Ինչո՞ւ են ՀԿ-ները պահանջում ոստիկանապետի հրաժարականը, ինչո՞ւ են նրանք 4 տարի լռել

Ինչո՞ւ են ՀԿ-ները պահանջում ոստիկանապետի հրաժարականը, ինչո՞ւ են նրանք 4 տարի լռել

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը շարժել է ոչ միայն շարքային քաղաքացիների զայրույթն, այլև` սորոսականների: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` «ախչի» անվանելով քարշ տվեցին Եռաբլուրում զոհված զինծառայողների սևազգեստ մայրերին, սրան հաջորդեցին տարբեր իրավապաշտպանների, ՀԿ-ների հայտարարությունները: Բայց նրանք ոչ այնքան իշխանություններին են դատապարտում եւ Նիկոլ Փաշինյանին մեղադրում, այլ կենտրոնացել են ոստիկանապետ Վահե Ղազարյանի վրա:

Բանը հասավ նրան, որ շուրջ 35 հասարակական կազմակերպություն պահանջեցին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի պաշտոնանկությունը: Հայտարարության մեջ ասվում է, թե ոստիկանության՝ նման ոճով ղեկավարումը ոչ միայն չի բխում 2018 թվականի հեղափոխության և, առհասարակ, ժողովրդավարության արժեքներից, այլև համալրում է այդ արժեքներին հակասող ու նախկինում արձանագրված մի շարք պրոցեսների ցանկը (ինչպիսին է բարեփոխումների խոչընդոտումը, ներսում կոռուպցիայի դեմ պայքարի պակասը և հանցավորության դեմ արդյունավետ պայքարի անկարողությունը): Վահե Ղազարյանի պաշտոնանկությունն են պահանջում`  Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, նույն ինքը` Սորոսի գրասենյակը, Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, իշխանական «արբանյակ» Լևոն Բարսեղյանի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Լարա Ահարոնյանի «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն, Ժաննա Ալեքսանյանի «Լրագրողներ Հանուն մարդու Իրավունքների ՀԿ-ն, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և այլ կազմակերպություններ: Նկատենք նաև, որ նշված ՀԿ-ները և նրանց նախագահները հիմնականում ծպտյալ նիկոլականներ են, նրանց մի մասն ակտիվ մասնակցություն է ունեցել այս տարիներին երկրում իրականացվող շատ պրոցեսներին եւ հատկապես ակտիվ է եղել 2018 թվականի հեղափոխության ժամանակ:

Հարց է ծագում` ի՞նչ պատահեց, որ իշխանամետ քաղհասարակությունն այլևս չի ցանկանում տեսնել Վահե Ղազարյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնում: Տպավորություն է, թե Արևմուտքից նման հրահանգ են ստացել: Բայց բոլորն էլ քաջ գիտակցում են, որ այսօր Նիկոլ Փաշինյանի անվտանգության գլխավոր երաշխավորը ոստիկանապետն է եւ նա հնազանդորեն կատարում է վարչապետի հրահանգները: Ինչու այս մարդիկ չեն պահանջում հենց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որի իմացությամբ եւ գիտությամբ է կատարվում ամեն ինչ երկրում:

Մենք փորձեցինք հայտարարությունը ստորագրած 35 հասարակական կազմակերպություններից մի քանիսի հետ զրուցել, որոշ մանրամասներ ճշտելու եւ հասկանալու համար, թե նրանք ունե՞ն ոստիկանապետի իրենց կոնկրետ թեկնածուն, եւ ինչու են համոզված, որ Եռաբլուրում տեղի ունեցածը հենց Վահե Ղազարյանի հրահանգով է կատարվել:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայտարարության տեքստը բաց է` ավելացնելու ոչինչ չունի, այն հարցին, թե կա՞ Ձեր կողմից նախընտրելի ոստիկանապետի թեկնածու, նշեց, որ չկա:
«Լրագրողներ Հանուն մարդու Իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն էլ բավականին նյարդային տոնով, փոքր ինչ հուզված մեր հարցից ասաց. «Եթե տեքստը կարդացել եք, էլ ինչի՞ եք բան հարցնում ինձ»: Մենք նաև հետաքրքրվեցինք, ո՞ր ՀԿ-ն է Ղազարյանի պաշտոնանակության պահանջի գաղափարն առաջարկել, Ալեքսանյանը նշեց` «Բայց դա ի՞նչ կապ ունի, մեկն ուղարկել է, միացել ենք»: Հարցին, թե ունե՞ք ոստիկանապետի նախընտրելի թեկնածու, նա նշեց` «Պարտադի՞ր է»: Որոշ ՀԿ-ներ էլ նշեցին, որ չեն ցանկանում խոսել, որովհետև ամեն ինչ տեքստում ասել են, ավելացնելու ոչինչ չունեն: Տպավորություն է, թե նրանց հրահանգ է իջել, որ պետք է պահանջեն Ղազարյանի հրաժարականը, նրանք դա անում են` առանց իրենց պահանջի իմաստն ամբողջությամբ հասկանալու:

Իհարկե, Վահե Ղազարյանը պետք է պատժվի եւ պաշտոնանկություն պահանջելն օրինաչափ է: Բայց նման պահանջ պետք է սորոսականները ներկայացնեին նաեւ այն ժամանակ, երբ ոստիկանները միտինգների մասնակիցներին էին քաշքշում, ոստիկանություն տանում, քրեական գործեր հարուցում, ինչպես պետք է պահանջեին դատախազի հրաժարականը` երբ քաղաքական գործիչներին իրենց հայացքների համար հետապնդում էին եւ քրեական գործեր հարուցելով` կալանավորում: Նրանք պետք է իրենց ձայնը բարձրացրած լինեին ի պաշտպանություն ՏԻՄ ընտրություններում հաղթած Մամիկոն Ասլանյանի, որին կալանավորել են, որ համայնքապետ չընտրվի: Պետք է աղմկեին ոչ իշխանական համայնքապետերի նկատմամբ իրականացված հետապնդումների ժամանակ: Պետք է պահանջեին, որ պատժվեն Ազգային ժողովում ընդդիմադիրներին ծեծող ՔՊ-ական պատգամավորները եւ առարկեին քրեական գործի հարուցումը մերժելու դեմ: Այս 4 տարվա ընթացքում բազմաթիվ նման առիթներ են եղել, երբ հասարակական կազմակերպությունները կարող էին ընդվզել ու հրաժարականներ պահանջել, սակայն նրանք լռել են....