Ինստիտուցիոնալ պարտություն

Ինստիտուցիոնալ պարտություն

Վստահ եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Գորիսի ու Գյումրիի պարտությունից ուշքի գալուց հետո կսկսի խոսել հայաստանյան ժողովրդավարության մասին: «Տեսեք, տեսեք, մեր իշխանության պայմաններում ՔՊԿ-ն պարտություն կրեց երկու խոշոր համայնքներում»: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա ինքը մեկ անգամ արդեն՝ սրանից երեք տարի առաջ, նման միտք է արտահայտել հենց Գորիսի համայնքապետի ընտրությունում ՔՊԿ-ականի պարտվելուց հետո:

Սակայն նրան պետք է հիշեցնել, որ նախկինների ժամանակ իշխող քաղաքական ուժը պարտվում էր ոչ միայն մեկ, այլեւ բազմաթիվ համայնքային ընտրություններում: Իսկ իր «կոկորդիլոսասեր» եւ 40 հեկտարը 40 հազար հեկտարից չտարբերող կադրն էլ 2016 թվականին հաղթել էր Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի համայնքապետի ընտրությունում: 

Բայց, ի տարբերություն նախկինների, որոնք կարող էին իրենց թույլ տալ պարտվելու այս կամ այն համայնքում, Նիկոլն ինչպե՞ս կարող էր պարտվել գեթ մեկ խոշորացված համայնքում: Հատկապես այնպիսի համայնքներում, ինչպիսիք են Գորիսն ու Գյումրին:

Բա էլ ո՞րն էր օրենսդրության խախտումներով համայնքներ խոշորացնելու իմաստը, եթե պետք է պարտվեր դրանցից գեթ մեկում: Դա չպետք է տեղի ունենար, եւ վերջ: Ի վերջո, ո՞ր տրամաբանությամբ հունիսի 20-ի համապետական ընտրության ժամանակ, այսպես կոչված, պողպատյա մանդատ ստացած Նիկոլը չէր կարողանալու ապահովել իր ընտրյալների հաղթանակը տեղական ընտրություններում: Հատկապես որ դրանց անհաջողության դեպքում պարտվողը հենց ինքն էր լինելու եւ ոչ թե իր մարզպետը կամ պատգամավորը, այսինքն՝ ուսապարկերը: Դա՝ մեկ: Երկրորդ․ պարտությունը նշանակում է ճեղքվածք վերը հիշատակված պողպատյա մանդատում: Այն էլ ստանալուց ընդամենը չորս ամիս անց: Ինչն ընդդիմադիր դիրքից կարելի է ձեւակերպել «սատանան այնքան էլ սարսափելի չէ, որքան թվում է» ռուսական առածով: Երրորդ․ Առուշ Առուշանյանի վերընտրությունը համայնքապետի պաշտոնում բարդացնելու է նրա նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքը:

Չորրորդ․ Առուշանյանի վերընտրությունը նշանակում է խոշորացված համայնք Գորիսի ողջ տարածքի առավել պաշտպանվածություն ադրբեջանցիներից, ինչը կրկին խնդիրներ է ստեղծելու վերջիններիս հետ քիրվայության երազանքներ փայփայող անձի համար: Հինգերորդ․ կալանավորված ընդդիմադիր անձն ընտրությունում հաղթում է Նիկոլի դրածոյին: Դրանից ավելի մեծ խայտառակություն լինել ուղղակի չէր կարող:

Իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը տվյալ պարագայում: Կարծում եմ՝ «Առուշ Առուշանյան» դաշինքի հաղթանակը պետք է դարձնի դրոշ նիկոլիզմի դեմ պայքարում: Հենց նիկոլիզմի եւ ոչ թե Նիկոլի: Որովհետեւ «իզմ»-եր իբրեւ թե չընդունող Նիկոլի սոցիալական հենարանն իր չհաջողված կյանքի մեղքը նախկինների վրա բարդող եւ նրանց ատող անհայրենիք զանգվածի մտայնությունն է: Ի՞նչ է դա, եթե ոչ մտավոր սանկյուլոտների (Ֆրանսիական հեղափոխության ժամանակ քաղաքային չքավորության ներկայացուցիչներին արիստոկրատների կողմից տրված անվանում) ապստամբություն հասարակության գրագետ հատվածի դեմ: Իսկ նիկոլիզմի նկատմամբ հաղթանակին կնպաստի այն, որ Գյումրիի ու հատկապես Գորիսի դեպքերում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կրեց ինստիտուցիոնալ պարտություն (դա էլ՝ վերջապես վեցերորդ): Իսկ «ինստիտուցիոնալ» հասկացությունը, եթե չեք մոռացել, վերջինիս կողմից չափազանց գործածական էր, երբ ինքն ընդդիմադիր պատգամավոր էր: