինականացվի ամբողջ շենքը, ինչը նշանակում է հսկայական գումար պետք է վճարվի քաղաքային բյուջե»։ Դվին հյուրանոցի վրա ավելացված ապակեպատ կառույցն էլ, ըստ Մարությանի, ապօրինի կառույց է և կրկին՝ կամ-կամ-ի երկընտրանքի կա։

Անցել է մեկ ամիս եւ քաղաքապետարանը, պարզվում է, արդեն անցել է գործի, սկսել են «Երևան քաղաքի Պարոնյան փողոցի հ.40 հասցեում բնակելի մասնաշենքից։ Մի քանի ամիս ծանուցումներ են ուղարկել համալիրի տնօրինությանը «նախագծի պահանջներից դուրս լրացուցիչ ապօրինի հարկերի, ինչպես նաև նույն հասցեում վերակառուցվող հյուրանոցային համալիրի ճակատային հատվածում՝ համաձայնեցված նախագծի պահանջներից դուրս, ցուցափեղկերի իրականացման փաստի առնչությամբ»: Ծանուցումներ են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից 2021թ. օգոստոսի 24-ին, ապա հաջորդ օրը` 25-ին գրություն է ուղարկվել  կառույցի նախագծի հեղինակ «ԹԻ ԷՖ ԱՐՔԻԹԵՔՍ» ընկերությանը՝ «առաջարկել են կառուցապատողին ողջամիտ ժամկետում վերացնել հայտնաբերված խախտումը և շինարարությունն իրականացնել բացառապես նախագծի և շինարարության թույլտվության պայմաններին համաձայն»: Նույն օրը գրություն է ուղարկվել նաեւ շինարարության նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «ՇԻՆՊՐՈԳՐԵՍ» ընկերությանը՝ նույն բովանդակությամբ, «հակառակ դեպքում Երևանի քաղաքապետարանը համապատասխան պետական մարմնի հետ կքննարկի «ՇԻՆՊՐՈԳՐԵՍ» ՓԲԸ-ին տրամադրված լիցենզիայից զրկելու հարցը»: Դրա հաջորդ օրը` օգոստոսի 26-ին գրություն է ուղարկվել վերը նշված շինարարությունն իրականացնող «ԱՌՍ ՇԻԼ» շինարարական ընկերությանը` «շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով», կրկին` առաջարկելով «ողջամիտ ժամկետում վերացնել հայտնաբերված խախտումները և շինարարությունն իրականացնել բացառապես նախագծի համաձայն, հակառակ դեպքում Երևանի քաղաքապետարանը համապատասխան պետական մարմնի հետ կքննարկի «ԱՌՍ ՇԻԼ» ՍՊԸ-ին տրամադրված լիցենզիայից զրկելու հարցը»:

Հետո մի քանի օր դադար են տվել, քանի որ օգոստոսի 28-29-ը եղել են ոչ աշխատանքային օրեր եւ օգոստոսի 31-ին գրություններ են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություններին, որով «տեղեկացվել է կարուցապատող «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի կողմից շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների մասին և առաջարկվել զերծ մնալ որևէ նոր քաղաքաշինական փաստաթուղթ տրամադրելուց»:

Իսկ սեպտեմբերի 15-ին արդեն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան կառուցապատողի նկատմամբ կազմվել են իրավախախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին: Եւ դրանց հիման վրա 22.09.2021թ. ընդունվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումները: Նույն օրը` սեպտեմբերի 15-ին գրություն է ուղարկվել նաեւ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին՝ խնդրելով համապատասխան հսկողություն սահմանել Պարոնյան 40 հասցեում և շինաշխատանքների իրականացման դեպքում տեղեկացնել Երևանի քաղաքապետարան: Կրկին սեպտեմբերի 15-ին կառուցապատող «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ն գրավոր նախազգուշացվել է նախագծային խախտումները վերացնելու և շինարարությունը նախագծին համապատասխան իրականացնելու մասին: Իսկ քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությանն առաջարկվել է խախտումները չվերացնելու դեպքում քննարկել քաղաքաշինական փաստաթղթերն ուժը կորցրած ճանաչելու հարցը:
Հոկտեմբերի 4-ին քաղաքապետարանը հայտնաբերել է «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի նկատմամբ տույժ նշանակելու մասին որոշումից հետո էլ շինարարության շարունակման փաստ, որն «անմիջապես կասեցվել է, նույն օրը նաև ծանուցում է ուղարկվել կառուցապատողին վարչություն ներկայանալու մասին»: Դրա հաջորդ օրը` հոկտեմբերի 5-ին գրություն է ուղարկվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ.Շախբազյանին` տեղեկացվել է, որ Պարոնյան 40 հասցեում շինաաշխատանքները շարունակվել են: Եւ առաջարկվել է քննարկել «շինարարության մասնակիցներին լիցենզիայից զրկելու հարցը»:

2021թ. հոկտեմբերի 11-ին «Դվին» համալիր ՓԲԸ-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Հոկտեմբերի 12-ին կրկին գրություն է ուղարկվել Կենտրոնի ոստիկանություն՝ խնդրելով հսկողություն սահմանել Պարոնյան 40 հասցեում շինաշխատանքների նկատմամբ եւ իրականացման դեպքում տեղեկացնել Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանի կողմից այս զարմանալի հետեւողականությունը մենք դժվարանում ենք բացատրել, թերեւս` Արտակ Թովմասյանն ինչ որ անթույլատրելի արարք է կատարել, կամ` որեւէ ձեւով անհնազանդություն է ցուցաբերել:

Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ շրջայցերի արդյունքներով կազմվել են զեկուցագրեր, հանձնարարականների հիման վրա կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, շինարարական աշխատանքները կասեցվել են: Ներկա պահին սեփականատերը դիմել է` ինքնակամ կառույցի օրինականացման խնդրանքով: Նախապես ասվում էր, որ տուգանքներն եւ շինարարության օրինականացումը Արտակ Թովմասյանի վրա կնստի մոտ 2 միլիոն, հիմա քաղաքապետարանից փոխանցում են, որ մուծվող գումարի հստակ չափը այս պահին հնարավոր չէ նշել,  քանի որ այն կախված է մի շարք հանգամանքներից, որոնք այժմ ճշգրտվում են, սակայն մուծվող գումարի չափը գերազանցելու է 110 մլն դրամը։

Մենք մի քանի օր փորձեցինք կապ հաստատել նաեւ Արտակ Թովմասյանի հետ, սակայն մեր զանգին պատասխանած անձն ասաց, որ Թովմասյանը գտնվում է հիվանդանոցում, ինքը օգնականն է եւ ոչինչ չի կարող ասել։