Ոստիկանությունն արդարանու՞մ է (տեսանյութ)

Ոստիկանությունն արդարանու՞մ է (տեսանյութ)

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ օգոստոսի 14-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները տեղեկություններ են ստացել մայրաքաղաքի ակումբներից մեկում տեղի ունեցող վիճաբանության և ծեծկռտուքի մասին։ Տեղում պարզվել էր, որ մի խումբ անձինք ակումբի հարակից տարածքում կատարում են խուլիգանական գործողություններ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։ 

Բերման ենթարկված մի քաղաքացի գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, շարունակել է խուլիգանական գործողություններ կատարել նաև ոստիկանության բաժնում, այդ թվում՝ բարձրաձայն հայհոյանքներ տալով։ 
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է ՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։

Հայտարարության մեջ  նաև ասվում է.

«Ի  դեպ, միջադեպի տեսանյութը տարածվեց նաև համացանցում։ Զարմանալի է, որ ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ և օգտատերեր ակնարկում էին, թե ինչու ոստիկանները «չեն պատժում» հարբած վիճակում գտնվող տղամարդուն։ Ոստիկանությունը օրենքի շրջանակում ապահովում է հասարակական կարգը, վերականգնում քաղաքացիների ոտնահարված իրավունքները և հաստատում կարգուկանոն։ Ոստիկանության խնդիրը այս փուլում անձանց պատժելը չէ, անկախ այդ բառի իմաստային դրսևորումներից։
Իրավախախտում կատարած ցանկացած անձի գործողություններին իրավական գնահատական է տրվում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, որի արդյունքում ցանկացած անձի կողմից նրան վերագրվող արարքը սահմանված կարգով ապացուցվելու դեպքում, կիրառվում են իրավաբանական պատասխանատվության և հարկադրանքի համարժեք միջոցներ»։

Ոստիկանությունն այսպիսով փորձում է արդարանալ, քանի որ այսօր մեր ընթերցողներից մեկը մեզ է ուղարկել մի ուշագրավ տեսանյութ, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահը՝ Նվեր Մուրադյանը, որը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է, վիրավորում և հայհոյում են ոստիկաններին, սակայն նրանք որևէ կերպ չեն արձագանքում և ուժ չեն կիրառում։ Ոստիկանության տարածած հաղորդագրությունը վերոնշյալ դեպքին է առնչվում: