Բերեք էդ գնահատականը ես չտամ՝ դավաճանություն, դավադրություն

Բերեք էդ գնահատականը ես չտամ՝ դավաճանություն, դավադրություն

Պատերազմի տարելիցի թեմայով զրուցել ենք պաշտպանության նախկին նախարար, ԱԺ  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։

- Պարոն Օհանյան, պատերազմից մեկ տարի է անցել, ի՞նչ ստացանք մենք այս մեկ տարվա ընթացքում, բացի սգալուց, բացի զոհերի հիշատակը հարգելուց, եթե դրա պատասխանատուներն ու մեղավորները մինչ օրս բացահայտված ու պատժված չեն։ 

- Նախեւառաջ ես գտնում եմ, որ մինչեւ հիմա մեր պետությունում եւ համապատասխան գերատեսչություններում տրված չէ այն գնահատականը, որն ուղղված պետք է լիներ տարածաշրջանային եւ ռազմաքաղաքական իրավիճակին, աշխարհաքաղաքական զարգացումներին համընթաց մեր գործողություններին, տարածաշրջանային դերակատարությունն ընդլայնելու եւ թուրք-ադրբեջանական տանդեմի, վարձկանների համագործակցությամբ կատարած հանցագործությանը հայ ժողովրդի եւ հատկապես արցախյան հատվածի նկատմամբ եւ դրանից բխող հետեւանքներից դուրս գալու մեր խնդիրները։ Բարձիթողի վիճակի են, եւ մինչեւ հիմա էլ դրա պատասխանը չկա, ՀՀ սահմանների պաշտպանությունը եւ դրա ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու հատկապես դրա նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը։ Եվ ամենացավալին, որ այս հոգեբանական վիճակից դուրս գալու ելքերը դեռեւս որոշված չեն․ ես նկատի ունեմ զոհվածների, անհետ կորածների, գերիների քանակների ճշտումը եւ նրանց հարազատներին համապատասխան աջակցության ցուցաբերումն ու միջգերատեսչական համադրմամբ հատկապես անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքների իրականացումը։ Մենք տեսանք հետեւյալը, որ, անտեսելով բանակցային ամբողջ ներուժը, մեր երկիրը մտցվեց պատերազմի մեջ, պատերազմում պարտություն կրեցինք, եւ այդ պարտության պատճառներն անկազմակերպ լինելն է եւ պետության ամբողջ ներուժը ռազմական ռելսերի վրա չփոխադրելն է։

- Միայն անկազմակերպ լինե՞լն էր պարտության պատճառը, թե՞ նաեւ դավաճանությունն ու դավադրությունը դեր խաղացին։

- Գիտե՞ք, դավաճանության եւ դավադրության թեզերը միշտ էլ կան, եւ դրանք ես գտնում եմ, որ անպայման կբացահայտվեն համապատասխան աշխատանքներ տանելու ժամանակ եւ անկողմնակալ քննիչ հանձնաժողովի աշխատանքի, նաեւ իրավապահ ոլորտի աշխատանքի արդյունքում։

- Այսինքն՝ ընդդիմությունը շարունակո՞ւմ է պնդել, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի կողմից տեղի է ունեցել դավաճանություն կամ դավադրություն մեր պետության հանդեպ։

- Բերեք էդ գնահատականը ես չտամ, էլի, ես իմ խոսքի մեջ ասացի։

- Բայց թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն, որը, ինչպես պնդում էր ընդդիմությունը, Նիկոլ Փաշինյանն է, մեկ տարի անց ո՛չ պատասխանատվության է ենթարկվել, ո՛չ պատժվել է, ավելին՝ վերարտադրվել է։ Այս առումով մենք անելիք չունե՞նք։

- Մենք ամեն օր տեսնում ենք, որ այսօրվա իշխանություններն ինքնուրույն ի վիճակի չեն գնահատական տալու այսօր ստեղծված իրավիճակին, դրա համար ե՛ւ այսօրվա իրավիճակի համար, ե՛ւ պատերազմում կրած պարտության համար պատասխանատու են այսօրվա իշխանությունները։ Նրանք պետք է կազմակերպեին, համախմբեին, մոբիլիզացնեին ամբողջ ազգի ներուժը եւ ուղղեին Արցախը եւ Հայաստանը պաշտպանելու համար։ Ես սեպտեմբերի 26-ին ուղերձ եմ հղել, եւ այդ ուղերձի մեջ ամեն ինչ նշված է, որի մեջ առանձնակի նշել եմ բանակի զինծառայողների, մեր կամավորականների, երկրապահների կատարած սխրանքների մասին, եւ այս օրը, իհարկե, առաջին խոնարհումը պետք է լինի այն քաջարի զինծառայողների, երկրապահների, սպաների ընտանիքների հարազատների առջեւ, որոնք իրենց կյանքը զոհեցին հայ ժողովորդի արժանապատվությունը բարձր պահելու համար։ Մեր խոնարհումը բոլոր հերոսների առջեւ, բանակի զինծառայողների առջեւ։ Եվ, իհարկե, ամենամեծ ցավն ապրում են այն մարդիկ, որոնց հարազատները գերության մեջ են եւ անհետ կորածների ցուցակների մեջ։ Եվ այդ ցավը բոլորինս է։ Մենք՝ բոլորս, ցանկանում ենք, որ օր առաջ հայտնի դառնան նրանց ճակատագրերը, եւ գերիները հետ վերադառնան: