Ովքեր են պատրաստ «Բալասանյան դաշինք»-ի հետ կոալիցիա կազմել

Ովքեր են պատրաստ «Բալասանյան դաշինք»-ի հետ կոալիցիա կազմել

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում, ինչպես հայտնի է, անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և Հանրապետականը։ Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի։ Սա նշանակում է, որ Գյումրիում քաղաքային իշխանությունը կձևավորվի կոալիցիոն սկզբունքով։

Առավելագույն քվեն՝ ձայների 36,59 տոկոսը ստացած «Բալասանյան դաշինքը» գլխավորող Վարդգես Սամսոնյանը հետընտրական հայտարարություն արեց՝ մասնավորապես նշելով, թե իրենք չեն պատրաստվում անցկացնել բաժանարար գծեր, փոխարենը հակված են ստեղծել եզակի համագործակցության հարթակ՝ քաղաքի շահերին ծառայելու նպատակով։ Ընտրությունների մասնակցած բոլոր ուժերի ծրագրերում էլ կան գաղափարներ ու առաջարկներ, որոնք կարող են նպաստել քաղաքի զարգացմանը։ Նրա ուղերձից հասկանալի է, որ պատրաստ են համագործակցել նաև իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

Մինչդեռ «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և Հանրապետականը բացառում են իշխող կուսակցության հետ որևէ կոալիցիոն գործարք կնքելու իրողությունը։ 10 տոկոսից ավել ձայն հավաքած «Զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդևան Հակոբյանը  հրաժարվեց զրուցելուց։ 5 տոկոսից ավել ձայն հավաքած ՀՀԿ-ն մանդատը վերցնելու դեպքում քաղաքապետարանում 2 ավագանու անդամ կունենա։ Ցուցակի երկրորդ համարում Շիրակի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի քրոջ որդին է՝ Նարեկ Միրզոյանը, ով մեզ հետ զրույցում նշեց ․«Մենք մանդատները կվերցնենք, դե, բնականաբար առաջին երկու համարները կգնան քաղաքապետարան, իսկ թե կոալիցիա կկազմենք, թե ոչ, դեռ կքննարկենք, բայց մի բան հաստատ է՝ իշխող կուսակցության հետ բացառվում է։«Բալասանյան դաշինք»-ի հետ չի բացառվում, իսկ եթե այնպես ստացվի, որ նրանք ՔՊ-ի հետ կոալիցիա կազմեն, քանի որ ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, միանշանակ, մենք կմնանք որպես արմատական ընդդիմություն։

Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության հստակ դիրքորոշումը դեռևս անհայտ է, միայն նշում են, որ պատրաստ են համագործակցել բոլոր ուժերի հետ։

Մեզ հասած տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում բուռն քննարկումներ են գնում «Բալասանյան դաշինք»-ի հետ լեզու գտնելու, ավելին՝ կոալիցիա կազմելու շուրջ։ Ի դեպ, քանի որ քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստացել ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ըստ Ընտրական օրենսգրքի, համայնքի ղեկավարը պետք է ընտրվի բաց քվեարկությամբ, եւ իրենց թեկնածուներին առաջադրելու հնարավորություն կունենան ավագանի անցած բոլոր ուժերը։ Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկին դա չհաջողվի, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ։