400 հազար դոլարը ծախսվեց, իսկ կրքերն ավելի բորբոքվեցին

400 հազար դոլարը ծախսվեց, իսկ կրքերն ավելի բորբոքվեցին

Օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր լիբանանյան Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին, և որի համար ՀՀ կառավարությունը վճարել է 400 հազար դոլար։

Փորձաքննության արդյունքները ցույց են տվել՝ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ծրագրի տարածքի և Ջերմուկի տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ չկան:

Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ հանքավայրի տարածքում ստորգետնյա ջրերը ուղղակիորեն չեն թափվի Կեչուտի ջրամբար, քանի որ Կեչուտի ջրամբարի տակ կան դեպի ներքև հոսող ուղղահայաց հիդրալվիկ սահանցումներ, իսկ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի: Ըստ զեկույցի՝ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ Ամուլսարի ծրագրի շրջանակներում ազգային կամ միջազգային կարգավորումների կամ առաջարկությունների որևէ խախտում չի արձանագրվել: Օդի որակի վրա ազդեցության մասով զեկույցում ասված է, որ  ընդհանուր առմամբ, չեն հայտնաբերվել լուրջ խնդիրներ, որոնք հնարավոր չլինի մեղմել:

Ըստ փորձագետների զեկույցի՝  հարակից բնակավայրերը գտնվում են տեղանքից համեմատաբար հեռու, շրջակա միջավայրի օդի որակի չափանիշների խախտումներ չեն ակնկալվում: Օդի հետ կապված շրջակա միջավայրի խնդիրն ընդունելի է, սակայն առաջարկվում է աղտոտման աղբյուրները և նրանց ազդեցությունների մոնիթորինգը և վերահսկումը բարելավել։
Հրապարակված եզրակացությանը երեկ անդրադարձավ նաև հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը։ Տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Փորձաքննական եզրակացության հրապարակումը սպասված իրադարձություն էր, քանի որ ՀՀ կառավարությունը բազմիցս նշել է, որ Լիդիանը հնարավորություն կունենա շարունակել Ամուլսարի ծրագրի իրականացումը փորձաքննության արդյունքներից կախված։ Այժմ պետք է ծանոթանանք փորձաքննական եզրակացության ամբողջական տեքստին և վստահենք, որ այն կհաստատի շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Լիդիանի խիստ ուշադիր մոտեցումը։ Ուրախ ենք տեղեկանալ նաև, որ փորձաքննական եզրակացության հետ կապված Լիդիանի նկատմամբ քրեական հետապնդման կամ քրեական գործի վարույթը շարունակելու հիմքեր չկան»։ 

Թվում էր թե եզրակցության հրապարակում վերջնականորեն պարզաջրելու է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն երեկ բնապահպան-ակտիվիստները կրկին բողոքի ակցիա իրականացրին կառավարության առջև, ապա տեղափոխվեցին բնապահպանության նախարարության մոտ․
«Հենց Տիգրան Ավինյանն է կանգնած այս փորձաքննության հետևում: Պատասխանատու ձևով կարող եմ հայտարարել, որ 400 հազար դոլար ուղղակի մսխվել է: Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ փորձելու են շահագործել Ամուլսարի հանքը»,- պնդում են ակտիվիստները։ Բանն այն է, որ խոսակցություններ են պտտվում, թե լիբանանյան ընկերության ղեկավարը և Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հայրը մտերիմներ են, և փորձաքննությունը հենց այս ընկերությանն է վստահվել՝ կառավարության համար ցանկալի պատասխան ստանալու ակնկալիքով․

«Ինձ մի քանի ամիս առաջ բավական տարօրինակ մարդիկ զգուշացրել են, որ այսպիսի նյութ է շրջանառվում իմ և իմ հոր անվան հետ կապված։ Ես դա փոխանցել եմ անձամբ Տիգրան Ավինյանին, որ նման թեմա կա։ Նաև փոխանցվել է համապատասխան մարմիններին, որ նման նյութ կա։ Նաև պատրաստվում էի այն ժամանակ խոսել, ես պահելու բան չունեմ։ Բացարձակապես այդ տեղեկությունը իրականության հետ աղերս չունի։ Ես հիմա մտածում եմ՝ արդյոք կարող եմ դատի տալ։ Իմ հայրը տարիներով Լիբանանի վարչապետի խորհրդականն է եղել, բայց այդ ընկերության հետ կապը անպատկերացնելի է։ Եթե լիբանանյան ընկերություն է, իմ հայրն էլ Լիբանանի կառավարության ներկայացուցիչ է, ուրեմն ի՞նչ, կապ կա՞», - անդրադառնալով մեղադրանքներին երեկ ասաց Վարագ Սիսեռյանը։

Թեմայի առնչությամբ մենք զրուցեցինք ճարտարագետ, բնապահպան Հայկ Ակարմազյանի հետ, վերջինս ասաց, թո թերթ եզրակացությանը ամբողջովին չի ծանոթացել, սակայն իր ուսումնասիրություններն էլ վկայում են, որ հանքի շայագործումը վտանգավոր չէ․
«Ինչպես տեղյակ եք, եզրակացությունը երեկոյան ուշ ժամի է հրապարակվել, բավականին ծավալուն է, դեռևս միայն հասցրել եմ ծանոթանալ պաշտոնական տեսակետին, համաձայն որի՝ էական, կարևորագույն ուղղություններով, ինչպիսին էՍևանա լճի խնդիրը, Ջերմուկի ջրերի խնդիրը, չկա որևէ տեսակի լուրջ, մտահոգիչ խնդիր, որը պետք է հուզի մեզ՝ հայ ժողովրդին։ Այսքանն եմ դեռևս հասցրել ծանոթանա, ինչը համապատասխանում է իմ տեսակետին, քանի որ ես մոտ 2 տարի իմ մասնագիտական հետքրքրության համար ուսումնասիրել եմ փաստաթղթերը, և ես՝ ինքս էլ որևէ տեսակի լրջագույն խնդիրներ պատշաճ կառավարման դեպքում չեմ տեսնում։ Այսինքն՝ մարդիկ, որոնք խոստացել են, որ տվյալ խնդիրը պետք է լուծեն իրենց խոստացած ձևին համապատասխան, ինչ խոստացել են, անեն, ապա լիովին հնարավոր է կառավարել բնապահպանական խնդիրները, այսինքն՝ մասնագիտական տեսանկյունից դա հնարավոր է, տեսականորեն հնարավոր է, գործնականում  կա նման փորձ, նման դեպքեր հանդիպել են, կան հանքավայրեր, որոնք պատշաճ կառավարվում են, և որևէ խնդիրներ չեն առաջանում։ Իսկ մնացածի մասին խոսելու համար հարկավոր է փաստաթուղթը խորությամբ ուսումնասիրել, դրա համար ինձ ժամանակ է պետք»,- ասաց Ակարմազյանը։

Այսինքն՝ եթե «Լիդիան Արմենիան» պատշաճ կառավարում և շարագործում իրականացնի, ապա վտանգն այնքան մեծ չէ՞, որքան որ ներկայացնում են բնապահպանները․

«Ընդհանրապես նման գործընթացները կազմակերպվում են հետևյալ կերպ․ սկզբում պլանավորվում է, նախագիծն է կազմվում, այնուհետև սկսում են համաձայն նախագծի իրականացնել։ Երբ որ դու ինչ-որ մի բան պլանավորում ես, դու չես կարող ասել՝ 10 տարի հետո ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես դու ես պլանավորել։ Պլանավորումից բացի նաև ընթացքում հարկ է լինում անընդհատ ճշգրտել, պլանները վերանայել, կատարելագործել և ձգտել իդելականի, որովհետև տեխնոլոգիաներն էլ են անընդհատ զարգանում։ Այսինքն՝ չի կարող մի մարդ մի բան պլանավորել և այդպես քարացած պահել, պետք է անընդհատ կատարելագործել։ Անկախ ամեն ինչից, թե ինչ ես պլանավորել, ինչ ես իրականացնում, մարդկային գործոնը շատ մեծ է, այիսնքն՝ պետք է ճիշտ մասնագետները բարձր մակարդակով իրականացնեն այն, ինչ պլանավորված է։ Տեսնելով այն մարդկանց , որոնք որ դրանով զբաղված են, ես կարծում եմ, որ իրենք իվիճակի են դա կազմակերպել լավ։ Դուք նաև նշեցիք, որ բնապահպանները մտահոգոիթյուն են բարձրացնում։ Ես կասեի՝ ավելի շատ ակտիվիստները, ոչ թե բնապահպանները , որովհետև եթե պետք է ես ասեմ, որ բնապահպանությունից գլուխ եմ հանում, ապա ես դրա համար կրթություն եմ ստացել 10 տարի, հանձնել եմ քննություններ բազմաթիվ առարկաներից։

Ակտիվիստ և բնապահպան դրանք տարբեր բաներ են։ Ակտիվիստները, բնականաբար, պետք է ունենան հոռետեսական կանխատեսումներ, աշխարհում չկա մի երկիր, որտեղ ակտիվիստները այդպես չեն իրենց դրսևորում ։ Թեագնահատել ակտիվիստներին և ասել, որ ակտիվիստները սխալ են, դա ճիշտ չէ, որովհետև մարդը էլ ավելի սթափ է գործում, հատկապես նման խոշորության ծրագրերի դեպքում մասնագետը էլ ավելի ուշադիր է լինում, երբ կա պատշաճ վերահսկողություն, իսկ այդ վերահսկողության մի կարևոր մասն էլ հենց ակտիվիստներն են։ Պետությունը չի կարող միայնակ, իր սահմանափակ ռեսուրսներով կառավարել կամ վերահսկել, հասարակական վերահսկողությունը ոչ պակաս կարևոր է։ Այս լարված վիճակից ես որպես ելք ավելի շատ տեսնում եմ, որ պետությունը, օրինակի համար, կարողանար ստեղծել մի հարթակ, որտեղ և՛ տնտեսվարողը, գործարարը, բիզնեսը․ և՛ ակտիվիստները կարողանային միասին լուրջ վերահսկողություն սահմանել նման խոշորության ծրագրերի համար՝ ի նպատս մեր երկրի։ Մենք բոլորս էլ այստեղ ենք ապրելու, չենք գնալու, ուզում ենք մեր երկիրը տեսնել մաքուր, բայց միևնույն ժամանակ տնտեսապես զարգացած»։