Ես կարող եմ համախմբել Քոչարյանին ու Փաշինյանին, բոլոր հայերին

Ես կարող եմ համախմբել Քոչարյանին ու Փաշինյանին, բոլոր հայերին

Այսօր տեղի ունեցավ «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցության հիմնադիրը գործարար Երվանդ Թարվերդյանն է, նա նաև կուսակցության առաջնորդի միակ թեկնածուն էր, և ընտրվեց միաձայն։ Թարվերդյանի խոսքով՝ նոր ստեղծված կուսակցությունը առաջնահերթ գործելու է տնտեսության դաշտում․

«Կուսակցությունը ստեղծվել է ազգային գաղափարախոսության հիմքով, մեզ ոչ մի դաշտում պետք չէ դիտել, մեզ պետք է դիտել Հայաստանում։ Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին մասնակցելուն, ապա եկեք սպասենք՝ տեսնենք ընտրություններ կլինե՞ն, թե՞ չեն լինի։ Մեր կուսակցությունը ստեղծվել է, որպեսզի առաջնահերթ ստեղծի տնտեսական դաշտի համար ծրագրեր, որպեսզի կանոնակարգի տնտեսությունը, որը կլինի բավականին լուրջ պլատֆորմա երկիրը զարգացնելու, հզորացնելու  համար։ Մեր կուսակցությունը կմասնակցի նաև հետագայում Հայաստանում տեղի ունեցող բոլոր ընտրություններին՝ կլինի քաղաքապետի ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ։ Մենք ունենալու ենք լայն տարածում Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանից դուրս։ Նախատեսված է, որ կուսակցությունը կունենա ներկայացուցչություններ ՌԴ-ում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և սփյուռքի մյուս հայաբնակ երկրներում»,- ասաց Թարվերդյանը։

Հարցին, թե միայնա՞կ են մասնակցելու ընտրություններին, թե՞ այլ կուսակցությունների հետ դաշինքով, Թարվերդյանը պատասխանեց․

«Եթե այլ ուժեր ցանկանան միանալ մեզ, ապա մենք բաց ենք։ Ես իմ ծրագրային ելույթում նշեցի, որ մեր կուսակցությունը բաց է բոլոր այլ կուսակցությունների համար, բոլոր ՀԿ-ների համար և քաղաքացիական շարժումների համար։ Մենք՝ ինքներս, ոչ մեկին չենք միանալու»,- պատասխանեց կուսակցության առաջնորդը։

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում գործող իշխանության գործունեությունը, Թարվերդյանը պատասխանեց․

«Մի շարք ոլորտներում գործող իշխանությունների մոտ առկա է անգործություն, անփորձություն, և դա է պատճառը, որ մենք՝ պրոֆեսիոնալներս, մտնում ենք քաղաքական դաշտ։ Մասնավորապես նախորդ տարի բոլոր ծրագրերը՝ կապված covid-ի հետ պետք է օգնեին բիզնեսին,սակայն ֆինանսավորման բոլոր դեպքերում իրականացվեց սուբսիդավորում, այլ ոչ թե պետության կողմից ֆինանսավորում։ Դրանք բավականին տարբեր բաներ են։ Ինքս թե՛ վարչապետի հետ խորհրդակցությունների ժամանակ, թե՛ էկոնոմիկայի նախարարի մոտ խորհրդակցությունների ժամանակ խնդրել եմ, որպեսզի սուբսիդավորումն ու ֆինանսավորումը նույն ձևի ֆինանսավորում չներկայացվի»։

Չի՞ բացառում Թարվերդյանը թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը՝ գործարարը պատասխանեց․
«Մեր հիմնական թեզերից մյուսը նա է, որ ավելորդ մարդ չկա, մենք շատ քիչ ենք՝ ընդամենը 10 միլիոն։ Մենք պարտավոր ենք այս պահին համախմբվել բոլորս միասին, որպեսզի ունենաք հզոր Հայաստան։ Ես բոլորին եմ համախմբելու»,- պատասխանեց Թարվերդյանը։

Նիկոլ Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանի՞ն էլ կարող է համախմբել․

«Այո։ Ես իմ մեջ ուժ ունեմ համախմբել բոլոր բևեռներին, բոլոր հայերին։ Ինձ համար դա անձինք չեն, դա 2 խումբ է, որը տարանջատվել է առանձին անձանց շուրջ։ Ես կհամախմբեմ բոլոր հայերին»,- պատասխանեց Թարվերդյանը։

Նրանից հետարքրքվեցինք նաև, թե ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին շրջանում գործարարները կուսակցություններ են բացում, մտնում են քաղաքականություն․

«Ուրեմն կա՛ 3 միտք՝ գիտական միտք, բիզնես միտք և քաղաքական միտք։ Ամենաբարձր միտքը գիտական միտքն է, երկրորդ տեղում է բիզնես միտքը, տնտեսվարող միտքը, և 3-րդ տեղում՝ քաղաքական միտքը։ Նման բարդ իրավիճակներում տնտեսական միտքը ներհոսում է քաղաքական ոլորտ, որպեսզի ստեղծի կառուցողական նոր իրականություն»։