Մարդկային վերապրումներ «Կույսի համաստեղության» ներքո

Մարդկային վերապրումներ «Կույսի համաստեղության» ներքո

Սեպտեմբերի 12-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ գեղանկարիչ, լուսանկարիչ Սամվել Սևադայի «Կույսի համաստեղություն» գրքի շնորհանդեսը, որի ժամանակ նշվեց նաեւ հեղինակի 70-ամյակը: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։ Գրքում ներառված են հեղինակի 190 բանաստեղծություններ, ինչպես նաեւ 7 գծանկարներ և 36 գեղանկարչական աշխատանքներ:

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, ով վարում էր երեկոն, իր խոսքում ընդգծեց, որ Սամվել Սեւադան ստեղծագործել է դեռ 70-ական թվականներից եւ դատելով իր բանաստեղծությունների բնույթից անընդհատ եղել է բանաստեղծական շարժման մեջ․ «Այսինքն անտարբեր դիտորդ չի եղել, գրել է, թեկուզ չի տպագրել ինչ- ինչ պատճառներով, բայց այդ բանաստեղծական շարժումների ռիթմը իր գրքում կա։ Սամվել Սեւադան գալիս է հաստատելու այն օրինչափությունը, որ տաղանդները կարող են զուգահեռ քայլել կողք կողքի եւ նրանցից մեկի առաջխաղաղացումը արդեն հեղինակի կամքն է։ Գիրքը ստացվեց ոչ միան բանաստեղծական, այլեւ Սամվել Սեւադայի տաղանդի բազմակողմանիությունը ամփոփոխ գիրք»։  

Ժողովածուի խմբագիրն է թարգմանիչ, բանաստեղծ Հակոբ Մովսեսը, ով գրքի առաջաբանում գրում է․«Այսօր բանաստեղծության գրվելու միջոցներն ու չափանիշները, իհակեր, այլ են։ Սամվել Սեւադայի պարագայում դրանք գրավում են իրենց «մարդկային, չափազանց մարդկային» վերապրումներով, իրավիճակներով, հիշողություններով,-դրանք երկխոսություն են ինքդ քեզ հետ»։

Հակոբ Մովսեսն իր խոսքում ընդգծում է՝ Սամվել Սեւադայի հետ 40 տարվա ընկեր են, անցել են կյանքի մեծ ճանապարհ․«Սամվելի բոլոր շնորհքները, տաղանդները սնվում են մի կիզակետից, որը կոչվում է մարդ։ Սամվելը շատ արտիստիկ կերպար է, արտիստիկ՝ արվեստագետ իմաստով, իսկ արվեստագետի իր բոլոր հատկանիշները գալիս են իր մարդկային հատկանիշներից։ Երբ ես այս գիրքը խմբագրում էի,մեր սերնդի ամբողջ կյանքը կինոյի ժապավենի կադրի պես անցավ իմ աչքի առջեւով՝ 60-70-ակաների արվեստագիտական միջավայրը, մեր շատ սիրելի սրճարանները, քաղաքը, մեր բոհեմը։ Այս իմաստով այս գիրքը նաեւ ինքնակենսագրական, վերապրումների գիրք է, շատ անձնական, ինտիմ, բայց միաժամանակ մկանուտ՝ օրվա հիմնախնդիրներին, տագնապներին անդրադարձող»։

Այս գրքով Սամվել Սեւադան ընթերցողին ներկայացել է եռամիասնությամբ՝ իր խոսքում նշեց  ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը․ «Անսպասելի է, որ դու 70 տարեկան ես, բայց ուր էլ քեզ տեսել եմ, լինի դա Հայաստան, թե Ամերիկա՝ նույնն ես, դու նույնական մարդ ես, մինչդեռ այնպիսիները կան, որ մի աթոռ ես տալիս կամ մի պաշտոն, դառնում են փոթորիկ, բայց դու քո ձեւի մեջ եղել ես միշտ պարզ, հասարակ, մարդկային։ Քո լուսանկարներում այդ պոետական հոգին կա, որոնք շատ գեղեցիկ շաղկապված են բանաստեղծություններին»։  

Բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանն էլ նկատեց, որ Սամվել Սեւադայի բանաստեղծություններն անգամ ունեն ներքին կառուցվածք, կոմպոզիցիա․ «Հրաշալի բանաստեղծություններ են, դրանք դեմքով պաշտպանված են այն նկարներով, որոնք արված են եւ նկարներն էլ իրենց հերթին պաշտպանված են այդ բանաստեղծություններով։ Սամվել Սեւադան եւ լուսանկարիչ է եւ գեղանկարիչ եւ պոետ, թվում է, թե սրանք իրար հակասում են, բայց սրանք նույն երեւույթն են, պոեզիան բառերի նկարչությունն է»։