Ասում եմ՝ ի՞նչ անեմ, մեռնե՞մ, ասում է՝ Ձեր իրավունքն է

Ասում եմ՝ ի՞նչ անեմ, մեռնե՞մ, ասում է՝ Ձեր իրավունքն է

Երեք երեխաների մայր Նոնա Հարությունյանը բաց նամակ է ուղարկել Արցախի նապագահ Բակո Սահակյանին՝ նրան տեղեկացնելով իր սոցիալական ծանր վիճակի մասին, և օգնություն ակնկալելով։ Հարությունյանը 3 երեխաների հետ միասին դրսում է մնացել, չունի մշտական բնակության վայր, գրանցված է Արցախում, և կացարան չունենալու պատճառով երեխաները չեն հաճախում դպրոց, զրկված են կրթություն ստանալու իրենց իրավունքը իրացնելու հնարավորությունից։ Հարությունյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ ամուսնուց բաժանված է, վերցրել է երեխաներին և գնացել, այժմ ժամանակավոր բնակվում է Երևանում։ Բազմիցս դիմել է պատկան մարմիններին՝ ընդհուպ մինչև Արցախի նախագահ Բակո Սահակյանին, սակայն ստացել մերժում․

« Ես կացարան չունեմ, ինչը հիմք է հանդիսացել, որ երեխաները դպրոցից դուրս մնան, 6 տարի անընդհատ դիմել եմ պատկան մարմիններին՝ Արցախի իշխանություններին, բայց ես իրենց կողմից միշտ ստացել եմ առհամարհական վերաբերմունք ու անտեսված եմ եղել իրենց կողմից միշտ։ Եղել է, որ դիմումներիս չեն պատասխանել, եղել է, որ պատասխանել են, սակայն ես ուրիշ բան եմ հարցրած եղել, իրենք լրիվ ուրիշ բան են պատասխանել։ Իրենց չի հետաքրքրել, որ իմ երեխաները գտնվում են դրսում։ Եղել է ժամանակահատված, որ ես դրսից զանգահարել եմ մարդու իրավունքների պաշտպանին, որ իմ մանկահասակ երեխաները, որոնց մեծ կա նաև հաշմանդամություն ունեցող երեխա, դրսում են մնացել։ Արցախի բոլոր պատկան մարմինները շատ լավ տեղյակ են իմ ընտանիքի վիճակին։ Ասում եմ՝ ի՞նչ անեմ, մեռնե՞մ, ասում է՝ Ձեր իրավունքն է»։ 

Հարությունյանի վերջին հույսը մամուլն է, որպեսզի իր ձայնը տեղ հասնի։ Չգիտի՝ թե իրենց ճակատագիրը ինչ է լինելու․

« Ես 3 անչափահաս տղա երեխա ունեմ, որից մեկը հաշմանդամ երեխա է, առողջ ծվել է, սակայն այս պայմանների հետևանքով դարձել է անառողջ, երեքն էլ տղաներ են՝ 7, 8 և 11 տարեկան։ Հիմա բնակվում եմ Երևանում՝ բարեկամիս տանը, խնդրում եմ ժամանակ, որպեսզի դուրս գամ, թե որտեղ եմ գնալու, ի՞նչ եմ անելու, չգիտեմ։ Երևի էլի նստամ նստարանների վրա, բարեխիղճ մարդիկ լինեն, մեզ տանեն իրենց տանը պահեն»։