«Ձայն»․ ազատական պահպանողական նոր կուսակցություն կհիմնադրվի

«Ձայն»․ ազատական պահպանողական նոր կուսակցություն կհիմնադրվի

Մարտի 21-ին «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում տեղի կունենա նոր ձևավորվող քաղաքական ուժի՝ «Ձայն» կուսակցության հիմնադիր համագումարը։

Նորաստեղծ կուսակցության հիմնադիրների թվում է նաև «Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արուսյակ Հայրապետյանը։

Նոր ձևարվելիք կուսակցության մասին քիչ բան է հայտնի, իսկ Հայրապետյանը դեռ չի ցանկանում փակագծեր բացել՝ այն թողնելով հիմնադիր համագումարի ժամանակ։ Տիկին Հայրապետյանը գիտնական, ֆենոլոգիայի և կենսաբանության բառարանների և հետազոտությունների հեղինակ, Երևանի պետական համալսարանի նախկին դասախոս, գիտությունների թեկնածու, դոկտոր-պրոֆեսոր Ֆելիքս Հայրապետյանի դուստրն է։ Հայրապետյանը «Հիմնադիր խորհրդարան» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամներից է եղել, ում նախաձեռնությամբ 2016 թվականին բացվել է «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամը։ 

Կուսակցությունը հիմնադրելու է համանուն քաղաքական նախաձեռնությունը։

«Ձայնն» ունի նաև ֆեյսբուքյան էջ, որտեղ սուղ տեղեկություններ կան ձևավորվելիք կուսակցության քաղաքական ուղղության մասին։ «Քաղաքացու բարձրագույն արժևորմամբ, 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությանը ներկայացված մարտահրավերներին լավագույն պատասխան տալու կարողությունն ունեցող, քաղաքացու իրավունքներին ու ազատություններին միտված, ազատական պահպանողական, կենտրոնից աջ, կուսակցություն է», - նշված է ֆեյսբուքյան էջում: 

Կուսակցությունը դիրքավորվում է «որպես քաղաքական բազմակուսակցական ժողովրդավարական պետական համակարգի մի մաս»։ Կուսակցության հիմնադիրների թվում են նաև նոր այլ դեմքեր՝ Վահագն Մկրտչյան, Վարդան Ավետիսյան, «ՖՐԻԵՆԴ» վեբ ծրագրավորման ընկերության Շուկայավարման (Մարքեթինգ) նախկին մասնագետ Նորայր Ղլիջյան, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու, «ՍԻՆԵՐՋԻ Ինթերնեշնլ Սիսթեմ» (“SYNERGY International Systems’’) ծրագրային (software) լուծումների համաշխարհային մատակարար կազմակերպության հայաստանյան գրասենյակի Պրոդուկտի ավագ ղեկավար Խաչիկ Բադեյան, Աշխեն Քալաշյան, Արամ Թադևոսյան, Տաթև Սայադյան, Ալլա Գրիգորյան։

Մարտի 16-ին՝ Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի օրը կուսակցությունը հայտարարություն էր տարածել օրվա առթիվ։ «Ամենևին դեմ չլինելով Մոսկվայի պայմանագրի հակահայկական կետերի առ ոչինչ ճանաչելուն և Կարսի պայմանագիրը չեղարկելուն՝ մենք խնդրի էությունը տեսնում ենք ոչ թե հենց այդ պայմանագրերում, այլ 1920 թ. օգոստոսի 10֊ի Մոսկվայում կնքված հայ֊ռուսական համաձայնագրի և 1920 թ. դեկտեմբերի 2֊ին Խորհրդային Ռուսաստանի կողմից պարտադրված Երևանի պայմանագրի մեջ։ Վերջինիս 3֊րդ կետում մանրամասն ներկայացված է, թե ինչ տարածքներ է իրենում ներառելու Խորհրդային Հայաստանը։

Ինչպես պարզորոշ կերպով երևում է սույն համաձայնագրից, Խորհրդային Հայաստանը չէր ներառելու Նախիջևանը, Կարսի մարզը, Լեռնային Ղարաբաղը և Ախալքալաքի, Ծալկայի ու Խրամի շրջանները։ Ընդհանուր առմամբ, 1921 թ. ռուս֊թուրքական Մոսկվայի պայմանագիրը կրկնում է 1920 թ. դեկտեմբերի 2֊ի հայ֊ռուսական Երևանի պայմանագրի կետերը տարածքային իմաստով, ինչը վերջնականապես ամրագրվեց նաև Կարսի պայմանագրում և ստորագրվեց Խորհրդային Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից», - նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ նախքան Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը չճանաչելն ու չեղարկելն անհրաժեշտ է մասնագիտական փորձագիտական խմբերում խորքային քննարկումներ անցկացնել և հասկանալ այդ պայմանագրերի էությունը, դրանք ամբողջովին կամ հակահայկական հոդվածների մասով չճանաչելու կամ չեղարկելու հնարավոր հետևանքներն ու քաղաքական֊դիվանագիտական զարգացումները և հնարավորությունները՝ հատկապես այն, թե ինչ խնդիրներ դա կարող է լուծել կամ ստեղծել։  

Ինչ վերաբերում է Հայ-ֆրանսիական Առևտրաարդյունաբերական պալատին, ապա այն Հայաստանում հիմնադրվել է 2011 թվականին, ոչ առևտրային հիմնադրամ է: «Պալատի կատարած ողջ աշխատանքը նպաստում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, խթանում Հայաստանում ընկերությունների ստեղծումը և հայկական ձեռնարկություններ զարգացնելու միջազգային ներուժը: ՖՀԱԱՊ-ն ֆինանսավորվում է իր անդամների կատարած անդամավճարներով, ինչպես նաև իր կատարած բիզնես ծառայությունների դիմաց վարձատրություն ստանալով», - նշված է հիմնադրամի պաշտոնական կայքի «Մեր մասին» բաժնի «Դերը և առաքելությունը» ենթաբաժնում: 

Հիմնադրամն աջակցում է ֆրանսիական և հայկական ընկերություններին՝ տրամադրելով նրանց առևտրային ծառայություններ, խորհրդատվություն, ֆինանսական ռեսուրսների կառավարում՝ ընձեռելով տվյալ ոլորտում բազում կապեր հաստատելու լայն հնարավորություն: «Հիմնադրամը նաև ներկայացնում, պահպանում, առաջ է մղում և տարածում Ֆրանսիայի իմիջը Հայաստանում՝ կազմակերպելով տարատեսակ առևտրային միջոցառումներ և ֆորումներ՝ իր հերթին մասնակցելով դրանց», - նշվում է հիմնադրամի դերի և առաքելության մասին։

ՀՖԱԱՊ-ն սերտ մշակութային, տնտեսական և սոցիալական կապեր ունի Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանատան և «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի հետ: Այն նաև անդամակցում է Ֆրանսիա Միջազգային Առևտրաարդյունաբերական Պալատի (CCI FI) ցանցին, որը միավորում է 126 Առևտրաարդյունաբերական Պալատներ 95 երկրներում և Բիզնես Ֆրանսի արտոնյալ գործընկերն է:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարելի է ենթադրել, որ «Ձայնը» հանդես կգա որպես արևմտյան արժեքներ կրող կուսակցություն, ԱՄՆ-ի, Եվրոպական Միության, մասնավորապես՝ Ֆրանսիայի հետ հարաբերությունները խորացնելուն կողմ քաղաքական ուժ։