Հասարակություն

Խոջալուի թնջուկը. Հայացք ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից

Խոջալուի թնջուկը. Հայացք ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խոջալու ադրբեջանաբնակ բնակավայրի գրավումը հայկական զինուժի կողմից 1992թ. փետրվար ամսին Ադրբեջանում անվանում են «Խոջալուի ցեղասպանություն»: Միջազգային հարթակներում այդ դեպքերը որպես ցեղասպանություն ներկայացնելու համար Ադրբեջանը և Թուրքիան իրականացնում են մեծ ծավալի քարոզչական աշխատանք։ Եվ ո՛չ միայն քաղաքական հայտարարությունների մակարդակում։ Ներգրավվում է նաև գիտական հանրությունը: Ինչպիսի՞ն է մեր պատասխանը։

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս  է տեսել «Խոջալուի «ցեղասպանությունը» և դրա առաքելությունը Ղարաբաղյան կոնֆլիկտում» աշխատությունը: Գրքի հեղինակ պ.գ.թ.  Հրանուշ Խառատյանը մանրակրկիտ նյութերով ներկայացրել է  Լեռնային Ղարաբաղի ռազմական ուժերի կողմից իրականացված գործողությունների նախապատրաստությունը, իրերի ընթացքը և բնակչության ճակատագիրը:

 

Հրանուշ Խառատյան, պ.գ.թ.   ՀՀ ԳԱԱ  հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կիրառական ազգագրության խմբի ղեկավար։

Իրադրությունը։ Հրանուշ Խառատյան. «1991թ. դեկտեմբերի 26-ին և 1992թ. հունվարի 10-ին Խոջալուն զենքի նոր համալրում էր ստացել: Այնուհետև, 1992թ. հունվարի 28-ին Ադրբեջանի մինիստրների խորհրդի որոշմամբ Խոջալուն շոշափելի գումար է ստանում լրացուցիչ զենք-զինամթերք ձեռք բերելու համար՝ 5 միլիոն ռուբլի, որն ավելին է քան, օրինակ Կուբաթլուի և Քելբաջարի շրջանների համար (միասին) հատկացվածը: Միայն Շուշիի և «Գերանբո» վերանվանված Շահումյանի շրջաններն են ավելի մեծ գումար ստանում՝ 6 միլիոն ռուբլի: Ակնհայտ է, որ Խոջալուի ռազմավարական նշանակությունը խիստ մեծացել էր: Մի փոքրիկ բնակավայր հավասարեցվել էր Շուշիի և Շահումյանի շրջաններին:

Հասկանալի է՝ Խոջալուն դարձել էր Ստեփանակերտի բնակչությանը խեղդելու  միջոց: Քաղաքը նույնիսկ մթերք չէր կարող ստանալ այդ ճանապարհով՝ չխոսելով արդեն հրետակոծության պատճառով  նկուղներում գոյատևող բնակչության մասին»: 

Զոհերի խնդիրը։ Հրանուշ Խառատյան. «Ադրբեջանցի պատմաբանների կողմից չի ասվում որևէ խոսք այն մասին, որ խաղաղ բնակչության հեռանալու համար մարդասիրական միջանցք է տրամադրվել: Շատերն են այդ միջանցքով՝ Ասկերանով, Աղդամ  հեռացել: Ցրտահարության, խառնաշփոթի և փոխհրաձգության զոհ են դարձել այդ միջանցքից խուսափողները: Հենց ադրբեջանցիների հուշերում է խոսվում այն մասին, թե ինչպես են քաղաքագլխի և օդանավակայանի ղեկավարի առաջարկով շեղվել մարդասիրական միջանցքից և անտառով փորձել գնալ Աղդամ: Ադրբեջանցիների հուշերում մանրամասն խոսվում է այն մասին, որ այս խումբը զինված է եղել: Տեղի է ունեցել փոխհրաձգություն:  Նշվում է նաև զինտեխնիկայի մասին, որը հայկական կողմը չուներ:

Բուն Խոջալու բնակավայրում քիչ մարդ է զոհվել՝ մոտ քսանը, ընդ որում՝ սա երկու կողմի զոհերի թիվն է:  Չինգիզ Մուստաֆաևին փետրվարի 28-ին Աղդամում ասել էին, որ ողբերգությունը նկարահանելու համար լավ կլինի գնալ «մարտի դաշտ»՝ Խոջալու: Նա ադրբեջանցիներից առաջինն է, որ բնակավայրը գրավվելուց հետո մտել է քաղաք:

 Բնակավայրից կադրեր չի ցուցադրել. ապրիլ ամսին Ադրբեջանի արդեն նախկին նախագահ Այազ Մութալիբովին ասել է, որ Խոջալուում դիակներ չի նկարահանել, որովհետև դրանք պարզապես չեն եղել: 

Ուշագրավ է, որ անընդհատ խոսելով Խոջալուում «հազարավոր բնակիչների զոհվելու» մասին, Խոջալուից դուրս եկած բնակիչները չեն հիշատակում կոնկրետ Խոջալուում զոհված ազգականի, բարեկամի, հարևանի, ծանոթի մասին: Բոլոր հիշատակված զոհերը Խոջալուից դուրս գալուց հետո անտառներում մահացածները և ճանապարհի ընդհարումներից զոհվածներն են»: 

Ադրբեջանական «պատմաբանների կողմից Խոջալուի դեպքերի փաթեթավորումը որպես ցեղասպանություն»։ Ադրբեջանը ճիգեր չի խնայում Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանություն ներկայացնելու համար։ Գրքում մանրամասն անդրադարձ է արվել այս խնդրին։ Հրանուշ Խառատյանը նշում է, որ ադրբեջանական հրապարակումներում բուն անվանումից զատ առանձնակի տերմինաբանություն չի կիրառվում: Համակարգված ձևով օգտագործվում են 1915թ. Հայոց ցեղասպանության նկարագրությունները և տեքստերի պատրաստի մասնագիտական լեզուն՝ «զանգվածային կոտորած», «անզեն բնակչություն», «20-րդ դարի ամենամեծ ողբերգություն» և այլն:

Հարցի՝ գիտական ուսումնասիրությունը։ Հրանուշ Խառատյան. «Իրականում ոչ մի գիտական հոդված Խոջալուի բնակչության ողբերգության մասին միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում չի տպագրվել: Համենայն դեպս ինձ այդպիսին հայտնի չէ: Այսպես կոչված «միջազգային հարթակում» հայտնի աշխատանքները, որոնցում Խոջալուին մեծ կամ փոքր անդրադարձ կա, զետեղված են միայն մենագրություններում կամ ժողովածուներում:» 

Ցավոք, ցայսօր միջազգային հեղինակավոր ամսագրերում հարցի վերաբերյալ գիտական որևէ հոդված չեն հրապարակվել նաև հայերիս կողմից։ Հրանուշ Խառատյանը նշում է, որ այդ խնդիրը հրատապ է և անգամ՝ ուշացրած:

Մենագրության մեթոդաբանության վերաբերյալ։ Բացի պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունը, գրքում ներկայացվում են նաև գործողություններին մասնակցած հայերի բանավոր հուշերը, ձեռագիր հատվածներ են մեջբերվում նաև վկաներից մեկի օրագրերից: Գիրքը միակողմանի խոսք չէ, այստեղ նաև Խոջալուից հեռացած ադրբեջանցիների հուշեր կան: Չնայած պատմվող տարբերակները մեկը մյուսին հակասում են, այդուամենայնիվ, դրանք ժամանակի ընթացքում վերախմբագրվել են և դարձել ադրբեջանական քարոզչամեքենայի շարժիչ ուժը:

Հրանուշ Խառատյան. «Ադրբեջանցի «պատմաբանների» հղման սիրված հեղինակ է ԱՄՆ Ջոն Հոպկինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Սվանտե Կոռնելը: Նա հանգիստ կեղծում է գրավելու պահին Խոջալուում բնակչության թիվը՝ 3000-3500-ի փոխարեն գրելով «7000 բնակչության» մասին։  Հատկանշական է, որ Սվանտե Կոռնելը խոսում է Խոջալուի զոհերի՝ հնարավոր 1000 մարդու մասին, չնայած դեռևս 1992թ.-ին Ադրբեջանը հայտարարել է պաշտոնապես ընդունված թվերը և հրատարակել զոհված/մահացած 509 մարդու անվանական ցանկ»: 

Հայագիտական մտքի միջազգայնացումը հրատապ անհրաժեշտություն է։  «Խոջալուի «ցեղասպանությունը» և դրա առաքելությունը Ղարաբաղյան կոնֆլիկտում» գրքի ռուսերեն տարբերակը տպագրության փուլում է, անգլերենը՝ խմբագրվում է: Ինպես նշում է աշխատության հեղինակը՝ միջազգային հեղինակավոր ամսագրերում հարցի վերաբերյալ գիտական հոդվածների հրապարակման խնդիրը օրակարգում է։

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image