Թեստ՝ պատգամավորի համար

Թեստ՝ պատգամավորի համար

Ինձ միշտ զարմացրել է «անկախ պատգամավոր» ձևակերպումը․ դա բավականաչափ  տխմար ձևակերպում է, քանի որ այդպես էլ անբացատրելի է մնում՝ անկախ՝ ինչի՞ց։ (Այդ ձևակերպումը թերևս ճիշտ է Արման Բաբաջանյանի պարագայում, որը պատգամավոր է դարձել բառի ուղղակի իմաստով՝ անկախ իրենից)։

Բայց հաստատ այդպիսին չէ Սերգեյ Բագրատյանը, որի վզից «անկախի» տիտղոսը կախվել է բոլորովին վերջերս՝ հանգամանքների բերումով։  

Եվ ահա նորանկախ մեր պատգամավորը ֆեյսբուքյան մի գրառում է արել, որտեղ հայոց լեզվի խոր իմացության խնդիր է դնում, ընդ որում՝ պատգամավորների «շրջանում»։ «Մարտնչող տգիտության դեմ պայքարում իմ լուման եմ ներդնում՝ առաջարկում եմ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել և պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալ այն քաղաքացուն, ով կհանձնի հայերենի իմացության գրավոր թեստ…մինչ այսօր դպրոցն ավարտելու փաստը հավաստող վկայականը բավարար է համարվում պատգամավորի թենածուի առաջադրման համար…իսկ մենք գիտենք, թե շատերն ինչպես են դպրոցն ավարտել»,- գրել է Ս․ Բագրատյանը։ 
Պահանջը, ընդգծենք, հստակ է և միանգամայն ընդունելի․ պատգամավորը պետք է նաև լեզվիմացության առումով որոշակի մակարդակ ունենա, քանի որ նրա հիմնական գործը «օրենքներ գրելն է»։ 

Լրատվակայքերը Բագրատյանի այս գրառումը բնականաբար ինտրիգային վերնագրերով են մատուցել՝ հիմնականում «Ո՞ւմ է ակնարկում Բագրատյանը» կարգի, մինչդեռ դա ոչ միայն ինտրիգային, այլև էական հարցադրում է։ 

Իսկապես՝ ո՞ւմ է ակնարկում Բագրատյանը։ 

Բայց ակնարկն այնքա՛ն թափանցիկ է, որ գոնե ինձ համար հարցի պատասխանն ակնհայտ է՝ ո՛ւմ։ Եվ քանի որ պատասխանն ավելի քան ակնհայտ է, գուցե պատգամավոր դառնալու համար ոչ միայն «հայերենի իմացության գրավոր թեստ» պետք է հանձնել, ինչպես պատգամավորն է առաջարկում, այլ նաև բարոյական կարգի էլի՞ ինչ-որ թեստ, որը կբացառեր ուրացումը,  հիշողության կորուստը․․․ 

Պատգամավորի համար հաստատ պակաս կարևոր թեստ չէր լինի, քան մայրենի լեզվի իմացությունը։