Բժշկականի ուսանողները օնլայն դասընթացները ժամանակավրեպ էին համարում

Բժշկականի ուսանողները օնլայն դասընթացները ժամանակավրեպ էին համարում

Օրեր առաջ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  ուսանողները մեկը մյուսի հետևից ֆեյսբուքյան գրառումներով էին  հանդես գալիս, որոնցում  արտակարգ դրությամբ և տեղաշարի սահմանափակումներով պայմանավորված անցկացվող օնլայն դասընթացները ժամանակավրեպ էին համարում։

«Հարգելի համալսարանի ղեկավար կազմ, օրեր առաջ դուք էիք հորդորում այս դժվարին պահին ուժերի կոնսոլիդացման,անձնական շահը չգերադասելու և համամարդկային արհավիրքի դեմ պայքարելու,փոխարենը ըմբռնումով մոտենալու և վստահելու ձեր փորձառու գիտակներին: Վստահեցինք,սակայն հատկապես ավարտական կուրսը բախվեց բացահայտ անհարգանքի ձեր կողմից,մենք այսօր մեջ խեղդելով անասելի ցանկությունը մասնակիցը դառնալ այդ սուրբ պարտավորությանը հանդիպում ենք ոչ ադեկվատ իրավիճակի,մի կողմից ձեր մարդասիրական կոչերը,մյուս կողմից ապարդյուն որոշումները: Հարգելիներս քաղաքակրթությունը ենթադրում է մոտենալ իրավիճակին ինդիվիդուալ և գիտակցելով  կլինիկական առարկաների(այն էլ ավարտական կուրսում,այն էլ 2 հերթով) օնլայն անցկացնելու ժամանակավրեպությունը,այնուամենայնիվ դուք փաստացի թույլ չեք տալիս մեզ իրացնել մեր բժշկական և մարդասիրական իրավունքները:Ցավում եմ,որ ձեզ համար միևնույնն է թե ինչ թիրախային լսարանի հետ գործ ունեք»,- գրել էր բժշկականի ուսանողներից մեկը։
«Հրապարակի» հետ զրույցում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը նշեց , որ այս պահին տեղի ունեցող օնլայն դասընթացներին այլընտրանք ուղղակի չկա։

«Մենք հիմա արտակարգ դրության մեջ ենք գտնվում և պետք է կարողանանք ուսումնական պրոցեսը կազմակերպել։ Այս պահին կազմակերպման միակ ձևը օնլայն ուսուցումն է, ուրիշ տարբերակ չկա։ Մենք հետաձգել ենք վարձավճարները, բոլոր զիջումներին գնում ենք, բայց ուսումնական պրոցեսը դադարեցնելու տարբերակ չկա։ Մի տարբերակ կա, որ իրենց առաջարկել ենք՝ ակադեմիական արձակուրդ, դա էլ իրենք չեն ուզում»,-նշեց Դանիելյանը։

Նրա խոսքով՝ բողոքավոր ուսանողների խնդիրը կապված է  ցիկլային պարապմունքների, որի ժամանակ ուսանողները հիվանդներ են տեսնում։
« Աստված տա ամեն բան ավարտվի, ամեն ինչ կարգին լինի, մենք իրենց ասել ենք, որ, ասենք, այդ պարապմունքները պետք է անցնեին երրորդ կուրսում, 4-րդ կուրսում մենք այդ ծրագիրը կտանք։ Եթե անկեղծ լինեմ, այդպես համատարած բողոք չկա, մի քանի ուսանողներ, որոնց ինչ անենք բողոքում են, իրենք էլ ուսանող են, ես իրենց հասկանում եմ»,- ասաց Շուշան Դանիելյանը։
Դանելյանը հավելեց, որ ամեն դեպքում ուսանողների հետ ընդհանուր հայտարարի են եկել, ամեն ինչ հստակեցվել է։