Ընդդեմ ատելության

Ընդդեմ ատելության

Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխումների նպատակով 6 ամիս առաջ ստեղծված աշխատանքային խումբը, որի անդամներն էին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի կազմը, մտադիր է եւս 6 ամսով երկարացնել աշխատանքային խմբի գործունեության ժամկետը՝ մինչեւ 2020 թ․ դեկտեմբերի 31-ը։ Ինչպես հայտնի է, հանձնաժողովի կազմում ընդգրկված ընդդիմադիր պատգամավորները մեկնարկից շատ չանցած՝ հրաժարվել էին մասնակցել խմբի աշխատանքներին՝ իշխող խմբակցությանը մեղադրելով միակողմանի որոշումներ կայացնելու եւ սորոսական կազմակերպություններին առավելություն տալու մեջ։ Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ մինչ կլրանար 6 ամիսը, մայիսի 16-ից ուժի մեջ են մտել ՀՀ քրեական օրենսգրքում կառավարության կատարած լրացումները, համաձայն որոնց՝ քրեականացվում են բռնության կոչերը, բռնությունն արդարացնելն ու քարոզելը։ Կան տեղեկություններ, որ կառավարության կողմից այդ փոփոխությունների առաջարկն անակնկալ է եղել խմբի իշխանական պատգամավորների համար, իսկ սա խոսում է, որ գործադիրն ու օրենսդիրը կանոնակարգված չեն աշխատում։