Արդյո՞ք դա Գոհար մայրիկն էր, ում հաճախ հիշում էի

Արդյո՞ք դա Գոհար մայրիկն էր, ում հաճախ հիշում էի

44-օրյա պատերազմից հետո մի օր՝ ոչ արարողակարգային, Եռաբլուր էի գնացել։ Ուշադրությունս անմիջապես գրավեց սևազգեստ մի կին, ով գրկել էր անշունչ քարը ու լաց էր լինում։ Անխոս հետևում էի։ Կինը լուռ մոտեցավ մի այլ շիրմաքարի, ծաղիկներ դրեց ու էլի սկսեց լաց լինել։ Սարսափով մտածեցի՝ երևի երկու որդի է կորցրել։ Երբեմն մարդ իր ներկայության մեջ էլ է ցավացնող բան զգում, ու ես փորձում էի աննկատ մնալ, բայց երևույթն ինձ անսովոր էր թվում, ու ես չէի կարող անտարբեր մնալ։ Սևազգեստ կինը այլ շիրմաքարերի էլ  մոտեցավ ու ամեն շիրմաքարի վրա արցունք էր թափում։ Ծանր էր մոտենալը, բայց չհասկանալն էլ բանի նման չէր։ Ասեմ, որ ինձ թվում էր, թե այդ կինը չի տեսնում, չի լսում, չի զգում, հայացքը միայն շիրմաքարերի վրա էր։ Երևի իմ շփոթմունքը նկատել էր քիչ հեռու գտնվող մի սևազգեստ մայր, որ մոտեցավ ու կամաց ասած՝ տղան անհայտ կորած է, գալիս բոլոր շիրիմների վրա լացում է։ Մենք էլի գերեզման ունենք, գալիս, լացում ենք, բայց ինքը ո՞ր քարը տա գլխին։ 

Հետո շատ եմ մտովի անդրադարձել անհայտ կորածի մորը, որի անունն անգամ չիմացա։ Երեկ, երբ ոստիկանները քաշքշում էին սևազգեստ մորը, իսկույն այդ դիպվածը հիշեցի։ Շիրմաքարերի վրա մայրը գլուխը կախ էր լաց լինում, դեմքը ծածկած, ու ես չէի կարող հասկանալ՝ արդյո՞ք դա այն կինն էր, որին Եռաբլուրում տեսել էի։ Արդյո՞ք դա Գոհար մայրիկն էր, ում հաճախ հիշում էի։ Հայաստանը դարձել է սգակիր Գոհար մայրիկների մի ընդհանրություն, երբ մայրերը փնտրում են, փնտրում․․․ու չեն գտնում։ 

Որոնողականում շատ կցկտուր ու քիչ բան կար նրա որդու մասին։ Իմացա, որ նրա որդին 24 տարեկան է եղել, երբ մեկնել է պատերազմ։ Արայիկ Բաղդասարյանը սեպտեմբերի 28-ին կամավորագրվել էր Արցախ մեկնելու համար, զինկոմիսարիատում ասել էին՝ սպասիր, երբ անհրաժեշտություն լինի, կկանչենք։ Արայիկը, սակայն, չէր համբերել․ «Նույն օրը բժիշկների խումբ է գտել, որոնք Արցախ էին գնում, իրենց հետ գնացել է, ծնողներին էլ  չի ասել, թե որտեղ է»։ Երբ մայրը հարցրել է՝  որտե՞ղ ես, որդին պատասխանել  է՝ «քո տղան որտե՞ղ պիտի լիներ»։  Նրա վերջին գրառումը եղել է հոկտեմբերի 2-ը՝ ամեն ինչ լավ է ,- գրել է քրոջը։ Մեկ շաբաթ անց ընտանիքը պատերազմին մասնակցած ծանոթից լսել է, որ Արայիկին վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 4-5-ին Հողաթաղ գյուղում։ Հետո անարդյունք փնտրտուք, անտարբերություն՝ Թեժ գծից ՊՆ, ՊՆ-ից կառավարություն ու մի ողջ դժոխային հավիտենություն․․․

Հիշեցնենք, որ երեկ Եռաբլուրում ոստիկանները բռնի ուժ են կիրառել զոհված զինվորների ծնողների նկատմամբ՝ մայրերին նվաստացնող գործողություններով։