Պտույտ մը Հայաստանի նախարարություններու մեջ

Պտույտ մը Հայաստանի նախարարություններու մեջ

Հոդվածի վերնագիրն ընտրել եմ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» գործի նմանությամբ՝ մասամբ այն պատճառով, որ շատ սիրում եմ Պարոնյան, նաեւ` Զոհրապ, Օտյան, Վարուժան, առհասարակ՝ արեւմտահայ գրականություն` ի տարբերություն եւ ի հակադրություն արեւելահայ գրականության: Իսկ Պարոնյանին հիշելն ինձ ճիշտ թվաց մասամբ էլ այն պատճառով, որ Հայաստանի նախարարությունների` անգործությունից շատ չտարբերվող գործունեությունը որքան էլ երկրին վնասի ու հասարակությանը զայրացնի` առօրյայում նաեւ զվարճացնում է: Համենայնդեպս, գոնե ես վերջին մեկ ամսվա ընթացքում երեք-չորս նախարարության առնչվելու առիթ ունեցա, եւ այդ փորձառությունն ինչ-որ պահից սկսեց Պարոնյանի «Կսմիթների» սյուժեները հիշեցնել: 

Այժմ գրում եմ այդ առնչությունների մասին ոչ միայն այն պատճառով, որ նախարարություններում իրենց կողքից նայեն, ընթերցողներն էլ երբեմն ծիծաղեն, այլ այն, որ վերջնահաշվում կարգավորումներ արվեն, որոշ դեպքերում՝ նախարարների միջամտությամբ, որոշ դեպքերում` կառավարության եւ դրա ղեկավարի: 

Անտերություն անտերությանց` ԿԳՄՍՆ

Միայն անվան հապավումից` ԿԳՄՍՆ (կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն), արդեն ակնկալելի է, որ դա մի անտերունչ ու խառնակ կառույց պիտի լինի, որովհետեւ ոչ մի լուրջ կառույց նման բաղաձայնների կուտակմամբ անվանում իր համար չի ընտրի: Սակայն ո՜ւր էր, թե ԿԳՄՍՆ-ի խնդիրը միայն բաղաձայնակերտ անվանումը լիներ: Մայիսի վերջին օրերին, թե հունիսի սկզբին ինչ-որ պատճառով ինձ պետք էր հասկանալ, թե Հայաստանում լրացուցիչ (այլ բառերով` շարունակական, ոչ ֆորմալ) կրթության ոլորտն ինչպես է կարգավորվում: Դրա համար, բնականաբար, առաջինը «Կրթության մասին» օրենքը բացեցի. պարզվեց՝ օրենքն ունի 26-րդ հոդված, որն այդպես էլ վերնագրված է՝ «Լրացուցիչ կրթություն»: Այդ հոդվածի 4-րդ մասով համարյա մեր թվարկությունից առաջ, «դըմփ-դըմփ-հու»-երի` 2018-ի իշխանազավթումից էլ առաջ, Եղեռնի 100-ամյա տարելիցից էլ առաջ` 21.06.2014թ․ ՀՕ-83-Ն օրենքով կատարված փոփոխությամբ եւ լրացումով սահմանվել է, որ «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման կարգը… սահմանում է ՀՀ կառավարությունը»: 

Մեկ տարի անց` 2015թ. սեպտեմբերի 10-ին, ի կատարումն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ կառավարությունն ընդունում է N 1062-Ն որոշում՝ «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման կարգը, ինչպես նաեւ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքերի գնահատման եւ ճանաչման կարգը սահմանելու մասին», որի 1-ին հավելվածով (կետ 28) ամրագրվում է. «Կրթության պետական կառավարման լիազորված մարմինն ստեղծում է Ուսուցման ազգային ռեեստրը»: Հաջորդ` 29-րդ կետում, թվարկվում են Ուսուցման ազգային ռեեստրի բաժինները, 31-րդ կետով էլ սահմանվում է․ «Ուսուցման ազգային ռեեստրն ունի միասնական ինտերնետային կայքէջ, որից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք…»:

Այդքանը կարդալուց հետո այլեւս ի՞նչ էր մնում անել: Բնականաբար` գտնել ինտերնետային կայքէջը: Փնտրեցի… չգտա: Ընդ որում՝ բավականին երկար փնտրեցի, այդ ընթացքում անգամ կրթության նախարարի հրամանի հանդիպեցի` 17.05.2016թ. ընդունված N 486-Ն հրաման, որով ի կատարումն կառավարության 10.09.2015թ. N 1062-Ն որոշման, հաստատվում էր Ազգային ուսուցումների ռեեստրի վարման կարգը: Այդ ժամանակ մտքովս չանցավ, թե կրթության նախարարության ավանդական ու ժառանգական անտերունչ վիճակը կարող է այնտեղ հասած լինել, որ 7-8 տարի առաջ ընդունված օրենքը, կառավարության որոշումը, նախարարի հրամանը մինչեւ օրս գործադրված չլինեն: 

Հաջորդ առավոտյան զանգահարեցի ԿԳՄՍՆ: Սկզբում՝ թեժ գիծ, հետո` բարձրագույն կրթության վարչություն, հետո` իրավաբանական վարչություն, տեղեկատվության, հանրակրթության, շարունակական կրթության (ընթացքում սխալ տրված հեռախոսահամարների պատճառով՝ մի երկու հատ էլ ուրիշ վարչություն), հետո` մի փոխնախարարի ընդունարան, մյուսի ընդունարան, նախարարի խոսնակի, թե խորհրդականի… Արդյունքում որքան էլ մարդիկ բարեհաճ էին, կիրթ, պատրաստակամ օժանդակելու, միեւնույն է` զրույցների ՕԳԳ-ն զրո էր, քանի որ ԿԳՄՍՆ աշխատակիցները կա՛մ առհասարակ չէին լսել եւ չգիտեին, թե ինչ է Ուսուցման ազգային ռեեստրը, կա՛մ տեղյակ չէին` այն ստեղծվե՞լ է, թե՞ ոչ, կամ էլ եթե բացատրում էի, որ ռեեստրը կարգավորում է լրացուցիչ կրթության ոլորտը, ոմանք արդեն կողմնորոշվում էին, որ նման անվանումով վարչություն գոյություն ունի ԿԳՄՍՆ-ում, գուցե նրանք տեղյակ լինեն: 

Համընդհանուր անտեղյակությունից արդեն կասկած ծագեց, որ օրենք, կարգ, հրաման ընդունելուց 8 տարի անց Ազգային ուսուցման ռեեստրը դեռ ստեղծված չէ: Հակառակ պարագայում չէր կարող նման համատարած անտեղյակություն լինել: Դա նույնն է, թե զանգահարես, դիցուք, արդարադատության նախարարություն, եւ այնտեղ ոչ ոք չիմանա Իրավաբանական անձանց ռեեստրի մասին: 

Ի վերջո, օրվա երկրորդ կեսին նախարարությունում գտնվեց մի եզակի աշխատակից` Լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչությունում, գլխավոր մասնագետի պաշտոն զբաղեցնող, ով վերջապես տեղյակ էր օրենքից, կարգից, ռեեստրից: Նա հաստատեց, որ Ուսուցումների ազգային ռեեստրը ստեղծված չէ, ինտերնետային կայք էլ գոյություն չունի: Իհարկե, նախարարության դեմքը փրկելու համար նա հավելեց, որ խնդիրը ֆինանսական է, կայք ստեղծելու համար միջոցներ չեն գտնվել եւ այլն: 

Ավելորդ է ասել, որ ֆինանսական պատրվակները` ութ տարվա անգործությունը բացատրելիս դույզն-իսկ հավատարժան չեն: Աստված գիտե, թե ԿԳՄՍՆ-ն տարեկան քանի միլիարդ դրամ է վատնում ու փոշիացնում: Այլեւս չասած, որ եթե ԿԳ նախարարն ու փոխնախարարները պատշաճ խնդրեին, գուցե «Թումո» կենտրոնի երեխաներն էլ կայքն անվճար ստեղծեին, նվիրեին իրենց: 
Իսկ Ուսուցումների ազգային ռեեստրի ստեղծումը կարեւոր է ոչ այն պատճառով, որ պետական բյուրոկրատական մեքենայի գործունակությունը երեւա` եթե օրենք, կարգ ու հրաման է ընդունվում, ապա դրանք պետք է իրագործվեն: Այս բյուրոկրատական կողմը թող հուզի իշխանությանը եւ այն թյուրիմացություններին` տարբեր ազգանուններով, բայց նույն զրոյական ՕԳԳ-ով, ովքեր 2014-ից մինչ այսօր ԿԳ նախարարի ու փոխնախարարի աթոռներն են զբաղեցրել:     

Ուսուցումների ազգային ռեեստրը հասարակության համար կարեւոր է այն պատճառով, որ հիմնարար բուհական կրթությունից ու որակավորումից հետո մարդկանց հետագա ողջ նեղ մասնագիտացումը, գիտելիքների արդիականացումը, հմտությունների կատարելագործումը, վերապատրաստումը գերազանցապես լրացուցիչ կրթության ոլորտ է: Իսկ երբ չկա Ազգային ուսուցումների ռեեստր, մարդը որտեղի՞ց իմանա, թե իր մասնագիտությամբ ինչ լրացուցիչ կրթության ծրագրեր են հասանելի հայաստանցիների համար` Հայաստանում կամ արտերկրում, որտեղի՞ց դրանք գտնի, ինչպե՞ս համեմատի, ընտրի, մասնակցի: 

Ի վերջո, տնտեսության առաջընթացի, անգամ բնականոն գործունեության համար ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է որակյալ աշխատուժ, որն ապահովելու առաջին եւ վերջին պայմանը լրացուցիչ կրթության համակարգն է: Լրացուցիչ կրթությունն է կապող օղակը ակադեմիական կրթության եւ աշխատաշուկայի ու տնտեսության թելադրած պահանջների միջեւ: Մի օղակ, որ Հայաստանում չի գործում կամ գործում է` ինչպես պատահի, քանի որ ԿԳՄՍՆ-ի անտերունչ վիճակը հնարավոր չէ հաղթահարել ու հարկադրել, որ օրենքի, կարգի ու հրամանի ընդունումից գոնե մի տասնամյակ հետո բարեհաճեն դրանք կյանքի կոչել` Ուսուցումների ազգային ռեեստր ստեղծեն: Այժմ թող կառավարությունից պահանջեն ու պարտադրեն` չկատարելու դեպքում ԿԳՄՍ նախարարին պաշտոնանկ անելու զգուշացումով: 

Առողջապահության նախարարությո՞ւնը գուցե կարգավորի 

Երկրորդ նախարարությունը, որի հետ անցյալ ամիս առիթ ունեցա առնչվելու, առողջապահության նախարարություն էր: Այս նախարարության հետ մի անգամ 2005, թե 2006-ին էի առնչվել՝ այնքանով, որ Հայրենական մեծ պատերազմի մի վետերանի համար նախարարին դիմում էի գրել, որպեսզի նրան առողջական հարցով ընդառաջեն (հիշում եմ` Նորայր Դավիդյանցն էր նախարարը, ընդառաջեցին): Այժմ երկրորդ անգամ առնչվելու առիթ եղավ, եւ արդյունքում այս նյութն եմ գրում: Անցյալ ամիս իմ ազգականներից մեկն Իսպանիայից հրավեր էր ստացել եւ պետք է դիմեր ընտանիքի վերամիավորման հիմքով Իսպանիայի ազգային վիզա ստանալու համար (դա կարճաժամկետ Շենգեն վիզայից տարբերվող մուտքի արտոնություն է): Քանի որ Մոսկվայում գտնվող Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոսությունն է սպասարկում Հայաստանին, այն տրվելու էր Մոսկվայում: Դեսպանատան կայքում ամենայն բարեխղճությամբ եւ հստակությամբ բացատրված էր (իսպաներեն եւ անգլերեն), թե ինչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել ազգային վիզայի համար: Փաստաթղթերից մեկը բժշկական տեղեկանքն էր, որի պահանջվող բովանդակությունը կայքում հատուկ նշված էր. «This medical certificate certifies that Mr./Mrs. He does not suffer from any of the diseases that may have serious public health repercussions in accordance with the provisions of the international health regulations of 2005» (թարգմանաբար` «Սույն բժշկական տեղեկանքով հավաստվում է, որ պրն/տիկ․ անձի անուն-ազգանունը, չի տառապում որեւէ այնպիսի հիվանդությամբ, որը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել հանրային առողջության համար` համաձայն 2005թ․ Միջազգային բժշկասանիտարական կանոնակարգի դրույթների»):

Հասկանալի է, որ Հայաստանից հազարավոր անձինք են դիմում՝ Իսպանիա մուտքի վիզա ստանալու․ ոմանք՝ կրթության հիմքով, ոմանք՝ աշխատանքի, ոմանք՝ ամուսնության եւ այլն: Բոլորից դեսպանատունը պահանջում է վերը նշված բովանդակությամբ բժշկական տեղեկանք. որեւէ մեկը Հայաստանից այն չի տանում: Ինչո՞ւ, որովհետեւ ամեն պոլիկլինիկա տալիս է ՀՀ-ում հաստատված ձեւի տեղեկանքներից մեկը` նշելով, որ անձն առողջ է, բայց դա այն չէ, ինչ հյուպատոսությունն ընդունում է: 

Փորձեցի առողջապահության նախարարությունից պարզել, թե ով կարող է անձի` առողջ լինելու մասին պոլիկլինիկայից տրված տեղեկանքի հիման վրա կամ այլ լրացուցիչ ստուգումների հիմքով տալ Իսպանիայի ԱԳՆ-ի պահանջած բովանդակությամբ տեղեկանք: Զանգահարեցի թեժ գիծ, նախարարի օգնականին, միացրին միջազգային կապերի վարչություն, զանգահարեցի այլ վարչություններ` չէին պատասխանում, նախարարի մյուս օգնականին եւ այլն, ի վերջո համոզվեցի, որ թեժ գծի աշխատակիցը ճիշտ խորհուրդ էր տվել` ուղիղ գրել նախարարին: Այդպես էլ վարվեցի: Ի պատիվ նախարարության` մեկ օրում պատասխանեցին: Շարունակությունը` հաջորդիվ: