Ի՞նչ է իրենից ներկայացնում մահերի «2-րդ ցուցակը», որտե՞ղ է բաժանման սահմանը

Ի՞նչ է իրենից ներկայացնում մահերի «2-րդ ցուցակը», որտե՞ղ է բաժանման սահմանը

Covid 19-ի պատճառով գրանցված մահերի քանակը ներկայացնելիս ինչ-որ պահից առողջապահության նախարարությունը սկսեց երկու թիվ ներկայացնել, այսպես կոչված, «մահերի երկրորդ ցուցակ», որտեղ իբրեւ թե այն մահերն են, որոնք գրանցվել են այլ պատճառներով, սակայն մահացած անձանց մոտ կորոնավիրուսի վարակը հաստատված է։ Այս երկրորդ ցուցակը հանրության շրջանում կասկածների տեղիք տվեց։

Երեկ, օրինակ, կորոնավիրուսից մահացել է 6 հոգի, իսկ «այլ պատճառներով»՝ 9-ը, որոնց մոտ կրկին եղել է կորոնավիրուս։ Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ինչպես է որոշվում՝ մարդը մահացել է կորոնավիրուսի՞ց, թե՞ այլ պատճառներից, քանի որ նախկինում նաեւ հայտնում էին, որ Covid 19-ից մահացածներն ունեցել են ուղեկցող այլ հիվանդություններ, բացի այդ՝ դիահերձումներ չեն արվում, եւ հնարավոր չէ պարզել մահվան պատճառը։ Ինչպե՞ս է որոշվում, որ կորոնավիրուսը զրոյական ազդեցություն է ունեցել, եւ այդ մարդը, միեւնույն է՝ մահանալու էր, եթե նույնիսկ վարակված չլիներ։ Նախարարությունից պատասխանեցին․ «Հասկանալու համար, թե որն է եղել մահվան պատճառը, ամբողջ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն է կատարվում, որի արդյունքում բժիշկները որոշում են մահվան պատճառը։ Սա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում»։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանի հետ՝ հարցնելով, թե ինչպես է կատարվում այդ բաժանումը՝ մարդը մահացել է կորոնավիրուսի՞ց, թե՞ ոչ։ «Քանի որ ես այդ ինֆորմացիային հասանելիություն չունեմ եւ մանրամասների չեմ տիրապետում, որպեսզի հասկանամ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ որ մահերն են, ինչ պատճառներով, զուտ ձեւակերպումից ելնելով՝ կարող ենք ենթադրել, որ այդ մահերի թիվն այն դեպքերն է ընդգրկում, որոնք, այսպես թե այնպես, պիտի մահանային։ Գուցե վիրուսի առկայությունը փոքր-ինչ խթանել է կամ չի խթանել, դա չեմ կարող ասել, դա պետք է մանրամասն վերլուծել, թե կոնկրետ ինչից է եղել մահը, որովհետեւ այդ ձեւակերպումը շատ ընդհանրական է։ Նույնիսկ այն մահերը, որոնք նշված է, որ կորոնավիրուսի պատճառով է մահացել, նույնիսկ դրանք պարզաբանման կարիք, թերեւս, ունեն, թե ուղեկցող ինչ հիվանդություններ են ունեցել, դրանք արդյոք այն բնորոշ զուգորդող հիվանդություննե՞րն են, որոնք մարդուն ավելի խոցելի են դարձնում, թե՞ ոչ։ Այո, հարցեր կան, եւ դրանք նախարարությունը պետք է պարզաբանի»,- ասաց Հովհաննիսյանը։

Բայց եթե մարդն ունեցել է Covid 19 եւ ուղեկցող այլ հիվանդություն, ինչպե՞ս է պարզվում, որ մահացել է այլ հիվանդությունից, ոչ թե Covid 19-ից՝ հարցրինք համաճարակաբանին։ «Վիրուսն ախտահարում է օրգանիզմը, որի դեպքում առաջանում են որոշակի ախտանիշներ, եւ օրգանիզմում փոփոխություններ են տեղի ունենում։ Որոշ հիվանդությունների պարագայում այդ փոփոխությունները շատ ավելի ծանր են ընթանում, սիմպտոմատիկան շատ ավելի ծանր է զարգանում, որի հետեւանքով մարդը մահանում է։ Մենք կարող ենք ամեն ինչ ենթադրել։ Երբ չգիտես՝ տակն ինչ կա, վերլուծելը շատ դժվար է, ամեն բան կարող ես ենթադրել, մենք պատճառները չգիտենք, ուստի դատել չենք կարող։ Օրինակ՝ եթե մարդու մոտ զարգացել է սուր իշեմիկ ինչ-որ ախտաբանական վիճակ, սրտի կամ ուղեղի կաթված, որից մահացել է, բայց նաեւ ունեցել է կորոնավիրուս, հիմա պարզ է, որ այդ մարդու մահվան պատճառը սրտամկանի ինֆարկտն է կամ ուղեղի իշեմիկ ախտահարումը՝ ինսուլտ կոչվածը։ Այդ դեպքում չես կարող ասել՝ ինքը կորոնավիրուսի՞ց է մահացել, կամ այն նպաստե՞լ է այդ իրավիճակին։ Դրա համար շատ ավելի բարդ հետազոտություններ պետք է արվեն»։ Հովհաննիսյանին հարցրինք նաեւ, թե ինչու է այդ դեպքում ներկայացվում այդ վիճակագրությունը, եթե վստահ են, որ մահը կորոնավիրուսից չի գրանցվել եւ այն զրոյական ազդեցություն է ունեցել։ «Միանշանակ չեմ կարող պատասխանել, թերեւս դրա իմաստը նրանում է, որ գուցե այլեւայլ շահարկումների՞ց խուսափեն, որովհետեւ շատ է խոսվում այն մասին, որ մարդը մահանում է այլ հիվանդությունից, բայց վիճակագրությունն ուռճացնելու համար իրեն կարող են մտցնել Covid 19-ի մահերի ցանկի մեջ։ Որպեսզի, երեւի, այդ շահարկումներից խուսափեն, հավանաբար, որոշել են նաեւ այսպիսի բաշխում տալ։ Դրա վերաբերյալ պատասխանատուները պետք է մեկնաբանություններ տան»,- ասաց համաճարակաբանը։

Այս նույն հարցի պատասխանը խնդրեցինք նաեւ նախարարությունից, մեզ պարզաբանեցին հետեւյալ կերպ․ «Վիճակագրությունը ներկայացվում է այն պատճառով, քանի որ այդ մարդը փաստացի ունի կորոնավիրուս եւ դրական դեպքերի ընդհանուր վիճակագրության մեջ կա, եթե մենք այդ վիճակագրությունը չներկայացնենք, ապա առավոտյան՝ վիճակագրությունը ներկայացնելիս, Դուք կզգաք թվերի բացակայություն, այսինքն՝ ընդհանուր թվերից, երբ փաստացի բուժվող ստանաք, կտեսնեք, որ մի քանի տասնյակ մարդ պակաս է, որն այլ պատճառով մահերն են»։

Սակայն շատերին թվում է, որ հենց կորոնավիրուսից մահվան թվերը փոքրացնելու համար է արվում այս մանիպուլյացիան, եւ այն բացառապես քարոզչական իմաստ ունի։