Ոչ միայն հինը քանդելու, այլ նաև նորը կառուցելու տրամաբանությամբ

Ոչ միայն հինը քանդելու, այլ նաև նորը կառուցելու տրամաբանությամբ

Անկախ Սահմանադրական դատարանի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքից, չենք կարող չարձանագրել, որ ի դեմս մարտիմեկյան դատավարությանը վերաբերող նրա վերջին որոշման, երկիրը փակուղային վիճակից դուրս գալու իրական հնարավորություն է ստացել:

Անշուշտ, վերը նշված հանգամանքն ամենեւին էլ չի ենթադրում, թե այդ որոշումները պետք է օգտագործվեն դատական գործընթացը դադարեցնելու կամ  արդարադատությունը կիսատ թողնելու համար: 
Ճիշտ հակառակը․ այս անգամ մենք՝ որպես պետություն եւ հասարակություն, պարտավոր ենք այս գործը բացահայտել մինչեւ վերջ: Բացահայտել այնպես, որ հետագայում այս պետության մեջ ոչ մի ընդդիմություն չմտածի, թե երբեւէ ինքն իրավունք է ունեցել կամ հետագայում երբեւէ իրավունք կունենա երկրում ստեղծել անկարգությունների եւ ամենաթողության այնպիսի մթնոլորտ, որի ժամանակ ջարդվեն եւ թալանվեն խանութներ, այրվեն մեքենաներ, զոհվեն մարդիկ:

Պարտավոր ենք այս գործն ավարտին հասցնել նաեւ նրա համար, որպեսզի հետայսու եւ ոչ մի իշխանություն, երկիրը կառավարող եւ ոչ մի ուժ երբեւէ չմտածի, թե ինքն ունեցել է կամ երբեւէ ունենալու է երկրի մայրաքաղաք զորք մտցնելու, երկրի բանակը սեփական ժողովրդի դեմ օգտագործելու իրավունք:

Սակայն, վերը նշվածով հանդերձ, պարտավոր ենք հասկանալ նաեւ, որ այս որոշումներից ճիշտ օգտվելու, դրանք ճիշտ ընկալելու եւ մեկնաբանելու դեպքում կարող ենք նաեւ լուրջ առաջընթաց ունենալ նախ երկրում ձեւավորված լարվածության եւ անհանդուրժողականության մթնոլորտը լիցքաթափելու, ապա Հայաստան-Արցախ հարաբերություններում նկատվող չհասկացվածությունները հարթելու առումով: 
Մենք, Սահմանադրական դատարանի վերը նշված որոշումներին անհրաժեշտ շրջահայացությամբ մոտենալու դեպքում, կարող ենք նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա տարըմբռնումները, գոնե Պուտին-Քոչարյան անձնական հարաբերությունների մասով, հարթել:

Եվ վերջապես՝ անհրաժեշտ իմաստնություն դրսեւորելու դեպքում կարող ենք աշխարհին եւ միջազգային հանրությանը ոչ միայն ասել, այլ նաեւ ներկայանալ որպես մի երկիր, որն արդեն իսկ հաջողել է անկախ դատական համակարգ ձեւավորելու եւ իրական արդարադատություն իրականացնելու առումով:

Այնպես որ, երկրի դատական համակարգը, Սահմանադրական դատարանի վերջին որոշումը քննարկելիս, պետք է հաշվի առնի ոչ միայն խնդրի իրավաբանական կողմը, այլ նաեւ ղեկավարվի այն սկզբունքով, որ իր կողմից ընդունված որոշումներն ու վճիռներն այնքան համոզիչ եւ համապարփակ պետք է լինեն, որ դրանք կայունություն եւ հանդարտություն բերեն երկրին: Իսկ քանի որ արդարադատության իրականացման ներկա փուլում այլեւս ամենեւին էլ կարեւոր չէ, թե որտեղից Ռոբերտ Քոչարյանը կներկայանա դատարան, ուրեմն երկրին ու իր դատական համակարգին ոչինչ չի խանգարում, որպեսզի նրանք բարի կամք դրսեւորեն եւ փոխեն այն մարդու խափանման միջոցը, որը լավ թե վատ, բայց առնվազն տասը տարի իր ուսերին է կրել այս երկիրը կառավարելու, նրա համար ամեն օր պատասխանատու լինելու ծանր բեռը:
Այնպես որ, ինչպես իշխանությունների, այնպես էլ մեզ բոլորիս համար այլեւս եկել է ոչ միայն հինը քանդելու, այլ նաեւ նորը կառուցելու տրամաբանությամբ ղեկավարվելու ժամանակը: Իսկ թե կբռնե՞նք արդյոք այդ քննությունը, արդեն կախված է յուրաքանչյուրիցս:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ