Եվ հոգնած մի այր՝ Նիկոլ անուն․․․

Եվ հոգնած մի այր՝ Նիկոլ անուն․․․

Նիկոլ Փաշինյանի հասարակական գործունեությանը հետեւողները (նա պետական գործունեությամբ տեւական ժամանակ է՝  չի զբաղվում, վկա՝ կորոնավիրուսի աղետի մեջ օր-օրի թաղվող երկիրը) վաղուց են նկատել, որ այդ մարդը հասարակական գործունեությունն ընտրել է որպես այլընտրանք եւ փախուստի հնարավորություն՝ պետական գործունեությունից։ Նրա հասարակական ակտիվությունը հատկապես համավարակի օրերին եւ մանավանդ՝ կորոնավիրուսի  թեմայով, նույնիսկ արդեն տարօրինակ չէ․ այն սկսել է բնորոշել այս գործչին․ մարդը փորձում է բեռնաթափվել վարչապետի պաշտոնից բխող ուղղակի պատասխանատվություններից ու պարտականություններից՝ որպես մեծ հոգեբանական եւ ինտելեկտուալ բեռից, եւ այդ բանը սքողելու համար իրեն տվել է հասարակական գործունեության «անտանելի» թեթեւությանը (համեմատությունն ինքն իրեն եկավ՝ «կեցության անտանելի թեթեւությունը»)։ 

Հայտնի է, որ հասարակական գործունեությունն ուղղակի պատասխանատվություն եւ անպայման տեսանելի արդյունք չենթադրող աշխատանք է, իսկ Ն․ Փաշինյանի պարագայում՝ հոգեբանական կոմֆորտի միջոց, քանզի մարդը միշտ գտնվում է «գործ» անելու պատրանքի մեջ։ Վերջին երկու-երեք ամիսներին Ն․ Փաշինյանը, կորոնավիրուսի վրա սեւեռված,՝ «գործ» է  անում՝ ստեպ-ստեպ ֆեյսբուքյան տեսաուղերձներ հղելով, ճեպազրույցներ տալով, Ազգային ժողովում ելույթներ ունենալով։ Տպավորություն է ստեղծվում, թե նա պարետատանն աշխատում է որպես կամավոր, եւ «գործատուն»՝ Տիգրան Ավինյանը, խրախուսում է վերջինիս գերակտիվությունը, որովհետեւ ինքն էլ արդեն հոգնել, գլուխ չի հանում ստեղծված խառնաշփոթից։  Կարելի է նույնիսկ ավելի ստույգ որոշել Ն․ Փաշինյանի «պաշտոնը» Ավինյանի պարետատան հաստիքացուցակում․ նա, ակնհայտորեն, կատարում է պարետատան հասարակության հետ կապերի պատասխանատուի պարտականությունները։

Իսկ ավելի լուրջ՝ վարչապետը հոգնած է եւ չափազանց հոգնած։ Նա սկզբից եւեթ  անհամաչափ ծանր պատասխանատվություն է վերցրել ուսերին՝ առանց խորանալու դրա վտանգավորության մեջ, եւ հիմա է միայն հասկացել, որ մեկ մարդը՝ առանձին վերցրած, ի վիճակի չէ փոխարինել մի ամբողջ կառավարության, ինչը տենդագին կերպով եւ ինքնակործան համառությամբ փորձում է անել նա, ի վիճակի չէ նույնիսկ ԱԺ-ական կոճակները սեղմել 88 մարդու փոխարեն։ Եվ վաղ թե ուշ վրա էր հասնելու պետական կարեւորագույն խնդիրներից խույս տալու, հետո՝ չտեսնելու տալու, հետո՝ դրանցից փախչելու ժամանակը (իսկ մեր հերոսի պարագայում դա նաեւ բնազդական բան է)։
Ի վնաս վարչապետի (եւ երկրի) են գործել նաեւ վարչապետական «աթոռակալության» սկզբում հազիվ նկատելի, բայց հետո խորացած հոգեբանական տրանսֆորմացիաները։ 

Պետության առաջին աթոռն անսպասելի, սրընթաց գրաված մարդը նախ բռնվել է խանդավառության, բերկրանքի խելահեղ զգացումով, հետո չնայած խանդավառությունը կամաց-կամաց անցել է, բայց խելահեղությունը, ահա՝ ոչ։ Իշխանության հանդեպ  խելահեղ սերը սովորաբար համակում է անձնապաստան հոգիներին ու անպատրաստ բնավորություններին՝ այնպես, որ նրանք փորձում են անընդհատ բարձրացնել բերկրանքի չափաբաժինը։ Ահա թե ինչու առանց վարանելու եւ սեփական ճշմարտացիության մեջ կասկածներ չունենալով՝ նրանք մտնում են նաեւ այնտեղ, ուր բոլոր առումներով թույլատրված չէ, օրինակ՝ դատական իշխանություն, օրենսդիր իշխանություն, չորրորդ իշխանություն։ Այդպիսի՝ ըստ ամենայնի թույլ, հեղհեղուկ բնավորություններին, որոնք պատրաստ չեն իշխանության վայելքը դարձնել պետական գործունեության դրական խթան, սպառնում է բռնակալի ճակատագիրը, ինչին, ավաղ, մենք ականատես ենք լինում՝ արդեն։  Թույլ բնավորություններին թվում է, թե իրենք պիտի լինեն ամենուր․ նրանք որեւէ կասկած կամ մտահոգություն չունեն, որ այդկերպ կորցնում են այն տեղը, որտեղ իրենց լինելը նախասահմանված է, մեր հերոսի պարագայում՝ գործադիր իշխանության առաջին աթոռը։ 

Նա չունի նաեւ պատկերացումն այն բանի, որ ամեն անգամ, երբ իջնում է այդ աթոռից, որպեսզի «դառնա» առողջապահության նախարար, դատախազ, պարետ, «դառնա» ամեն ինչ, նույնիսկ իր իսկ՝ վարչապետի մամուլի խոսնակ՝ վայելելու նաեւ ա՛յդ մակարդակների իշխանական բերկրանքները, արդեն իսկ նսեմացնում է թիվ մեկ աթոռի պատկառելիությունը։
․․․2018-ի ապրիլ-մայիսին, ինչպես նաեւ հետո, որոշ խոհեմ մարդիկ փորձեցին ակնարկներով կամ բացահայտորեն հուշել Ն․ Փաշինյանին՝ մավրն արել է իր գործը, մավրը կարող է հեռանալ։ Հեղափոխական կառավարության ձեւավորումը 2018-ի խորհրդարանական ընտրություններից հետո՝ ոչ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, թերեւս կլիներ լավագույն լուծումը երկրի եւ ժողովրդի համար, սակայն դա ֆանտաստիկայի ժանրից էր՝ նկատի ունենալով Ն․ Փաշինյանի անհագուրդ իշխանատենչությունը եւ փառասիրության անմարելի ծարավը։ Եվ նա հենց այդպես՝ անհագուրդ կերպով էլ սկսեց իշխել բոլորի վրա, իշխել բոլորի փոխարեն եւ․․․ հոգնեց։
Այո, վարչապետը հոգնած է, չափազանց հոգնած է․․․ հեռանալու չափ։


Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ