Մեր կոչը պետք է ուղղվի միայն ուժային կառույցներին

Մեր կոչը պետք է ուղղվի միայն ուժային կառույցներին

Հարցազրույց Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ

- Վարչապետն իր տեսաուղերձի ժամանակ ասաց, որ ամսի 19-ից եռօրյա սուգ է հայտարարվելու երկրում, եւ լինելու է համազգային երթ դեպի Եռաբլուր: Դուք մասնակցելո՞ւ եք այդ երթին: 

- Սուգը ամսի 19-ից չէ, որ ես պետք է սգամ, ես արդեն 2 ամիս է՝ սգում եմ, եթե չասեմ` 2 տարի: Ինչու եմ այսպես ասում, որովհետեւ գոնե ինքս մեր պատմական ընթացքով ապրում եմ, դրա համար գուցե մի քիչ ավելի շատ ու բաց նյարդերով եմ տեսնում կատարվածը: Հավատացեք՝ 2 տարի է, որ ես սգի մեջ եմ, քանի որ մեր ուղին ինձ համար որոշակի էր դեռ 2 տարի առաջ, այնպես որ՝ ամսի 19-ին իմ սուգը պարզապես շարունակվելու է: Ինչ վերաբերում է մեր մտավորականներին, ես շատ մեծ կարծիքի եմ նրանց մասին, թող որեւէ մեկը չփորձի ծաղրուծանակի ենթարկել նրանց: 

- Ի դեպ, այս օրերին մեղադրանքներ են հնչում մտավորականների հասցեին, որ լուռ են, նրանց ձայնը չի լսվում։ Այդպե՞ս Է: 

- Այո, ցավոք, լուռ են, բայց դա իր պատճառներն ունի: Կա մի ազնիվ տեսակ, որ գիտի իր առաքելությունը, նշանակությունը, իր գործով է զբաղվում, բայց, չգիտես ինչու, մեր ընկալումն է խեղաթյուրված, մենք պատկերացնում ենք մտավորականին միշտ փողոցում՝ բարիկադների վրա: Բայց այդպես չէ: Իհարկե, եթե այդ բարիկադները հավերժ դատարկ են մնալու, եւ մեր երկիրն էլ անընդհատ գահավիճում է անդունդ, ի վերջո, հարկադրված՝ մտավորականը պետք է գնա ու այդ բացը լրացնի, ինչպես եղել է հարյուր տարի առաջ: Երբ նայում ենք, տեսնում ենք, որ հեղափոխական այդ շարժումների առաջին շարքերում միշտ մտավորականներն են եղել, ամեն մեկն իր պատկերացրածով էր առաջ շարժվում, եւ ոչ միշտ էր, որ ճիշտ էր լինում: Արդեն մտավորականների մի քանի հավաք եղավ, բայց այդ հավաքը նախաձեռնողը որ թուղթ ու մատիտը վերցնում է եւ ցանկ է կազմում, այդ ցանկից գուցե միայն 5 տոկոսը գա, որովհետեւ վախի մթնոլորտը համատարած է, եւ հետո՝ կան մարդիկ, ովքեր մտածում են` շառից հեռու։ Բայց սա վերաբերմունք չէ, սա խայտառակություն է: Այսօր նման մտայնություն ունենալն ուղղակի դավաճանություն է եւ սրիկայություն: Այնուամենայնիվ, ամեն ցուցակ կազմող իր քիմքին հարիր անուններ է գրում: Այս պահին, երբ զրուցում ենք, ես նայում եմ հերթական հավաքը, որ կազմակերպվել է, բացի այդ, լուր ունեմ, որ Ծաղկաձորում էլ է ինչ-որ հավաք` ՊՈԱԿ-ի տնօրենների մասնակցությամբ, այսինքն՝ ամեն հավաքի հարցում արվում է խիստ կողմնապահ ընտրություն: Մենք նաեւ ազնվագույն մտավորականների մի սերուցք ունենք, որ ընդամենը հանդիսատես է: Ես չեմ մոռացել, որ այս զուլումի սկզբում` 2.5 տարի առաջ, մտավորականների մեծ հավաք եղավ, որին ես 4 տողով անդրադարձել էի, սա էի գրել` 21-րդ դարի վարչապետը հանդիպեց 19-րդ դարի մտավորականների հետ, եւ հանդիպման ընթացքում հնչեցին բուռն ծափահարություններ դարերի խորքից: Այսինքն՝ նա դեռ բերանը չէր բացել, բայց օվացիաներ էին հնչել, այսօր այդ մարդկանց դու բերում ես հիմա էլ այս կամ այն հավաքին: Եթե 2.5 տարի առաջ այնքան եռանդ ունեին, որ ծափահարում էին, հիմա կցկտուր ծափ են տալիս: Այն մտավորականներին, որ ես կուզենայի տեսնել, որոնք առողջ բանականություն ունեն, կա՛մ լավ թաքնվել են, կա՛մ էլ ես եմ քոռացել եւ չեմ տեսնում:

- Բայց պարտադի՞ր է, որ այդ մտավորականներին անպայման մի հավաքի կանչեն` նոր իրենց խոսքն ասեն։ Կարող են, չէ՞, ֆեյսբուքի կամ մամուլի էջերում իրենց կարծիքը հայտնել:

- Զգուշավոր են, որովհետեւ ահավոր վարկաբեկված եւ անառողջ մթնոլորտ է: Այդ մարդիկ հիմնականում ապավինում են մեր դասականներին, նրանց էջերը որ բացեք, կտեսնեք հիմնականում դասականներից մեջբերումներ, այսինքն՝ ենթատեքստով են խոսում: Երբեմն մտածում եմ՝ մի՞թե իրենց սեփական խոսքը չունեն, որ անընդհատ Թումանյան ու Չարենց են մեջբերում: Այնուհանդերձ, այսօր թաքնվելու, այդ տեքստի եւ ենթատեքստի տակ քողարկվելու ժամանակը չէ, որովհետեւ եթե պետք է այսօր զրոյից սկսենք եղածը պահել, վաղը մեկ այլ կետից պետք է սկսենք դա անել, որովհետեւ ամեն օրն աշխատում է ի վնաս մեզ, ամեն նոր օր մաշում է մեր սահմանները, ամեն օր իրավիճակ է փոխվում՝ ի վնաս մեզ: Այլեւս վեհերոտության կամ մորթապաշտության ժամանակը չէ, էլ ի՞նչը պետք է կորցնենք:

- Օրեր առաջ` Բաքվում հաղթանակի շքերթի ժամանակ, Ալիեւը հայտարարեց, որ Զանգեզուրը, Սեւանը, Երեւանը Ադրբեջանի պատմական տարածքներն են: Հայաստանից այս հայտարարությանը որեւէ պատասխան չհնչեց, ինչո՞ւ:

- Դա մեծ ողբերգություն էր, եւ այդ տարածաշրջանները նրանք պատահական չեն հնչեցրել, քիչ առաջ ասացի, որ եթե գիտես քո պատմական ընթացքը, ամեն ինչ հասկանալի է դառնում, այդ նույն ձեռքը հարյուր տարի առաջ մեզ համար երկիր գծեց, այդ ձեռքն այսօր կոչվում է Էրդողան-Ալիեւ, իսկ 100 տարի առաջ կոչվում էր Թալեաթ, Էնվեր ու նաեւ Քեմալ: Այդ երկիրը նրանք գծեցին՝ որպես մեզ հայրենիք։ Ինչու գծեցին այդ 10-12 հազար քմ-ն, որովհետեւ խնդիր ունեին` պարտվել էին Առաջին աշխարհամարտում, եւ Փարիզի վեհաժողովում նրանց պետք է խեղճացներ աշխարհը հայոց ցեղասպանությամբ, պետք է ցույց տար, որ Հայաստան եմ ստեղծել՝ հայերի համար, բայց դե, ժամանակավոր գծեց, որովհետեւ, երբ իր խնդիրները լուծեր, հետո պետք է վերացներ դա: Հետո, երբ ես արտաբերում եմ զորավար Անդրանիկի անունը, մի մեծ զանգված ջղաձգվում է, բայց նա ուղղամիտ մարդ էր, միանգամից, երբ տեսավ թուրքի գծած քարտեզը, ասաց` ես թուրքի ստեղծած Հայաստանը չեմ ընդուներ...։ Դա ցավոտ էր մեզ համար, որովհետեւ մենք երբեք չենք համարել, որ դա թուրքն է գծել, այլ որ մենք ենք զենքով նվաճել...։ Այսօր այդ նույն ձեռքը տալիս է Սյունիքի, Սեւանի, Զանգեզուրի անունները, միաժամանակ 10-12 հազար քմ տարածք չի գծելու, որովհետեւ, ի տարբերություն 1918-ի, թուրքը էլ խնդիր չունի աշխարհի հետ, անպատիժ, անարգել անում է այն, ինչ ուզում է: Ահա թե ինչու սարսափելի են դրանց հայտարարությունները. ուրեմն ինչ-որ բան են գծել, որ պետք է կյանքի կոչեն, իսկ մեր կողմից ո՛չ պատասխան կա, ո՛չ ընդդիմություն, ո՛չ անհանգստություն, ընդամենը օդում կախված թմրած, լեռնացած մի մառախուղ ու սպասելիք։ Բայց դե, ումից եւ ինչ ենք սպասում` չգիտեմ: Մեր անհանգստության հասցեատերերն արդեն պետք է լինեն ուժային կառույցները` ազգային անվտանգությունը, բանակը, ոստիկանությունը, ու եթե չեն մտածել ոչ մի բան մինչեւ հիմա, թող բարի լինեն մտածել, վաղն արդեն ուշ է լինելու:  

- Ստացվում է՝ կաթողիկոսների, նախագահի, ակադեմիական շրջանակների, մտավորականների հայտարարությունները, վարչապետի հրաժարականի պահանջներն ուժ ու ազդեցություն չունեն, եւ այս պահին որեւէ բան կարող են փոխել միայն ուժայիննե՞րը։   

- Կաթողիկոսներին, ցավոք սրտի, չեն լսի, որովհետեւ այս տարիների ընթացքում նրանց շատ վարկաբեկեցին, շատ եմ ցավում, բայց նրանց չեն լսի: Ես ամեն ժամ, ամեն վայրկյան մտածում եմ դրա մասին եւ կարծում եմ՝ մեր կոչը պետք է ուղղվի միայն ուժային կառույցներին: Էլ նահանջելու տեղ չկա, իրենք իրենց պետք է հրամաններ տան եւ գնան կանգնեն սահմանապահ գյուղացու կողքը․ գուցե միամիտ բան եմ ասում, բայց ուրիշ ելք չեմ տեսնում: Իսկ իշխանափոխության պահով ուժայինները կարող էին մի բան անել, երբ տեսանք, որ բանը բանից անցել է, եւ 44 օր մեզ մոլորեցրել են, բայց ուժայինները որեւէ բան չարեցին... ու քանի որ անիշխանություն է մեր երկրում, ամեն կառույցի ղեկավար, հատկապես ուժայինները, արդեն պետք է գործեն խղճի մտոք: