Ամբողջ ՔՊ-ն ասում է՝ Ղարաբաղը ե՞րբ է մերը եղել՝ չի եղել, եթե չի եղել, ինչի՞ այսքան մարդու տարար կոտորեցիր

Ամբողջ ՔՊ-ն ասում է՝ Ղարաբաղը ե՞րբ է մերը եղել՝ չի եղել, եթե չի եղել, ինչի՞ այսքան մարդու տարար կոտորեցիր

«Հրապարակի» զրուցակիցն է «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը

- Փորձագետներն ահազանգում են, որ մոտ ժամանակներս Ադրբեջանը նորից ռազմական գործողություններ կսկսի։ Ի՞նչ եք կարծում։

- Ալիեւն ուղիղ ասում է այդ մասին, ի՞նչ եք կարծում՝ կլինե՞ն, թե՞ ոչ։

- Դեկտեմբերի 7-ի հանդիպումը չեղարկելու մասին Ալիեւի հայտարարությունն այդ մասին է հուշում։

- Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլի վերջին ասուլիսի տողատակերից երեւում էր, որ նոր բաներ են լինելու՝ ես այդպես հասկացա։ Նախօրեին Ալիեւը միջանցքի մասին էր խոսում։ Այս միջանցքը լինելու է այսպես, ինչպես Արցախն իբր թե կռվով տվեցին, միջանցքն էլ է կռվով տալու, ու դա լինելու է։

- Մոտավորապես ե՞րբ կսկսեն ռազմական գործողությունները։

- Ինքն արագ է անելու, որովհետեւ Ազգային անվտանգության արխիվների ոչնչացումը՝ առանց գաղտնազերծման, ինչի՞ մասին է խոսում՝ խոսում է բոլոր հետքերը թաքցնելու մասին, վերացնելու մասին՝ ԼՏՊ-ից սկսած մինչեւ իրենց, թե ով ինչ է արել, ով ինչով է զբաղվել։

- Այսինքն՝ ԱԱԾ արխիվների ոչնչացման օրինագիծը կապ ունի գալիք պատերազմի հե՞տ։

- Տեսեք, եթե վերացնում են բոլոր գործակալների մասին բազան՝ առանց գաղտնազերծման, ինչ ծրագրերով են եկել ու թե ոնց են գնալու․․․ գումարած դրան Ալիեւի զառանցանքին ոչ մի արձագանքը, այս ծանր իրավիճակում նման ձեւով ՀԱՊԿ-ին դեմ տալ՝ հույսը դնելով չգիտեմ ում վրա, այս ամեն ինչը բերում է նորից ակտիվ ռազմական գործողությունների։ Ու այդ գործողություններին այսօրվա վիճակով Հայաստանը ոչնչի պատրաստ չէ, քնած է։

- Ադրբեջանը ռազմական գործողությունները, Ձեր կարծիքով, ե՞րբ կսկսի՝ գարնա՞նը, թե՞ ավելի շուտ։

- Ցանկացած վայրկյանն էլ իրենց համար թանկ է, ինչքան շուտ, այնքան լավ՝ թուրքերի համար ու սրանց համար․ ինչո՞ւ միայն թուրքերի։ Գիտե՞ք խնդիրն ինչն է, շատ մարդիկ, որ անգամ 10-ամյա կրթություն չունեն, նրանց հավաքեցին քաղաքի կենտրոնում, 300-400 հազար՝ իբր պարեկային ծառայություն, աշխատավարձ են տալիս, իսկ զինվորին՝ 130, 140 հազար, լավ, 170 հազար, մի հատ էլ ատեստացիա են մտցնում, որ աշխատավարձը չբարձրանա։ Հիասթափեցնում են կամավորականներին, պայմանագրայիններին, որ դուրս գան։ Իրենք էլ դուրս կգան, կգան պարեկ կաշխատեն, պետական մեքենան կքշեն, իրենց համար կֆռֆռան՝ 300-400 հազարն էլ կստանան, էլ ինչի՞ ձյան մեջ, վրանի կամ հողի տակ․․․ կանգնում են՝ երկիր պահում, որ գերին ընկնեն կամ էլ սպանվեն։ Ու սրանց քաղաքականությունը միտված է՝ նորից պատերազմ, նորից տարածքներ զիջել, նորից տալ։ Մարդը մինչեւ տալն ասում է՝ դե, մեր տարածքն է, տալուց հետո ասում է՝ դա երբեք մերը չի եղել, ոնց որ այսօր ամբողջ ՔՊ-ն կանգնած ասում է՝ Ղարաբաղը ե՞րբ է մերը եղել՝ չի էլ եղել։ Լավ, եթե չի եղել, ինչի՞ այսքան մարդու տարար կոտորեցիր։ Ո՞նց եղավ, որ մինչեւ պատերազմը ձեր շուրթերով ասում էիք՝ Արցախը մերն է, այսօր ամբողջ ՔՊ-ն կանգնում ասում է՝ Արցախը մերը չի էլ եղել, Գորիս-Կապան ճանապարհը մերը չի եղել։ Բա նախկինում չգիտեի՞ր, որ մերը չի, ինչի՞ այդքան մարդ սպանեցիր։ Նույնը՝ հիմա, ասում են՝ թշնամին մտել է մեր սուվերեն տարածք, դուրս չի գալիս։ Ալիեւն էլ ասում է՝ դա մեր տարածքն է, դե ապացուցիր, որ քոնն է։ Կարողանո՞ւմ են ապացուցել։

- Ռազմական գործողությունները ո՞ր ուղղություններով կլինեն։

- Ջերմուկից իջնելու են Սիսիան՝ այդ ճանապարհը փակեն ու այդպիսով հարցը փակեն։ Բայց Երասխի կողմից՝ Նախիջեւանի կողմից այդ ճանապարհը գալիս է, ճանապարհը, որ այն կողմից սարքել են, որ մինչեւ մեր սահման հասնում է, իզուր հո չե՞ն սարքել։ Մարդիկ իզուր ծա՞խս են արել՝ այդ ճանապարհը սարքել, վաղուց պայմանավորվածություն կա։ Եթե պայմանավորվածություն չկա, ինչի՞ համար են սարքել այդ ճանապարհը։ Նույն Տիգրանաշենի ճանապարհին գնացեք տեսեք՝ որտեղ է ավարտվում ասֆալտապատված հատվածը, ու որտեղից է սկսվում ասֆալտը՝ դեռեւս 2019 թվին արված, սա պայմանավորված չի՞։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Ալիեւը ճշմարտությունն է ասում։ Նա ասում է՝ խոսել ենք, պայմանավորվել ենք, սա ասում է՝ չէ, նա ասում է՝ հա։ Այս բանակցություններն առեւտուր են, փողոցային կոպիտ լեզվով եթե արտահայտվենք՝ ռազբորկաներ են, երբ համաձայնության չեն գալիս, վերջը անցնում են բռնցքամարտի, ծեծում են իրար։ Հիմա նույնն էլ պետությունների պարագայում է, եթե չեն կարողանում իրար հասկանալ, վերջում միշտ պատերազմում են։ Հիմա Ալիեւը մի բան է խոսում, Նիկոլն ուրիշ բան է խոսում, վերջն ո՞ւր է տանում՝ պատերազմի։ Պատերազմ մի երկրի հետ, որը գիշեր-ցերեկ զինվում է, իր բանակի համար մտածում է։ Իսկ մեր երկիրը բանակը թողած՝  չգիտեմ ինչերից է խոսում՝ իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատավարձերի 100 տոկոս բարձրացում, չգիտեմ ինչեր, իսկ պայմանագրայիններն էլ նեղացած դիմումներ գրում-դուրս են գալիս։

- Մասշտաբային բնո՞ւյթ է դա կրում։

- Այո, իհարկե։ Պատկերացրեք, մարդիկ 160 հազար դրամ աշխատավարձ են ստանում, սիգարետից սկսած ամեն ինչ հետները դիրքեր են բարձրացնում, այդ աշխատավարձը չի հերիքում նույնիսկ իրենց 15 օր սահմանում կանգնելուն։ Եթե չօգնենք էլ՝ բան չի լինի։

- Ռազմական գործողությունները լայնածավա՞լ կլինեն, թե՞ տեղային։

- Ինչպես եղավ սեպտեմբերին։ Կամաց-կամաց գալիս են, 4-5 կմ վերցնում են, կարող են մեկ ամիս սպասել, հետո սկսել նորից, ի՞նչ է եղել որ․․․ փաստը փաստ է, որ վերցնում են, չէ՞։

- Արցախի ուղղությամբ գործողություններ հնարավո՞ր են։

- Արցախի ուղղությամբ էլ կրակոցներ կան։ Պատկերացրեք, եթե ռուսներն այնտեղից դուրս գան, ինչ է լինելու։ Այսինքն՝ դու նեղացնում ես մեկին, ով քո ժողովրդին պահում է, անկախ նրանից՝ արցախցի են, թե չէ՝ հայ են, չէ՞։ Պատկերացրեք՝ վերցրեց ու հանեց զորքը, այդ ԱՄՆ, Ֆրանսիան կամ Կանադա՞ն են պահելու։ ԱՄՆ-ի պահածները տեսանք, բոլոր արաբական երկրներում կռիվը գցեց՝ թողեց հեռացավ։ Ի՞նչ կատարվեց այդ երկրների հետ, կամ հիմա Ուկրաինայի հետ ի՞նչ է կատարվում։ Պատերազմը բիզնես է։ Հիմա ԱՄՆ-ը իր հեղուկ գազով, սինթետիկ նավթով գները քառակի բարձրացրել է ու հարստանում է, Ռուսաստանը հարստանում է՝ գազը չգիտեմ քանի անգամ է թանկ վաճառում Եվրոպային, պետությունները հարստանում են, իսկ մենք ինչ ենք լինում՝ մենք էլ չգիտենք։ Վիճակը վատ է։ Ամեն օրը որ զարթնում ենք, ու սրանք են, իմացեք՝ կործանում է սպասվում։